Լրահոս
Օրվա լրահոսը

Երբ քաղաքական գործիչը պատասխան չունի` լրագրողը դառնում է «պատվեր կատարող»

Մայիս 26,2014 23:30

Քաղաքական գործիչներից ոմանց, երբ ոչ իրենց սրտով հարց է ուղղվում, տվյալ գործիչն անմիջապես լրագրողի «ականջների ետեւում» սկսում է թշնամի փնտրել, ասելով, իբր լրագրողը պատվեր է կատարում: Նման իրավիճակում շատ լրագրողներ հայտնված կլինեն. ինքս էլ շատ եմ լսել «պատվեր կատարելու» մասին քաղաքական գործիչների անհիմն ու առավելեւս` առանց փաստերի մեղադրանքներ: Առաջին անգամ, երբ հարց ուղղեցի պետական պաշտոնյայի, որին ակնհայտորեն հարցս դուր չեկավ, վերջինս ինձ մեղադրեց պատվեր կատարելու մեջ, այդ ժամանակ շատ վիրավորվեցի: Հետո ընդդիմադիր շատ հայտնի գործիչներից մեկին կրկին ոչ իր սրտով հարց ուղղեցի, գրեթե նույն պատասխանը լսեցի` «Ես հասկանում եմ ձեր հարցի ենթատեքստը, հասկանում եմ որտեղից է պատվերը…»: Մինչդեռ ցանկացած քաղաքական, հանրային դեմք, եթե տիրապետում է իրավիճակին, եթե, չասեմ հրեշտակի պես մաքուր է, բայց գոնե պրոֆեսիոնալ է իր գործում, ապա ակնկալվում է, որ նորմալ, սպառիչ պատասխան պիտի տա լրագրողի ցանկացած հարցի, ընդ որում, որքան էլ անհեթեթ հարց լսի: Իսկ եթե անհեթեթ կամ հիմար հարց է հնչում, ապա քաղաքական գործիչն առնվազն  հնարավորություն ունի իր նորմալ պատասխանով լրագրողին ապացուցել, որ ինքն իրոք քաղաքական լուրջ դեմք է, ու, ինչո՞ւ չէ, նաեւ` կիրթ մարդ:

Օրերս «Բարգավաճ Հայաստան» կուսակցության երբեմնի կարկառուն դեմքերից մեկին` Վարդան Բոստանջյանին հարց ուղղեցի, ի պատասխան կրկին պատվեր կատարելու մեղադրանք լսեցի:

Վարդան Բոստանջյանի հետ զրույցիս նախորդել էլ Վերնիսաժի մոտ տեղի ունեցած դեպքերը, երբ նույն կուսակցության անդամ, ԱԺ պատգամավոր Կարո Կարապետյանի`Յուվեցի Կարոյի փեսան կրակոցներ էր արձակել, որից քաղաքացիներ են տուժել: Ճակատագրի բերումով, այս դեպքերին էլ նախորդել էր ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի «Էպիկենտրոնին» տված հարցազրույցը, որտեղ հետաքրքիր միտք էր արտահայտել` «Մի քանի մարդու պատճառով չպետք է տուժի ողջ ժողովուրդը»:

Հաշվի առնելով, որ ԲՀԿ-ն փորձեր է անում համակարգային փոփոխության եւ զգույշ քայլերով իշխանության ղեկը ստանձնելուն, ես պարոն Բոստանջյանից հետաքրքրվեցի, թե ինչո՞ւ պետք է հանրությունը հավատա ԲՀԿ առաջնորդի խոսքերին, երբ ԲՀԿ-ամերձ անձի պատճառով անմեղ մարդիկ են տուժել, միթե ՀՀԿ-ն փոխարինվելու է նման կադրերով, Բոստանջյանն ասաց.«Ես հասկանում եմ, որ համապատասխան տեղերից, համապատասխան հրահանգներ կան, որ իբր թե սա «մատի փաթաթան» դարձրեք եւ հնարավոր ձեւով  մարդուն փչացրեք, բայց արեք վեհ լինենք, արեք թող մեր տրամաբանությունն աշխատի: Ի՞նչ կապ ունի Գագիկ Ծառուկյանի հետ ինչ-որ մեկի կրակոցը, կամ չկրակոցը: Սա հերթական… ես ոչ թե ադվակատություն եմ անում Գագիկ Ծառուկյանի համար, պարզապես ես ծիծաղում եմ էն հրահանգ տվողի վրա, դուք էլ չեք իմանում, դուք մի վախեցեք, ես ձե’զ չեմ ասում»:

