Լրահոս
Օրվա լրահոսը

Բյուջեի կատարողականը՝ թվերով ու տվյալներով

Մայիս 29,2014 14:55

Սկիզբը՝

Երեկ մեր ընթերցողների ուշադրությանը ներկայացրինք ՀՀ 2013թ. պետական բյուջեի կատարողականի համառոտ նկարագրի՝ բյուջեի եկամուտներին առնչվող հատվածը: Հիշեցնենք, որ օգտվել ենք բյուջեի կատարման հաշվետվության ամփոփ նկարագրից՝ պատրաստված ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հանձնաժողովի կողմից: Այսօր կներկայացնենք 2013թ. բյուջեի ծախսային հատվածը:

ՀՀ 2013թ. պետական բյուջեի մասին օրենքով նախատեսվել էր 1 տրիլիոն 152 մլրդ 600 մլն դրամի ծախսերի կատարում: Այնինչ մեկ տարվա ընթացքում փաստացի ծախսերը կազմել են 1.142,9 մլրդ դրամ: Շեղումը պայմանավորված է արտաքին աջակցությամբ իրականացվող ծրագրերի ցածր կատարողականով՝ 41,1%: Արտաքին աջակցությունը՝ հանձին տարբեր միջազգային կառույցների դրամաշնորհների, նախատեսվածի միայն 66%-ն է կազմել: Սակայն նկատենք նաեւ, որ պետական դրամաշնորհները կազմում են բյուջեի եկամուտների միայն 1,24%-ը:

2013թ. պետական բյուջեի ծախսերի 88,8%-ն ուղղվել է ընթացիկ ծախսերին եւ 11,2%-ը՝ ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնություններին: Ընթացիկ ծախսերի ֆինանսավորմանը տրամադրվել է 1.015,4 մլրդ դրամ:

Շուրջ 101 մլրդ դրամ՝ ընթացիկ ծախսերի 9,9%-ը, տրամադրվել է պետական հիմնարկների աշխատողների աշխատանքի վարձատրությանը, որն ավելացել է 17,1%-ով: Ծառայությունների եւ ապրանքների ձեռք բերման նպատակով տրամադրվել է 215,4 մլրդ դրամ: Պետական պարտքի սպասարկմանը տրամադրվել է շուրջ 46,7 մլրդ դրամ կամ ընթացիկ ծախսերի 4,6%-ը, այդ թվում՝ ներքին պարտքի սպասարկման համար՝ 29,9 մլրդ դրամ, իսկ արտաքին պարտքի սպասարկմանը՝ 16,8 մլրդ դրամ: Տրամադրվել են 25 մլրդ դրամի սուբսիդիաներ եւ 122,8 մլրդ դրամի դրամաշնորհներ: Համայնքների բյուջեներին համահարթեցման սկզբունքով տրվող դոտացիաները կազմել են 36,2 մլրդ դրամ, իսկ սուբվենցիաները՝ 9,4 մլրդ դրամ: Ընթացիկ ծախսերի 29%-ը կամ 294,9 մլրդ դրամը կազմել են սոցիալական նպաստները եւ կենսաթոշակները:

Ընթացիկ ծախսերի 20,6%-ը կամ 209,5 մլրդ դրամը կազմել են այլ ծախսերը: 2012-ի համեմատ «այլ ծախսերն» աճել են 72,3%-ով՝ պայմանավորված «ՀայՌուսգազարդ»-ին մատակարարված գազի արժեքի փոխհատուցման նպատակով հատկացված միջոցներով եւ պաշտպանության ծախսերի աճով:

2013թ. բյուջեի ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնությունները կազմել են 127,5 մլրդ դրամ կամ ընդհանուր ծախսերի 11,2%-ը: 1,6 մլրդ դրամ է մուտքագրվել ոչ ֆինանսական ակտիվների օտարումից:

ՀՀ 2013թ. պետական բյուջեից 188,1 մլրդ դրամ է տրամադրվել ընդհանուր բնույթի հանրային ծառայություններին:

«Օրենսդիր եւ գործադիր մարմիններ, պետական կառավարում» դասի ծախսերը
հաշվետու տարում կազմել են շուրջ 14,5 մլրդ դրամ, որից ԱԺ աշխատակազմի եւ պատգամավորների պահպանման համար՝ 2,8 մլրդ դրամ, գործադիր իշխանության, պետական կառավարման հանրապետական եւ տարածքային կառավարման մարմինների պահպանման համար՝ 7 մլրդ դրամ:

