Լրահոս
Օրվա լրահոսը

Բարքեմփ 2014՝ Չկոնֆերանս բոլորի համար

Մայիս 31,2014 21:10

«Հայաստանում Թվիթերը տարին մեկ անգամ կտրուկ աճ է տալիս. դա Բարքեմփի 2 օրերն են»,– ասում է մեդիա-փորձագետ Սամվել Մարտիրոսյանը: Բարքեմփն իրենից ներկայացնում է ՏՏ չկոնֆերանս՝ տեխնոլոգիաների և ինտերնետի մասին, որտեղ չկան հատուկ կանոններ և սահմանափակումներ: «Կանոն համարյա չկա, շատ անկանոն տեղ է սա»,– նշում էմեդիա-փորձագետը:

Առաջին անգամ Բարքեմփն անցկացվել է Կալիֆոռնիայում 200 մասնակցով, որից հետո տարածում է գտել տարբեր աշխարհամասերում և երկրներում, այդ թվում հասնելով նաև Հայաստան: Սա 6-րդ տարին է, որ հայաստանցիներին հնարավորություն է տրվում տարվա մեջ 2 օրով մասնակցել այս ինտերակտիվ չկոնֆերանսին: Բարքեմփում յուրաքանչյուր ոք կարող է ներկայացնել իր զեկույցը, իսկ նրա ելույթի հաջողությունը կախված է նրանից, թե որքան հետաքրքիր և գրավիչ կներկայացվի թեման: Զեկույցների քվեարկությունը շատ պարզ է՝ «ոտքերով», այսինքն՝ եթե տվյալ լսարանի ներկայացումը, թեման կամ վարողը դուրդ չի գալիս, ապա պարզապես վերցնում ես պայուսակդ և լքում սենյակը: Կարող ես մտնել կողքի լսարանը, որտեղ, ըստ քեզ, անցկացվում է ավելի հետաքրքիր զեկույց՝ ավելի հետաքրքիր թեմայով և վարողով: Զեկույցներն անցկացվում են ոչ ֆորմալ մթնոլորտում. ներկաները կարող են հանգիստ տեղավորվել հատակին՝ իրենց պլանշետներով ու հետևել զեկուցողի ելույթին: Ամենևին պարտադիր չէ նստել սեղանի շուրջ կամ աթոռներին՝ ձեռքերը առջևում ծալած:

Այս տարի Բարքեմփն ունի իր պաշտոնական հեշթեգը՝ #BARCAMPEVN14, և բոլոր մասնակիցները սոց. ցանցերում գրառում կատարելիս օգտագործում են այն: Բարքեմփի լոգոն ամեն տարի փոփոխվում է: Այս տարվա լոգոյի վրա պատկերված է Զվարթնոցը: Կազմակերպիչները այն բացատրում են նրանով, որ Զվարթնոցը Երևանի խորհրդանիշն է. «Քանի որ վտանգ կա, որ Զվարթնոցը կարող են քանդել, դրա համար մենք ցույց ենք տալիս, որ այն մեր սրտերում է: Բացի այդ, տուրիստը կամ ցանկացած մարդ, երբ գալիս է Հայաստան, առաջին բանը, որ տեսնում է, Զվարթնոցի շինությունն է»:

Այս տարվա Բարքեմփն առանձնանում է հրավիրված հյուրերով, ովքեր այս երկու օրվա մեջ զեկույցներ կվարեն և կկիսվեն իրենց փորձով: Նրանք են Սթեֆան Թոմասը՝ Bitcoin.js-ի ստեղծողը, Էրիկ Անդերսոնը՝ էստոնական «Startup Wise Guys» ընկերության ներկայացուցիչը, Տիգրան Գրիգորյանը՝ «Synergy International Systems»-ի գլխավոր ճարտարագետը, Վլադիսլավ Լավրովը՝ «OCCRP լրագրողական հետաքննություններ» պրոյեկտի տարածաշրջանային համակարգողը:բարքեմփ..

Մեդիա-փորձագետ Սամվել Մարտիրոսյանը նույնպես ելույթ ունեցավ՝ խոսելով ինտերնետի անվտանգության մասին և թե ինչպես են ցանցն օգտագործում՝ որպես մարդկանց հետևելու գործիք: «Ենթադրում եմ, որ հիմա Ամերիկան ավելի լավ է տեղյակ, թե Հայաստանում ինչ հասարակական տրամադրություններ կան, քան Հայաստանի իշխանությունները: Որովհետև իրենք ունեն ոչ միայն Ֆեյսբուքի գրառումների, այլև բոլորի հեռախոսների տվյալները»: Ս. Մարտիրոսյանն իր զեկուցման մեջ նշեց, որ մարդիկ վերահսկվում են ամենուր և ամեն տեղ՝ տան արդուկների, սառնարաների, հեռախոսների մեջ տեղադրված հատուկ սարքերով, նույնիսկ ճանապարհների տեսախցիկներով, որոնցով յուրաքանչյուր ոք նկարվում է օրական առնվազն 20 անգամ: «Իրականում գրեթե անհնար է համացանցում անվտանգ լինել»,– կարծում է Ս. Մարտիրոսյանը:

Aravot.am-ի այն հարցին, թե այս տարվա Բարքեմփն ինչով է տարբերվում մնացած 5 տարիների Բարքեմփերից, Սամվել Մարտիրոսյանը, ով նաև Բարքեմփի կազմակերպիչներից մեկն է, պատասխանեց, որ այս տարի զեկույցներին ավելացել են նաև workshop-երը, որոնք տարբերվում են նրանով, որ բացի տեղեկատվություն փոխանցելուց, նաև սովորեցնում են: Անցյալ տարի եղել են 1200-1500 մասնակիցներ: Այս տարի հստակ թիվը պարզ կլինի երկօրյա չկոնֆերանսի ավարտից հետո. Բարքեմփի կայքի տվյալներով արդեն 1800 հոգի օնլայն գրանցվել են:

«Բարքեմփում շատ հետաքրքիր թեմաներ են քննարկում, լավ մարդկանց ենք հանդիպում, մեծ հաշվով՝ ընկերների»,– ասում է ArmComedy հեռուստահաղորդման հեղինակեւ հաղորդավար Նարեկ Մարգարյանը, ով Սերգեյ Սարգսյանի հետ նախորդ տարիներին նույնպես ունեցել է զեկույց,– «հաջորդը կանենք այն ժամանակ, երբ նոր ասելու բան ունենանք»:

Աննա ԽԱՉԱՏՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031