Լրահոս
Օրվա լրահոսը

«Իմ կյանքի ամենակարևոր ժամանակաշրջանը պատերազմի դժվարին տարիներն են եղել». Վարդան Դևրիկյան

Մայիս 20,2014 21:16

ԳԱԱ Գրականության ինստիտուտի փոխտնօրեն, Երկրապահ կամավորական միության անդամ Վարդան Դևրիկյանը 50 տարեկան է:

Այդ առթիվ այսօր Հայաստանի գրողների միությունում ցերեկույթ էր կազմակերպվել, որի շրջանակներում կայացավ նաև հոբելյարի՝ բոլորովին վերջերս «Զանգակ» հրատարակչության կողմից վերահրատարակված «Չսկսված և չավարտված պատերազմը» հոդվածների ժողովածուի շնորհանդեսը:

V.D

«Ես կարծում եմ, որ մտավորականի, գիտնականի համար իր կյանքի անցած ճանապարհն այն գրքերն ու գործերն են, որ նա հասցրել է ստեղծել, հետևաբար՝ իմ կյանքի փուլերը հարաբերվում են այն գործերի հետ, որոնք առավել նշանակալից են,- ասում է պարոն Դևրիկյանը,- իսկ իմ կյանքի ամենակարևոր և ինչ-որ տեղ նաև նվիրական ժամանակաշրջանը պատերազմի դժվարին տարիներն են եղել, երբ  ես իմ աչքով տեսա մեր ժողովրդի տառապանքը, մեր զինվորների հերոսականությունը, ինչն ինձ բավականին իմաստնացրեց և, կարծես, բացեց անցյալի պատմության էջերը: Ասում են՝ էքստրեմալ իրավիճակներում են շատ բաներ բացահայտվում, և, կարծես, պատմությունը տարբեր անդրադարձներով կրկնվում է: Ինձ համար պատերազմական տարիներն ամենաուսանելի տարիներն են: Շատերը կարծում են, թե բանակային, զինվորական տարիները անտեղի կորած տարիներ են, բայց դա այդպես չէ, դրանք այն տարիներն են, որոնք ամբողջացնում և առավել համակողմանի են դարձնում մարդու աշխարհայացքը»:

Հոբելյանական ցերեկույթին ներկա էին Վ. Դևրիկյանի ընկերները, գործընկերներն ու մարտական ընկերները, որոնք կարևորեցին նրա ակտիվ գործունեությունը տարբեր ոլորտներում, իսկ ՀՀ մշակույթի նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետ Սեյրանուհի Գեղամյանը ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի հրամանով պատվոգրով և «Գրիգոր Նարեկացի» հուշամեդալով պարգևատրեց Վ. Դևրիկյանին՝ հայ գրականագիտության զարգացման ասպարեզում ունեցած ներդրման համար:

Պարոն Դևրիկյանը պարգևատրվեց նաև Երկրապահ կամավորական միության կողմից՝ «Սպարապետ Վ. Սարգսյան» շքանշանով:

VV

Հայաստանի գրողների միության քարտուղար Պետրոս Դեմիրճյանն էլ, կարևորելով «Չսկսված և չավարտված պատերազմը» գրքի լույսընծայումը, ասաց. «Սովորաբար, պատերազմի մասին խոսելիս, հաճախ ենք մտահոգվում, թե այն ոգին, որ կար պատերազմի ժամանակ, հանկարծ չկորչի կամ ճաք չտա: Ցավոք, երբեմն-երբեմն ճաք տալու դրսևորումներ լինում են, և ահա, ես կարծում եմ, որ Վ. Դևրիկյանի այս ժողովածուն այն գրքերից մեկն է, որը պիտի դիմադրի այդ ճաք տալու երևույթին»:

Նկատենք, որ Վ. Դևրիկյանն իր «Չսկսված և չավարտված պատերազմը» հոդվածների ժողովածուն նվիրել է զինադադարի հաստատման 20-ամյակին: Այն առաջին անգամ հրատարակվել է 2004 թ. և նվիրվել է զինադադարի հաստատման տասնամյակին:

Կառուցվածքային առումով գրքում երեք շերտ է առանձնացնում Վ. Դևրիկյանը: Նախ` բերվում են զինադադարի հաստատումից քսան տարի անց գրված հոդվածները, ապա՝ զինադադարի հաստատումից տասը տարի անց գրվածները և, վերջապես, պատերազմական տարիներին գրված հոդվածները, որոնք հրատարակվել են մի շարք պարբերականներում:

 

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031