Լրահոս
Օրվա լրահոսը

Թալալյան եղբայրների անվան փառատոնին օտարերկրացիներն իրենց նախաձեռնությամբ են մասնակցում

Հունիս 03,2014 18:38

Հունիսի 4-ին Գաֆեսճյան արվեստի կենտրոնում տեղի կունենա Թալալյան եղբայրների անվ. միջազգային ամենամյա 5-րդ փառատոնի բացման արարողությունը:

Փառատոնի շրջանակներում հունիսի 4-ից հուլիսի 8-ը նախատեսվում է համերգային ծրագրերի շարք՝ «Հայ-շվեյցարական կամերային երաժշտություն», «Վիեննական դասականներ», «Հայաստանի և Արցախի շնորհալի երիտասարդներ», «Ալտի շուրջ», ինչպես նաև համերգներ՝ նվիրված Արմեն Սմբատյանի ծննդյան 60-ամյա և Տիգրան Մանսուրյանի ծննդյան 75-ամյա հոբելյաններին, Երևանի Կոմիտասի անվ. պետական կոնսերվատորիայի հիմնադրման 90-ամյակին և Արամ Խաչատրյանի անվ. տրիոյի ստեղծման 15-ամյակին:

Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց փառատոնի կոորդինատոր, դաշնակահար Ջուլիետա Վարդանյանը:

Փառատոնի գեղ. ղեկավար, դիրիժոր, թավջութակահար Արամ Թալալյանին այս տարվա փառատոնում ամենաշատը ուրախացնում է երիտասարդության զարգացման ծրագիրը, որը կներկայացնեն հունիսի 18-ին՝ Արմեն Բաբախանյանի հետ համատեղ. «Ծրագրի էությունն այն է, որ եթե առաջ մեր փոքրերը, երիտասարդները նվագում էին մեն-մենակ, այս տարի ելույթ կունենան մեզ հետ, և մենք արդեն փոքրիկ կոլեկտիվներ ենք ստեղծում: Ես դա բավականաչափ մեծ զարգացում եմ համարում, որովհետև, նշանակում է, իրենք արդեն աճել-հասել են այն մակարդակին, որ մեզ հետ հանգիստ կարող են աշխատել: Դա իսկապես զարգացում է»,- ընդգծեց թավջութակահարը:

Ի դեպ, նա իր խոսքում նշեց նաև, որ արտասահմանցի երաժիշտները փառատոնին մասնակցում են իրենց նախաձեռնությամբ, քանի որ փառատոնն ինքը առայժմ նրանց բերելու հնարավորություն չունի:

Կոմպոզիտոր Ֆաբիան Մյուլլերն ասում է, որ իր համար մեծ երջանկություն է Հայաստանում գտնվելը, որովհետև ինչ-որ չափով ծանոթ է հայկական դասական երաժշտությանը և գիտի, թե մշակութային, որքան խորը արմատներ ու ավանդույթներ ունեցող երկրում է գտնվում ինքը. «Ես միշտ սիրահարված եմ եղել Արամ Խաչատրյանի երաժշտությանը: Երբ դեռ պատանի էի, ունեի նրա ձայնասկավառակները, և դրանք շատ լսվելուց սկսել էին մաշվել»,- ասում է կոմպոզիտորը:

Նշենք նաև, որ փառատոնն այս տարի առաջին անգամ կհամագործակցի Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ, ինչի առթիվ նվագախմբի գեղ. ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանն այսօր իր ուրախությունն արտահայտեց՝ հույս հայտնելով, որ համագործակցությունը շարունակական կլինի. «Սպասումները շատ են, քանի որ խոսում ենք լավագույն փառատոններից մեկի մասին: Մենք, սովորաբար, փառատոնները վերագրում ենք ժամանցին, բայց Թալալյան եղբայրների անվ. միջազգային փառատոնը շատ պրոֆեսիոնալ է ու հետաքրքիր: Նախագծեր, համերգներ, ծրագրեր կան, որոնք զարգացնում են ոչ միայն Հայաստանի կերպարը, այլև հնարավորություն են ընձեռում երիտասարդ երաժիշտներին փորձ ձեռք բերելու, ինչն ամենակարևորն է վաղվա օրվա համար»,- ասում է Ս. Սմբատյանը:

ՀՀ մշակույթի նախարարության Ժամանակակից արվեստի վարչության պետ Սեյրանուհի Գեղամյանն էլ, կարևորելով փառատոնների դերը, նշեց, որ դրանք ոչ միայն բավականաչափ հարստացնում են մեր կյանքը, այլև երկու կարևոր նպատակ ունեն՝ մոռացության չտալ այն անունները, որոնք մեր մշակույթի ոլորտում կարևոր դեր են ունեցել, և ցույց տալ շարունակականություն՝ ի հայտ բերելով նոր գործեր ու նոր անուններ: «Ուզում եմ՝ վստահ լինեք, որ դասական արվեստը մեծապես կարևորվում է մշակույթի նախարարության կողմից, և վերջինս հատկապես աջակցում է հենց այդ արվեստի զարգացմանը»,- վստահեցրեց Ս. Գեղամյանը:

Նշենք, որ Թալալյան եղբայրների անվ. միջազգային ամենամյա 5-րդ փառատոնն իրականացվում է «Արս Լունգա» ՀԿ-ի նախաձեռնությամբ և ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:

 

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30