Լրահոս
Օրվա լրահոսը

«15 տարվա աշխատողին մի օրում աշխատանքից չեն հանում» (Տեսանյութ)

Մայիս 31,2014 21:30

«ԴԵՄ ԵՄ»-ի ցույցին մասնակցելու համար աշխատանքից ազատված երիտասարդների դատական նիստին մետրոյի աշխատակիցներն իրենց հուզմունքը չէին կարողանում զսպել:

«Վայ մամա ջան, էս ի՞նչ ա ասում, էս ինչ ա խոսում»,-անընդհատ տեղից այսպես էին արձագանքում Երեւանի Մետրոպոլիտենի աշխատակիցներն այսօր Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցող դատական նիստին: Այս արձագանքները վերաբերում էին պատասխանող, Մետրոպոլիտենի էլեկտրամեխանիկական մասնաճյուղի պետ Սամվել Մնացականյանի այն պնդումներին, թե երեք աշխատակիցներ բազմաթիվ անգամ թերացել են իրենց աշխատանքում, վտանգել են բազմաթիվ քաղաքացիների կյանքը, ուստի աշխատանքից հեռացվել են:demi dat


Հիշեցնենք, որ այս տարվա փետրվարի 12-ին Մետրոպոլիտենի մի քանի տասնյակ աշխատակիցներ միացել էին կուտակային կենսաթոշակների դեմ պայքարող «ԴԵՄ ԵՄ» շարժմանը եւ բողոքի ակցիա էին արել: Այս ակցիայից հետո աշխատանքից հեռացվեցին Մետրոպոլիտենի (հիմա արդեն նախկին) աշխատակիցներ Անդրանիկ Գեւորգյանը, Գագիկ Գալստյանն ու Սեւակ Հովհաննիսյանը, որոնք որպես հայցվոր այսօր ներկայացել էին դատարան:

Դատարանը նշելով հայցվորների անունները, պատասխանող կողմից հետաքրքրվեց, թե ի՞նչ է նշանակում՝ նրանք բազմիցս թերացել են իրենց աշխատանքում, վստահությունը կորցրել են, եւ ինչո՞ւ գրանցամատյաններում բազմաթիվ անգամ նշված չեն թերացումների մասին եւ թերացումներն էլ արձանագրված չեն, այլ միայն հունվարի 15-ից հետո ընկած ժամանակահատվածի մասին է գրառում կատարված: Այսինքն՝ ինչպես դատավորն ասաց, ինչպե՞ս է եղել, որ հայցվորները 15 տարի նորմալ աշխատել են, եւ միայն աշխատանքից ազատվելուն նախորդող ամսվա ընթացքում են թերացել:

Պատասխանող Սամվել Մնացականյանն ասաց, որ մինչ այդ չի ցանկացել գրավոր նկատողություն անել, որպեսզի երեք հայցվորներին գումարային պատիժ սահմանվեր: Այս խոսքերին դահլիճում ներկաները բուռն արձագանքեցին՝ «Սուտ է ասում, սխալ բաներ է խոսում»:

Դատական նիստին աշխատանքից ազատված երիտասարդներն էլ փաստեր էին բերում, որ իրենք բարեխիղճ աշխատողներ են եղել, եթե որեւէ անսարք բան է եղել շարժասանդուղքներին, ապա նրանք տեղեկացրել են ղեկավարությանն ու մատյաններում գրանցել են:

Պատասխանող կողմը դատարան էր ներկայացրել մի գրանցամատյան, որը հայերեն լեզվով չէր գրանցված, դատավորը պատասխանողից պահանջեց այն ամբողջությամբ թարգմանել ու ներկայացնել դատարան:

Սամվել Մնացականյանը պարբերաբար պնդում էր, որ ինքը բազմիցս բանավոր նկատողություն է արել հայցվորին, այս հայտարարությունները վրդովվեցնում էին նիստին ներկա գտնվող մետրոպոլիտենի աշխատակիցներին:

Պարոն Մնացականյանը նաեւ վստահեցրեց, որ մետրո Բարեկամություն կատարած ստուգայցի ժամանակ է թերություններ է նկատել, հայցվորներ Սեւակ Հովհաննիսյանն ու Գագիկ Գալստյանը հարց բարձրացրեցին. «Եթե ստուգայց է, ապա ինչո՞ւ միայն Բարեկամություն կայանում»:

Հայցվորները պնդեցին, որ իրենց աշխատանքից ազատել են անհիմն, «ԴԵՄ ԵՄ» շարժմանը մասնակցելու համար:

Andranik GevorgyanAravot.am-ի հետ զրույցում Անդրանիկ Գեւորգյանն ասաց, որ ակցիայի օրը Սեւակ Հովհաննիսյանը, կարելի է ասել, չի էլ մասնակցել, պարզապես մի կողմ կանգնած նայել է, իսկ Մետրոպոլիտենի ղեկավարությունը լրատվամիջոցների տեսանյութերում նկատել են նաեւ Սեւակին, ուստի որոշել են նաեւ նրան ազատել աշխատանքից: Անդրանիկ Գեւորգյանի խոսքերով՝ «Եթե Մնացականյանն այդքան մտահոգված էր մեր պահումներով, ու չէր ուզել գրավոր նկատողություն տալ մեզ մեր թերի գործի համար, ապա չի՞ մտահոգվում, որ մենք հիմա անգործ ենք»:

Aravot.am-ը նիստից հետո փորձեց զրուցել նաեւ պատասխանող Սամվել Մնացականյանի հետ, սակայն նա կայծակնային արագությամբ դուրս եկավ դահլիճից ու դատարանի շենքից, նստեց մեքենան ու հեռացավ: Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հունիսի 23-ին, ժամը 15.00-ին:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031