Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀԱԿ-ը փլուզված չի, ՀԱԿ-ը ինչպես կար՝ կուռ, համաձայնեցված կուսակցություն է». Զոյա Թադեւոսյան

Մայիս 28,2014 21:08

«Ո՞նց կարող է Մարտի 1-ի զոհը հիմա փաթաթված ման գա Մարտի 1-ի սպանողի հետ: Առաջին պահանջատերը Մարտի 1-ի Լեւոն Տեր-Պետրոսյանն էր: Ի՛նքն էր առաջինը, հետո նոր մյուս քաղաքական ուժերը՝ 18, որոնք միավորվել են: Ինքն առաջինն է հրաժարվել դրանից, ո՞ւմ հետ է ընկերություն անում, ով կրակե՞լ է երեկ իր վրա: Իրա՛ վրա են կրակել, ի՛ր արյունն են թափել, ո՞նց կարելի է դա մոռանալ»,- ՀԱԿ դաշինքի նախկին անդամ, «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանն այսպես քննադատեց Լեւոն Տեր-Պետրոսյանի համագործակցությունը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ:

Այս առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում ՀԱԿ-ի քաղխորհրդի անդամ Զոյա Թադեւոսյանը վստահեցրեց. «Որքան գիտեմ, Մարտի 1-ի զոհերի հարազատներից մեզ մոտ կանգնած էին բոլորը, ողջունեցին ներկաներին, խոսեցին նորից Մարտի 1-ի մասին, եւ որեւէ մեկը չդատապարտեց ՀԱԿ-ԲՀԿ համագործակցությունը, եւ մինչեւ հիմա որեւէ մեկը չի դատապարտել: Կարծում եմ, որ նրանք ավելի սթափ հայացքով են նայում ամեն ինչին»:

Մեր դիտարկմանը՝ այդտեղ չկա՞ խնդիր, չէ՞ որ դուք պետք է առաջինը պահանջատեր լինեք Մարտի 1-ի համար՝ Զոյա Թադեւոսյանը պատասխանեց. «Մենք ինչպես որ կայինք պահանջատեր, մնում ենք պահանջատեր: Մեկը մյուսին չի խանգարում: Համագործակցությունը կապ չունի: Մենք պահանջատեր ենք, ժամանակը ցույց կտա օրենքով, օրինականությամբ կապացուցենք, նրանք էլ կապացուցեն՝ մեղավո՞ր են, թե՞ ոչ: Կա անմեղության կանխավարկած, էլի: Դրա համար ժամանակը կգա, եւ այդ բոլոր հարցերի պատասխանները մենք կունենանք»:

Մեր հարցին՝ երբ ՀԱԿ-ը նոր էր սկսել համագործակցել ԲՀԿ-ի հետ, կոնգրեսականները վստահեցնում էին, որ Լեւոն Տեր-Պետրոսյանն իր այդ քայլով ուզում է իշխանական բուրգը փլուզել, մի բեկոր պոկել այդ բուրգից: Բայց այսօր դրա արդյունքում ՀԱԿ-ը փլուզվեց՝ Զոյա Թադեւոսյանը չհամաձայնեց. «Չէ, ՀԱԿ-ը փլուզված չի: ՀԱԿ-ը ինչպես կար՝ կուռ, համաձայնեցված, փոխադարձ վստահության մթնոլորտում գործող կուսակցություն է: Հավատացնում եմ ձեզ, ՀԱԿ-ը լավ կուսակցություն է՝ առողջ, առաջադիմական կուսակցություն է»:

Զոյա Թադեւոսյանի մեկնաբանությամբ՝ ՀԱԿ դաշինքի մասնատումը ԲՀԿ-ի հետ համագործակցությունից չի եղել. «Այ ժամանակ ուրիշ նպատակով էին 18 կուսակցությունները միավորվել: Հո չէի՞ն միավորվել, որ դառնային կուսակցություն: Նրանք հետո ավարտեցին իրենց նպատակը…աջակցում էին Լեւոն Տեր-Պետրոսյանին նախագահական ընտրություններում: Ավարտեցին իրենց առաքելությունը, հիմա մեկ ուրիշ առաքելություն ունեն: Մեկը ես՝ «Ժողովրդի իշխանությունով» դարձա ՀԱԿ-ի անդամ»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031