Քանի որ արդեն «կոփվել եմ» նման պատասխաններից, ես պարոն Բոստանջյանին ասացի` «Եթե վախենայի, ես այդ հարցը չէի տա, իզուր պատվեր տվողներ մի փնտրեք»: Հետո Բոստանջյանը շարունակեց, թե ես, ինչպես ինքն ասաց ` «каверзный» հարց եմ տալիս, որպեսզի նա հնարավոր մի տեղ շփոթվի, ապա ավելացրեց. «Սա մեր քաղաքական, երկրի համակարգն է, ողբամ այս համակարգի վրա: Հիմա ի՞նչ կապ ունի Բարգավաճն է, Դաշնակցությունն է, ՀԱԿ-ն է , ուրեմն այս բոլորը, ենթադրենք իրենց զարգացման պարագայում գտնվում են ավելի զուսպ դաշտում, քան իշխող «Հանրապետականը», «Հանրապետականը» թող գնա մտածի ոչ թե իրա մասին, այլ` ժողովրդի: Միգուցե այլ կուսակցությունները դեռեւս չեն հասցրել այդպես ամրանալ: Մարդամեկն էլ, ինչ-որ մի երիտասարդ մարդ, ասենք թե ինչ-որ վարքագիծ է դրսեւորել, ի՞նչ կարեւոր է ում փեսան է: Նշանակություն չունի` ում տղան է. կարող է դաստիրակություն ստացած չլինի, ու դա բերել քաղաքական լիդերի հե՞տ կապել»:

Հետո պարոն Բոստանջյանը, որպեսզի ես լավ հասկանամ իր մտքերն, ավելի տնավարի արտահայտվեց. «Ենթադրենք ես ձեր հերն եմ, տուն եմ ստեղծել, ես «բառադի», ողորմելի մարդ եմ: Էս տունը, որ ստեղծել եմ, ոչ մեկը չի ապրում, որովհետեւ ես ինքս չեմ կրում պատասխանատվություն: Մեկ էլ մեկն ասում է`   արա էս խի՞ տանդ տիրություն չես անում, ես էլ ասում եմ` ընդե մի հատ քաղաքական բան կա, էս ինչերն է ասում… տո քո ի՞նչա ասում, արա, դու գնա քո տունը պահի: Դու ջոգեցի՞ր ինչ եմ ասում: Հիմա ես չեմ հասկանում`«с какой стати» որոշները սենց հուզված, ինչ-որ մարդ ուզում են պաշտապանել մեկին»:

Անկեղծ ասած` ես «չջոգեցի», թե ինչ էր ուզում ասել պարոն Բոստանջյանը: Բայց վստահ եմ, եթե ես հարցնեի` պարոն Բոստանջյան, ժողովրդի հույսը «Բարգավաճ Հայաստանն է», ե՞րբ է ԲՀԿ-ն փրկելու հայ ժողովրդին ու այս անարդար, գաղջ մթնոլորտից հանելու, այս քաղաքական գործիչը իմ «ականջների ետեւում» ու իմ մեջ թշնամի չէր փնտրի, մերձավոր ու բարեկամ կգտներ ու շատ կոռեկտ, մանրամասն կներկայացներ ժողովրդին փրկելու ԲՀԿ-ի տարբերակը:

 

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031