Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ դատախազի կամ հարկայինի պետի փոխարեն Գյումրի բժիշկ չեն գործուղում

Մայիս 17,2014 14:40

Օրերս Գյումրու բժշկության պատմության մեջ գրանցվեց այս քաղաքի բնակիչների համար թերեւս ամենաանսպասելի փաստը. առաջին անգամ ճանաչում ունեցող բժիշկը, տվյալ դեպքում՝ սրտաբան Կարեն Միքայելյանը, թողնելով մայրաքաղաքային կյանքը, իր 3 հոգանոց ընտանիքով տեղափոխվեց Գյումրի` նորաբաց բժշկական կենտրոնում աշխատելու: Եվ սա այն դեպքում, երբ Երեւանի բժշկական համալսարանն ավարտած գյումրեցի ուսանողներն անգամ խուսափում են վերադառնալ ցեխերի մեջ թաղված հարազատ քաղաք` բժշկական որակյալ կադրերի լուրջ պակաս ստեղծելով: Նշենք, որ սրտաբանը Գյումրի է եկել ոչ թե կառավարության պաշտոնյաների հորդորով կամ պետական ֆինանսավորմամբ, մարզերի առողջապահությունը զարգացնելու ծրագրի շրջանակներում, այլ Գյումրու նորաբաց բժշկական կենտրոնի տնօրենի հրավերով ու խնդրանքով: Մինչդեռ հարկ է շեշտել, որ այդ նույն կառավարությունը փողեր չի խնայում Շիրակի մարզի բարձրաստիճան պաշտոնները մայրաքաղաքային կադրերով համալրելու համար: Հանրապետության երկրորդ քաղաքում չկա որեւէ կառույց, որի ղեկավարը լինի տեղացի` թե դատախազն է դրսից, թե ոստիկանապետն ու քննչականի պետը, թե հարկային տեսչության ու կադաստրի պետերը: Մի խոսքով՝ ինչպես գյումրեցիներն են ասում՝ նրանք մարմնով Գյումրիում են, հոգով ու սրտով` մայրաքաղաքում: Վերջիններիս գործուղելը, բնականաբար, թանկ է նստում պետության վրա, եթե անգամ պետությունը այս պաշտոնյաներից ոմանց ծառայողական բնակարաններով չի ապահովում, միեւնույն է` ստիպված է նրանց ծառայողական մեքենաների բենզինը լցնել, որը շատ դեպքերում սպառվում է մայրաքաղաքի բնակարաններից Գյումրի գնալ-գալու վրա: Մի՞թե պետությունը չի կարող հարկայինի պետ կամ դատախազ Գյումրի գործուղելու փոխարեն լուրջ բժիշկներ գործուղել, նրանց ծառայողական բնակարաններով ապահովել ու փոքր-ինչ շահագրգիռ պայմաններ ստեղծել աշխատելու համար, հատկապես, որ նրանց անհրաժեշտությունը օդ ու ջրի պես է:

Փաստենք, որ սրտաբան Կարեն Միքայելյանի` Գյումրի գալուց հետո մի քանի օրվա մեջ այս քաղաքում զգալիորեն նվազել է մահացության թիվը: Մինչ այդ Գյումրիի սուր ինֆարկտով տառապող հիվանդների մեծ մասը կամ մահանում էին մայրաքաղաք գնալու ճանապարհին, կամ մեծ գումարներ էին ծախսում` մայրաքաղաքում մնալու ու նաեւ սրտի վիրահատություններ տանելու համար: Գյումրիի բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը որոշ ծառայությունների ու մասնագետների պակասը բացատրում է նախկինում սարքավորումներ չունենալով, թեեւ փաստում է, որ դեռ կա լուրջ մասնագետների պակաս: «Այսօր, ցավոք, կա մի քանի մասնագիտությունների բաց՝ մենք պետական հիմնարկներում չենք ունեցել տոմոգրաֆիա, չենք ունեցել լապորոսկոպներ, չենք ունեցել կորոնորոգրաֆիա. պարզ է, որ այս ամբողջ սարքավորումների հետ կապված մասնագիտական առումով բացեր ենք ունեցել: Որոշ մասը լրացրել ենք մեր տեղի կադրերով, վերապատրաստմամբ, բայց լուրջ մասնագետների խնդիրներ կան, կարիք ունենք համալրելու: Որոշ բացեր պարբերաբար լրացնում ենք մյուս բուժհիմնարկների` «Գրիգոր Լուսավորիչի», Նորք-Մարաշի, «Էրեբունու» բժիշկների միջոցով: Նրանք օգնում են մեզ բացը լրացնել, նաեւ Երեւանից ենք փորձում մասնագետներ բերել Գյումրի՝ բնակության: Դուք արդեն տեսաք, որ այսօրվա մասնագետը ընտանիքով եկել եւ բնակվում է Գյումրիում: Նաեւ մասնագետներ են գալիս արտերկրից, օրինակ` հենց այս պահին մեր բուժհաստատությունում վիրահատություններ է կատարում սիրիահայ Ջոնի Հադադը, իսկ մեկ ամսից կգա նաեւ ԱՄՆ-ից մեր գյումրեցի Մութաֆյանը, որն ուզում է Գյումրու բժշկական կենտրոնում զարգացնել լապորոսկոպիկ վիրաբուժությունը, կսկսի վիրահատություններ ու նաեւ մասնագետների վերապատրաստումներ»,- ասում է Արմեն Իսահակյանը:

Մեր այն հարցին էլ՝ ինչո՞ւ կառավարությունը բժիշկների չի գործուղում, հիվանդանոցի տնօրենը տեղեկացրեց, որ իր գլխավորած կառույցը առողջապահության նախարարության հետ համատեղ ծրագիր ունի, որ ավարտող բժիշկներին պայմաններ ստեղծեն: Նրանք նախ պիտի պետության հաշվին անվճար սովորեն, օրինակ` սրտի վիրաբույժներին 5-7 տարի ժամանակահատված է պետք, որ մասնագետ դառնան, այնուհետ նրանք կգան ու առնվազն 5 տարի մարզերում կաշխատեն: Ըստ բժիշկ Իսահակյանի՝ իրենք սպասում են այդպիսի մի սրտաբանի Նորք-Մարաշից` նախարարության միջնորդությամբ:

Նշենք, սակայն, որ տարիների փորձը ցույց է տալիս՝ սա բավականին անարդյունավետ մեթոդ է, միգուցե Գյումրի ուղարկվող պաշտոնյաների վրա ծախսած փողերը որակյալ բժիշկներ հրավիրելու վրա՞ ծախսեն…

ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Լուսանկարում` ՀՀ նախագահի նվիրած սարքը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031