Լրահոս
Օրվա լրահոսը

Կայացավ ֆրանսահայ գրող, հրապարակախոս Դընի Դոնիկյանի «Աղբաստան» գրքի շնորհանդեսը

Մայիս 15,2014 20:20

«Մի երկիր հասնում է իր ժողովրդավարական տարիքին, երբ կանայք այնտեղ ծիծաղում են ավելի, քան լալիս»,-գրված է այս գրքում:

Դընի Դոնիկյանը կանանց ծիծաղի լիությամբ է կարևորում ցանկացած երկրի ժողովրդավարությունը: Գիրքը բաղկացած է և՛ քաղաքական, և գեղարվեստական մասերից: Հեղինակը «Աղբաստան» վեպը նվիրել է Հայաստանի և այլ վայրերի բոլոր լրագրողներին, ովքեր պայքարում են կամայականությունների դեմ ՝ հաճախ վտանգում իրենց կյանքը:

Դընին՝ բանաստեղծ, տասնյակից ավել գործեր է հրապարակել: Սրտացավ քննադատություններ է արել: Հայաստանում իրեն ճանաչում են 1969 թվականից: Սովորել է Երևանի պետական համալսարանում:

«Աղբաստան» գրքի թարգմանության խմբագիր Անահիտ Ավետիսյանը խոսելով Դընիի մասին՝ նշեց. «Վերջին մի քանի տարում մի նոր բան է մոգոնել Դընին: Գիրքը հայկական ներքին խոհանոցի մասին է: Գրված է ժողովրդական միջին մակարդակով՝ լեզվով, որով, սովորաբար, մարդիկ կարող են խոսել իրար հետ: Նախատեսված էր, որ գիրքն ավելի շուտ լույս  տեսներ, սակայն որոշակի խնդիրներից ելնելով՝ մի փոքր ուշ է լույս տեսել: Գիրքը բաղկացած է քաղաքական և գեղարվեստական մասերից: Այն առաջին վեպն է, որը Ֆրանսիայում 15 լավագույնների մեջ է ընդգրկվել»:

Գրող Մարինա Պետրոսյանը գրքի վերաբերյալ հայտնեց իր տեսակետը. «Ես գիրքը մի քիչ արագ եմ կարդացել, բայց իմ կարծիքով ամբողջությամբ ըմբռնել եմ: Գրքում շատ պարզ տեսնում ես, որ վերջում մարտի մեկն է: Հեղինակը հույս ուներ, որ պիտի ազդեր ընտրությունների վրա: Գիրքը բավական հուսահատ տեքստ է, որը կարող է մարդկանց նյարդայնացնել: Ես չեմ կարողանում հասկանալ այդ իմաստով իրեն: «Աղբաստանը» սիմվոլ է, կարծես, բայց այդ տեսակի մեջ, որ նայում ես, կարծես, բոլորն են աղբի մեջ: Գրքում միայն պոզիտիվի մասին չի խոսվում: Այդ մոտեցումն ինձ համար մի փոքր նյարդայնացնող է»:

Կարծիքներ արտահայտվեցին, որ այս վեպով հեղինակն անդրադարձել է երևանյան վիճակին, որը, կարծես աղբի մեջ է կորած: Խոսվեց այն մասին, թե Երևանում ինչ խաչմերուկներ կան, իսկ վեպի վերջում հեղինակն իր կառուցածը քանդում է: Տիկին Պետրոսյանն այդ առնչությամբ ասաց. «Ոչ միայն փողոցներ կան, այլև հերոսներ կան: Հեղինակի մոտ հայացքը սփյուռքական է, որը ոչ այնքան հայկական իրականությունից է գալիս: Նա կռիվ չի տալիս հայկական իրականությունից: Կռիվն ընթանում է Սփյուռքի միջև, ինչ-որ տեղ էլ՝ ֆրանսիացու:

«Առավոտը» նկատեց, որ գրքում չի նշվում Երևան կամ Հայաստան անունը, այլ նշվում է քաղաքը: Այսինքն, վեպը դեռ փաստացի հանգամանք չէ այն մասին, որ խոսքը գնում է հենց Երևանի մասին: Գրքում կարող է պատկերված լինել նաև մեկ այլ քաղաք, որը, պարզապես, մեծատառով գրվում է «Քաղաք»:

«Գիրքը կոնկրետ Հայաստանի քաղաքական դեպքերի մասին է, որը հեղինակը վերցրել և օրիենտալիզմի է ենթարկել: Քանի որ դա շատ կարևոր հանգամանք է Հայաստանի համար, այդ իսկ պատճառով գիրքն այնպես է գրված, որ կարծես, բոլորը մի կետի վրա են հայտնվում, որն ինձ համար վիրավորական է»,-ասաց տիկին Պետրոսյանը:

Մեր այն հարցին, թե արդյոք գրքում միայն մարդուն չարացնող քաղաքականության պատկերն է արծարծված և արդյոք բացակայում է պոզիտիվ կողմը, տիկին Պետրոսյանը պատասխանեց. «Ո ՛չ: Ես ոչ մի պոզիտիվ պատկեր չեմ տեսնում այդ գրքում: Նույնիսկ, երբ կերպարը, հերոսը մահանում է, վերջում ասում է՝ Տեր ողորմեա, Տեր ողորմեա: Էլ որտե՞ղ մնաց պոզիտիվությունը»:գիր

Aravot.am-ի այն հարցին, թե՝ այնուամենայնիվ ո՞րն է վեպի նպատակը և ինչու՞ են վեպի վերաբերյալ հնչում միայն նեգատիվ կարծիքներ, Դընի Դոնիկյանը, որի հետ կապ հաստատեցինք տեսազանգի միջոցով, պատասխանեց. «Գրքի քննադատության վերաբերյալ շատ են խոսում, նեգատիվության մասին նույնպես, սակայն դա առողջությամբ սխալ է: Թեման ինքնին բազմակի է՝ կա քաղաքական վեպ, էկոլոգիական և ֆեմինիստական վեպ: Կանայք շատ մեծ դեր են խաղում գրքում, որում գլուխ կա, որտեղ վեպը դառնում է նաև կրոնական վեպ, որին մարդիկ ուշադրություն չեն դարձնում: Ի վերջո, իմ խորին համոզմամբ, դեմոկրատիան կարող է փրկել աշխարհը, երբ մեկը մյուսի ցավը կարող է կիսել: Շատ կարևոր է նշել,որ այն աղքատության մասին վեպ չէ, այլ կոռուպցիայի մասին է, բայց հատկապես վեպը դեմոկրատիայի մասին է, որտեղ ցույց է տրվում ռեժիմի գործը փրկելու պայքարը՝ դեմոկրատիայի միջոցով: Ի դեպ, հենց այդ պատճառով է, որ գիրքը ձոնվել է լրագրողներին, որպեսզի վերջում հաղթի դեմոկրատիան: Դրանից դուրս չեմ կարող ասել գիրքը պոզիտիվ է, թե նեգատիվ: Մի բան էլ կա, որ մարդիկ չեն նկատում: Դա այն է, որ գիրքը նաև հումորիստական է, որը հայ ընթերցողը պետք է հասկանա և ծիծաղից պոռթկա»:

Սերգեյ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031