Վարչական օբյեկտների շինարարությանը տրամադրվել է 111,2 մլն դրամ, իսկ հիմնանորոգմանը՝ 365,6 մլն դրամ:

Ֆինանսական եւ հարկաբյուջետային հարաբերությունների դասի ծրագրերին տրամադրվել է շուրջ 55,3 մլրդ դրամ:

12,1 մլրդ դրամ է տրամադրվել արտաքին հարաբերությունների դասի ծրագրերին, որոնց ծախսերն ավելացել են 14,1%-ով` պայմանավորված ՀՀ դեսպանությունների եւ ներկայացուցչությունների պահպանման ծախսերի աճով:

Պաշտպանության բնագավառում պետբյուջեի ծախսերը կազմել են 182 մլրդ դրամ՝ նախորդ տարվա համեմատ աճելով 19,1%-ով:

Հասարակական կարգի, անվտանգության եւ դատական գործունեության բնագավառներին տրամադրվել է 91,4 մլրդ դրամ՝ 2012-ի համեմատ 19,2%-ով ավելի: Այդ թվում՝ ոստիկանության ծախսերն աճել են 24,2%-ով, ազգային անվտանգությանը՝ 25.2%-ով: ՀՀ փրկարար ծառայության պահպանման նպատակով ծախսվել է 5,7 մլրդ դրամ: Դատարանների ծրագրերին տրամադրվել է 7,7 մլրդ դրամ, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի պահպանմանը՝ 168,8 մլն դրամ, դատախազությանը՝ 2,8 մլրդ դրամ, Հատուկ քննչական ծառայությանը՝ 272,9 մլն դրամ, իսկ քրեակատարողական համակարգի պահպանությանը՝ 8,4 մլրդ դրամ:

2013թ. բյուջեի ծախսերի 11,2%-ը տրամադրվել է տնտեսական հարաբերություններին՝ կազմելով 128,3 մլրդ դրամ, այդ թվում՝ գյուղատնտեսության, անտառային տնտեսության, ձկնաբուծության եւ որսորդության բնագավառներում ՀՀ ծախսերը կազմել են շուրջ 18.2 մլրդ դրամ:

Վառելիքի եւ էներգետիկայի բնագավառի ծախսերը կազմել են 64 մլրդ դրամ, որից նավթամթերք եւ բնական գազի դասի ծախսերը կազմել են 62,9 մլրդ դրամ, որը հատկացվել է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ին՝ մատակարարված գազի արժեքի փոխհատուցման նպատակով: Տրանսպորտի բնագավառում պետական բյուջեի ծախսերը կազմել են շուրջ 37,9 մլրդ դրամ՝ ապահովելով 50% կատարողական: Շեղումը պայմանավորված է արտաքին աջակցությամբ իրականացվող ծրագրերի ցածր կատարողականով: Նշենք, որ ԱԶԲ աջակցությամբ իրականացվող Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի զարգացման վարկային ծրագրի շրջանակներում նախատեսված 11,9 մլրդ դրամի փոխարեն ծախսվել է ընդամենը 407,4 մլն դրամ: «Համայնքների բյուջեներին նպատակային հատկացումների` սուբվենցիաների տրամադրում» ծրագրով 3,3 մլրդ դրամ օգտագործվել է Երեւանի փողոցների ընթացիկ նորոգման եւ ճաքալցման համար: Ավտոճանապարհների պահպանման եւ շահագործման ծախսերը կազմել են շուրջ 5,5 մլրդ դրամ, որից 3,8 մլրդ դրամը՝ պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգմանը: Երկաթուղային տրանսպորտի դասի ծախսերը կազմել են 372,6 մլն դրամ՝ նախորդ տարվա համեմատ աճելով գրեթե կրկնակի՝ պայմանավորված «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ին ուղեւորափոխադրումներից ստացված վնասի դիմաց տրամադրված սուբսիդիայի աճով:

Շրջակա միջավայրի պաշտպանության բնագավառում բյուջեի ծախսերը կազմել են 4,6 մլրդ դրամ, որից ամենաշատը՝ 3,1 մլրդ դրամը, ուղղվել է կենսաբազմազանության եւ բնության պաշտպանության ծրագրերին:

Բնակարանային շինարարությանն ու կոմունալ ծառայություններին 2013թ. տրամադրվել է 21,7 մլրդ դրամ, որից ջրամատակարարման խմբի ծրագրերին՝ 19.2 մլրդ դրամ, իսկ 1,8 մլրդ դրամ էլ՝ Երեւանի արտաքին լուսավորությանը:

Առողջապահության ոլորտում կատարվել է շուրջ 64,4 մլրդ դրամի ծախս, որոնց 42,3%-ն ուղղվել է հիվանդանոցային, 36,2%-ը` արտահիվանդանոցային ծառայություններին, 12,3%-ը` «այլ» առողջապահական ծրագրերին, 5%-ը` հանրային առողջապահական ծառայությունների ֆինանսավորմանը եւ 4,2%-ը` բժշկական ապրանքների, սարքերի եւ սարքավորումների ձեռք բերմանը:

Մշակույթի, հանգստի, սպորտի եւ կրոնի ոլորտի ծրագրերի իրականացմանը տրամադրվել է 18,6 մլրդ դրամ, որից հանգստի եւ սպորտի ծառայություններին տրամադրվել է շուրջ 1,6 մլրդ դրամ, 10.5 մլրդ դրամ տրամադրվել է մշակութային ծառայությունների խմբի ծրագրերի ֆինանսավորմանը, որից 1,2 մլրդ դրամ՝ գրադարաններին,1,7 մլրդ դրամ՝ թանգարաններին եւ ցուցասրահներին, 35,8 մլն դրամ՝ մշակույթի տների, ակումբների եւ կենտրոնների ֆինանսավորմանը, այլ մշակութային կազմակերպություններին՝ 651,8 մլն դրամ, Հայրենիք-սփյուռք գործակցության ծրագրերին՝ 32,6 մլն դրամ: Արվեստի բնագավառին՝ 5,9 մլրդ դրամ, կինեմատոգրաֆիային՝ 636 մլն դրամ, հուշարձանների եւ մշակութային արժեքների վերականգնմանը՝ 353,4 մլն դրամ, ռադիոհեռուստահաղորդումների հեռարձակման եւ հրատարակչական ծառայություններին՝ 5,3 մլրդ դրամ: 741,1 մլն դրամ է տրվել կրոնական եւ հասարակական այլ ծառայություններին, 602,6 մլն դրամ՝ երիտասարդական ծրագրերին, այդ թվում՝ «Արի տուն»-ին՝ 83,8 մլն դրամ:

Կրթության ոլորտին 2013թ. պետբյուջեից տրամադրվել է 103,1 մլրդ դրամ, որից 23,7 մլրդ դրամը՝ նախադպրոցական եւ տարրական ընդհանուր կրթությանը, 48,2 մլրդ դրամը` միջնակարգ ընդհանուր կրթությանը: 2013թ. գործել է 1363 դպրոց՝ 351,8 հազար աշակերտով: Հատուկ կրթության ծախսերը կազմել են 2,7 մլրդ դրամ, որից՝ մասնագիտացված հանրակրթական ուսուցման համար՝ 1,8 մլրդ դրամ, ներառական կրթության համար՝ 1,2 մլրդ դրամ: Նախնական մասնագիտական եւ միջին մասնագիտական կրթության ծախսերը կազմել են շուրջ 6,2 մլրդ դրամ, իսկ 7,9 մլրդ դրամ էլ՝ բարձրագույն կրթության բնագավառին: Ըստ մակարդակների չդասակարգվող կրթության խմբի ծախսերը կազմել են շուրջ 3,9 մլրդ դրամ:

Կրթության ոլորտի ծախսերի 12,2%-ը՝ 12,6 մլրդ դրամ, ուղղվել է կրթությանը տրամադրվող օժանդակ ծառայությունների ֆինանսավորմանը, որից կրթական օբյեկտների հիմնանորոգման ծախսերը կազմել են ավելի քան 3,6 մլրդ դրամ, իսկ կրթական օբյեկտների շինարարությունը՝ 1,5 մլրդ դրամ:

Սոցիալական պաշտպանության ոլորտին է ուղղվել 2013թ. պետական բյուջեի փաստացի ծախսերի 26%-ը՝ կազմելով 297,4 մլրդ դրամ, որից ծերության դասի ծրագրերին հատկացվել է շուրջ 200 մլրդ դրամ, սպայական անձնակազմի կենսաթոշակներին՝ 19,1 մլրդ, շարքային զինծառայողների կենսաթոշակներին՝ 1,1 մլրդ դրամ, սոցիալական կենսաթոշակներին՝ 10,4 մլրդ դրամ: Տարեցների տուն-ինտերնատներին տրվել է 1,4 մլրդ դրամ, իսկ կենսաթոշակառուի մահվան դեպքում տրվող թաղման նպաստը՝ 4,7 մլրդ դրամ: «Ընտանիքի անդամներ եւ զավակներ» խմբի ծախսերը հաշվետու տարում կազմել են 50,9 մլրդ դրամ, որից 34,6 մլրդ դրամը ընտանեկան նպաստի եւ միանվագ դրամական օգնությանն է տրամադրվել: Մինչեւ 2 տարեկան երեխայի խնամքի համար՝ 3 մլրդ դրամ՝ աճելով 1,5%-ով` պայմանավորված ծնելիության աճով: Հղիության եւ ծննդաբերության նպաստները կազմել են 5 մլրդ դրամ, երեխայի ծննդյան միանվագ նպաստի վճարումը կազմել է 4,5 մլրդ դրամ: Երեխաների տուն-ինտերնատներին տրվել է 2 մլրդ դրամ: «Բնակարանային ապահովում» խմբի ծրագրերին 2013թ. պետբյուջեից տրամադրվել է 2,6 մլրդ դրամ, որից 2 մլրդը՝ զոհված (մահացած) եւ 1-ին, 2-րդ եւ 3-րդ կարգի հաշմանդամ զինծառայողների համար, իսկ 641 մլն դրամը՝ աղետի գոտու: Այլ դասերին չպատկանող սոցիալական պաշտպանության խմբի ծրագրերի գծով ծախսերը կազմել են 26 մլրդ դրամ:

2013թ. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից օգտագործվել է 43,2 մլրդ դրամ, որից 29,6 մլրդ դրամն ուղղվել է ընթացիկ ծախսերին, իսկ 13,7 մլրդ դրամը` ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերին:

Եվ վերջապես անդրադառնանք բյուջեի պակասուրդին: 2013թ. պետական բյուջեն կատարվել է 71,5 մլրդ դրամ պակասուրդով: Ընդ որում՝ պակասուրդ/ՀՆԱ ցուցանիշը կազմել է 1,7%, ինչը նախատեսվածից ավելի լավ ցուցանիշ է:

2013թ. ներքին պետական պարտքը անվանական արժեքով կազմել է 279,6 մլրդ դրամ:

Արտաքին պարտավորությունների մարմանն ուղղվել է շուրջ 246,4 մլրդ դրամ, որից 195,7 մլրդ դրամն ուղղվել է ՌԴ նկատմամբ պարտավորությունների մարմանը:

ՀՀ-ն 19.09.2013թ. իրականացրել է արտարժութային պետական պարտատոմսերի առաջին տեղաբաշխումը՝ 700 մլն ԱՄՆ դոլար ծավալով: Տեղաբաշխումից մուտքերը կազմել են 690,2 մլն դոլար կամ 279,9 մլրդ դրամ, եկամտաբերությունը` 6,25%, ժամկետայնությունը` 7 տարի: Պարտատոմսերի տեղաբաշխումից ստացված միջոցներն օգտագործվել են ՌԴ-ից 2009թ. վերցրած 500 մլն դոլարի պետական վարկի վաղաժամկետ մարման, ՀՀ պետական բյուջեի պակասուրդի ֆինանսավորման ծավալների կրճատման, վարկերի եւ փոխատվությունների տրամադրման, բաժնետոմսերի եւ կապիտալում այլ մասնակցության ձեռք բերման վրա: 38,3 մլրդ դրամ էլ գնացել է կայունացման դեպոզիտային հաշվի համալրմանը:

2013 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ ՀՀ արտաքին պետական պարտքը կազմել է 1,581.6 մլրդ դրամ (3,899.1 մլն ԱՄՆ դոլար) կամ ՀՆԱ-ի 37.1%-ը:

Պատրաստեց
ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
28.05.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031