Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանը «քցե՞ց» Հունգարիային

Մայիս 29,2014 14:57

Եվրոպացի գործչի բացահայտումը

– Ի՞նչ եք կարծում, հնարավո՞ր է, որ Հայաստանը Հունգարիայի հետ նորից կարգավորի իր փոխհարաբերությունները: Ես հանձնարարություն ունեմ, ուզում եմ Ձեզ հետ քննարկել:

– Կարո՞ղ եմ իմանալ` ի՞նչ լիազորություն ունեք:

– Լիազորված եմ հարցնել` իմանալ հասարակության, ինչու ոչ՝ նաեւ իշխանության վերաբերմունքը:

– Իշխանության անունից ոչինչ ասել չեմ կարող: Բայց բոլորիս անունից կարող եմ ասել, որ մեր կարծիքով՝ հանրապետության նախագահը շատ ճիշտ որոշում կայացրեց` Սաֆարովի դեպքի հետ կապված: Իսկ ինչ վերաբերում է փոխհարաբերությունների կարգավորմանը, ապա, հավանաբար՝ այո, բայց պետք է հասկանալ, թե հարցի գինը ո՞րն է. ի՞նչ պայմաններով եւ ի՞նչ եք առաջարկում, արդյոք հունգարական կողմը պաշտոնապես պատրա՞ստ է ներողություն խնդրել իր արարքի համար, առավել եւս, թե ի՞նչ կատարվեց հետո՝ Բաքվում…

Այս երկխոսությունը կայացել է մի քանի օր առաջ` Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի եւ եվրոպացի մի «շատ հայտնի» քաղաքական գործչի միջեւ, որի անունը Արամ Սարգսյանը չցանկացավ հրապարակել: Երկխոսությունը կայացել է Բեռլինում, մայիսի 14-16-ը` «Եվրոպան կորսվա՞ծ ինտերպրիտացիաներում» խորագրով քննարկման շրջանակներում: Ամենահետաքրքիրը, սակայն, զրույցի ավարտն է: «Նրանք վաճառեցին»,- ասել է Արամ Սարգսյանը` նկատի ունենալով, որ Հունգարիան վաճառեց Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին: «Պարոնը ծիծաղեց եւ ասաց` գիտեք, ի՞նչ պարզվեց, որ քցվեցին, որովհետեւ Ադրբեջանն այդպես էլ չտվեց խոստացած երեք միլիարդը: Այնպես որ՝ հաշվի առեք այդ հանգամանքը եւ նկատի ունեցեք, որ միգուցե հնարավորություն լինի հունգարական կողմի հետ բանակցությունների սկսումը»: Արամ Սարգսյանն ընդհանրապես դրական է վերաբերվում այս խոսակցությանը, ավելին՝ կարծում է, որ «այստեղ կա լավ թեմա», եւ Հայաստանն իրոք կարող է Սաֆարովի հետ կապված հարցը ինչ-որ կերպ թեժացնել: «Այդ պաշտոնյան շատ լավ տեղյակ էր, թե այդ օրերին Հայաստանում ինչ էր կատարվել: Ասաց` հունգարացիները շատ վիրավորվել են, որ իրենց դրոշն է այրվել»,- պատմեց մեր զրուցակիցը` հավելելով, որ ինքն էլ ասել է, թե միանգամայն նորմալ էր նաեւ Հունգարիայի դրոշը այրելը` նկատի առնելով Սաֆարովի վայրագությունը եւ այդ կոմերցիոն գործարքը:

Ընդհանրապես՝ քննարկումը, որը կազմակերպվել է «Քաղաքակրթությունների երկխոսություն» համաշխարհային հասարակական ֆորումի եւ ռուս-գերմանական ֆորումի համատեղ ջանքերով, եւ որին մասնակցել են մոտ 20 երկրներից պատվիրակներ, Արամ Սարգսյանը բավական հետաքրքիր է համարում: «Հետաքրքրական է, որ գերմանական կողմը չվարանեց եւ այս պայմաններում, երբ Եվրոպայում ՌԴ-ի նկատմամբ շեշտադրված բացասական վերաբերմունք կա եւ սանկցիաներ են կիրառվում, կազմակերպեց եւ անցկացրեց միջոցառումը»,- ասաց ՀԴԿ նախագահը` հավելելով, որ Գերմանիան այդպիսով փաստեց, որ ճիշտ ճանապարհը երկխոսությամբ խնդիրների կարգավորումն է: «Ասեմ, որ իրենց դիրքորոշումներում եվրոպացիներն էլ իրենց անհամաձայնություններն էին ներկայացնում ուկրաինական որոշ իրադարձությունների հետ կապված` չգնալով հակամարտության: Ինձ համար տարօրինակ էր եւ անսպասելի, որ գերմանացի շատ հայտնի պառլամենտականների եւ քաղաքագետների ելույթներում հնչեցին այնպիսի մտքեր, որ Եվրոպան պետք է դուրս գա ԱՄՆ-ի դիկտատի տակից: Նրանք խոսում էին, որ գաղափարը` Լիսաբոնից Վլադիվոստոկ մի ամբողջական Եվրասիա ունենալու մասին, շատ հետաքրքիր է: Չնայած հստակ նշվում էր, որ իրենք համաձայն չեն ՌԴ-ի կողմից իրականացվող կոշտ քայլերի հետ»:

Ռուս-գերմանական ֆորումի նախագահ, Բրանդենբուրգի երկրամասի նախկին վարչապետ Մատիաս Լացեկն իր խոսքն ամփոփել է նրանով, որ հիմա նորից պետք է պայմանավորվել համընդհանուր խաղի կանոնների վերաբերյալ. «Մենք նորից պարտավոր ենք հետաքրքրվել մեկս մյուսով, պարտավոր ենք ճանաչել մեկս մյուսին»: Այս, ինչպես նաեւ մինչ այդ Բելգրադում ՌԴ Պետդումայի, Գորչակովի հիմնադրամի, Սերբիայի գիտությունների եւ արվեստների ակադեմիայի եւ Սերբիայի Հանրապետության պառլամենտի կազմակերպած «Բալկանյան երկխոսություն» թեմայով քննարկման ժամանակ ՀԴԿ նախագահը խոսել է նաեւ Հայոց ցեղասպանության ճանաչման եւ ԼՂ հարցի կարգավորման մասին: Առաջինի դեպքում՝ նկատելով, որ չճանաչումն ու չդատապարտումը հանգեցրեց Հոլոքոստի: Իսկ ԼՂ հարցի մասով ՀԴԿ նախագահը եվրոպացի գործիչներին հարց է ուղղել` որտե՞ղ է այն կարմիր գիծը, որից հետո Եվրոպան չի անցնելու սահմանը երկակի ստանդարտներ կիրառելու հարցում` նկատելով, որ Եվրոպան համակերպվեց Հարավսլավիայի ռմբակոծությունների հետ, միանգամից ճանաչեց Կոսովոն: Հարցը, սակայն, անպատասխան է մնացել:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
28.05.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Hakob says:

    ի՞նչ “երկակի ստանդարտ”: երբ պետք ա հասկանանք, որ գայլը երկակի ստանդարդ չի ցուցաբերում, երբ գառանը ուտում ա, իսկ շակալին ոչ:
    դա գայլի /ԱՄն-ի/ բնույթն ա, ով իրա վասալներին չի խժռում ու ստրկացնում, իսկ կոլոնիաները նրան հետաքրքիր են միայն որպես “սնունդ”

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031