Լրահոս
Օրվա լրահոսը

«Երբեմն հարձակվել եմ լրիվ անտեղի, վախեցել եմ, լաց եմ եղել… Մարդկային գծեր են սրանք». Կոմանդոս

Մայիս 20,2014 23:04

Երևանի պետական համալսարանի հիմնադրման 95-ամյակի առթիվ կազմակերպվող միջոցառումների շրջանակներում ԵՊՀ պատմության թանգարանը և «Վարդանանք» ռազմահայրենասիրական դաստիարակության ակումբն այսօր կազմակերպել էին «Դասը վարում են ազատամարտիկները» խորագրով միջոցառում՝ նվիրված Շուշիի ազատագրման 22-րդ տարեդարձին:

Միջոցառմանը ներկա էին ազատամարտիկների ծնողներն ու կանայք, ԵՊՀ տարբեր ֆակուլտետների ուսանողներ, արցախյան հերոս Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս), «Կարին» համույթի ղեկավար Գագիկ Գինոսյանը, փոխգնդապետ Միքայել Միրզոյանը (Բեկ), ազատամարտիկներ Ֆելիքս Պողոսյանը, Իգոր Սարգսյանը և ուրիշներ:

nkar1

«Վարդանանք» ռազմահայրենասիրական դաստիարակության ակումբի տնօրեն Սաթենիկ Աբրահամյանը Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ այսպիսի դասեր իրենք պարբերաբար են կազմակերպում: Դասը վարում են և´ ազատամարտիկները, և´ համալսարանականները, հաճախ նաև զորամասերում են հանդիպումներ ունենում զինվորների հետ. «Սա ինչ-որ տեղ նաև սերունդների երկխոսություն է,- ասում է տիկին Աբրահամյանը,- որովհետև պատերազմից վերադարձած մարդիկ իրենց հետ բերել են խաղաղության, հաղթանակի համը, խանդավառությունը, և ես կարծում եմ, որ նրանք երիտասարդներին շատ բան ունեն ասելու, փոխանցելու, որովհետև մենք դեռ ոչ այն է խաղաղության, ոչ այն է պատերազմի մեջ ենք, մենք դեռ զինվորներ ենք կորցնում մեր սահմաններում: Այնպես որ, այս երեխաները համալսարանում գոնե կամքով պիտի ամրանան, որպեսզի տղաները կարողանան ազգային բանակում լավ ծառայել, իսկ աղջիկները կարողանան թիկունքը լավ պահել: Մեր հույսը մեր բանակն է, և մենք ամեն ինչ անում ենք, որ ազգային բանակը երիտասարդների մեջ ամրանա, ու նրանք հպարտանան, որ ծառայել են հայոց բանակում»:

Միջոցառմանը ռազմահայրենասիրական շունչ հաղորդեցին «Կարին» համույթի հաղթական պարը, ինչպես նաև «Վարդանանք» ակումբի սաների կողմից Շուշիի ազատագրմանը նվիրված ասմունք-բեմականացումը, որի մասին Aravot.am-ի հետ զրույցում ԵՊՀ պատմության թանգարանի տնօրեն Հեղինե Գասպարյանն ասաց. «Այդ բեմականացումն ամեն անգամ դիտելիս իմ ներսում այնպես է բոցավառվում հայրենասիրական կրակը, որ այդ պահին ես կարող եմ զենք վերցնել ու գնալ թուրքի դեմ»:

Տիկին Գասպարյանը շատ է կարևորում այսպիսի միջոցառումները, երբ ուսանողները հնարավորություն ունեն հանդիպելու ազատամարտիկների հետ. «Միջոցառման նպատակը երիտասարդների, ուսանողների մեջ հայրենասիրական անթեղված կրակի բոցավառումն է, երիտասարդ սերնդին պետք է ճիշտ ուղղորդել»,- ընդգծեց նա:

Արկադի Տեր-Թադևոսյանն էլ ասաց, որ շատ կցանկանար տարիներ անց այս դահլիճում նստած տեսնել իր թոռնիկներին. «Եվ շատ կուզեի տեսնել, թե դուք ինչպես եք նրանց մեջ մեր հողերը հետ բերելու կամք դնում»,- հավելեց պարոն Թադևոսյանը:

Ուսանողներից մեկի հարցին, թե Կոմանդոսը մարտի դաշտում երբևէ սխալվե՞լ է, արցախյան հերոսը պատասխանեց. «Սխալն էլ, վախն էլ մարդուն բնորոշ են: Շատ եմ սխալներ արել. երբեմն հարձակվել եմ լրիվ անտեղի, վախեցել եմ, փախել եմ, լաց եմ եղել… Մարդկային գծեր են սրանք»:

 

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031