Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրոպան եւ մենք. Տոտալիտար մարտահրավեր

Մայիս 31,2014 14:30

Ի՞նչ է իրենից ներկայացնում եվրասիականությունը

Այն, որ Եվրասիական միության ստեղծման պահին բարձրացվել է Ղարաբաղի խնդիրը, ունի, իհարկե, իր այսօրվա, արդիական, «մարտավարական» պատճառները: Բայց շատ հավանական է, որ խորքում ընկած է եվրասիական գաղափարախոսության առանձնահատկությունը, որի մասին, կարծես, ոչ ոք առանձնապես չի խոսում:

Որպես տնտեսական միավոր՝ Եվրասիական միությունն, իհարկե, խիստ անարդյունավետ է գործելու: Տնտեսական արդյունավետության համար թե՛ ազգային եւ թե՛ միջազգային մակարդակով անհրաժեշտ է թափանցիկություն: Երբ երեք հիմնադիր եւ երկու հավակնորդ երկրներում տնտեսությունն աշխատում է «սեւ նալով» եւ տիրում են «տայգայի օրենքները», ծաղկում է կոռուպցիան, փոխադարձ ճշգրիտ տեղեկատվության բացակայության պայմաններում լուրջ համագործակցություն չի ստացվի: Ինչպես մեր երկրների ներսում, Մաքսային եւ Եվրասիական միությունները գործելու են ոչ թե գրված, այլ չգրված օրենքներով:

Այլ բան է եվրասիական գաղափարախոսությունը, որը ծագել է 1920-ական թվականներին Եվրոպայում գտնվող ռուսական էմիգրացիայի շրջանակներում՝ հակաազատական, ազգայնական եւ հակասեմիտական տարրերից: Վերջին 3-4 տարիներին ՌԴ նախագահ Պուտինը բազմիցս ուղղակիորեն կամ անուղղակիորեն վկայակոչել է այդ գաղափարախոսությունը, որն, ի դեպ, բավականին համահունչ է նույն Եվրոպայում ուժ հավաքող ազգայնական պոպուլիստների հայացքներին:

Եվրասիականության արմատները Ռուսաստանում 19-րդ դարում տարածված սլավոնապաշտության մեջ են: Այդ ուղղության մեջ կան, անշուշտ, ռացիոնալ գաղափարներ: Օրինակ՝ այն, որ գոյություն չունի քաղաքակրթության մայրուղի, որտեղ մեկը առջեւում է, իսկ մյուսը՝ հետեւում, եւ, հետեւաբար, վերջինս պետք է անպայման փորձի հասնել առջեւում գնացողներին: Ըստ այս գաղափարախոսության՝ քաղաքակրթության զարգացումը ոչ թե մի մայրուղի է, այլ դաշտ է, որտեղ մարդկությունը պետք է փորձի բոլոր ճանապարհները: Պարզ է, որ այդ հայեցակարգի ծայրահեղացած կիրառումը տրամաբանորեն կհանգեցնի մեկուսացվածության (իզոլյացիոնիզմ) եւ ամբողջ աշխարհին հակադրվելուն:

Սակայն առողջ գաղափարների հետ զուգահեռ՝ եվրասիականությունը ունի այնպիսի գծեր, որոնց վրա մենք՝ հայերս, պետք է ուշադրություն դարձնենք: Ի տարբերություն սլավոնապաշտների՝ եվրասիականները կարծում են, որ ռուսների հետ պատմականորեն կապված թուրանական ժողովուրդների մշակույթը իրենց՝ ռուսներին, ավելի մոտ է, քան արեւմտյան սլավոններինը՝ չեխերինն ու լեհերինը: Ռուս փիլիսոփա Նիկոլայ Բերդյաեւը այդ առիթով գրում է. «Եվրասիականները սիրում են rուսական մշակույթի մեջ թուրանական տարրը: Երբեմն թվում է, որ նրանց հոգեհարազատ է ոչ թե ռուսականը, այլ ասիականը, արեւելյանը, թաթարականը, մոնղոլականը՝ ռուսականի մեջ: Չինգիզ խանին նրանք ակնհայտորեն ավելի են գերադասում, քան Սուրբ Վլադիմիրին: Նրանց համար Մոսկովյան թագավորությունը մկրտված թաթարական թագավորություն է, իսկ մոսկովյան ցարը՝ ուղղափառ դարձած թաթարական խան»:

Այսքանից հետո պատահակա՞ն է արդյոք, որ ստեղծվելիք Եվրասիական միության շարժիչ ուժը Թուրքիայի եւ Ադրբեջանի դաշնակից Ղազախստանն է: Եվ այդ համատեքստում հնարավո՞ր է արդյոք, որ այդ միությունը բարեկամաբար տրամադրված լինի Հայաստանի եւ Արցախի հանդեպ:

Վերջում եւս մի մեջբերում Նիկոլայ Բերդյաեւից. «Եվրասիականությունը նախեւաաջ էմոցիոնալ, ոչ ինտելեկտուալ ուղղություն է, եւ այդ հուզականությունը ստեղծագործական ազգային եւ կրոնական բնազդների արձագանքն է տեղի ունեցած աղետի (հոկտեմբերյան հեղափոխության- Ա. Ա): Այդ տեսակի հոգեւոր ձեւավորումը կարող է հանգեցնել ռուսական ֆաշիզմի»:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031