Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքապետի թեկնածու. «Ընտրությունը չպետք է մեր քաղաքում վատ հարաբերությունների պատճառ դառնա»

Հունիս 06,2014 22:46

Մեր զրուցակիցն է Գորիսի քաղաքապետի թեկնածու, ՀՀԿ-ից առաջադրված  Վաչագան Ադունցը

 -Պարո’ն Ադունց,   ինքնաառաջադրված, Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու, ՀՀԿ անդամ Արա Բուդաղյանի կողմնակիցները նախքան թեկնածուի ընտրապայքարից դուրս գալը համոզված  նշում էին, որ հանրապետականների մեծ մասը  քվեարկելու է Արա Բուդաղյանի կամ Տիգրան Կարապետյանի օգտին: Ի՞նչ եք կարծում,  այժմ Ձեզ առաջադրած հանրապետական կուսակցության  բոլոր անդամները Ձեր օգտի՞ն  կքվեարկեն:  

-Հնարավոր չի, որ բոլորն իմ օգտին քվեարկեն, վաղուց «բոլորը» հասկացությունը վերացել է, մենք կոմունիստական ժամանակներն անցել ենք արդեն, համոզված եմ, որ կուսակցության ճնշող մեծամասնությունն  ինձ հարգում,  ընդունում է ոչ միայն որպես ՀՀԿ անդամ, այլ որպես գորիսեցի, տարբեր հիմնարկներ ղեկավարած անձի, որն անմնացորդ ծառայել է Գորիսին: Հնարավոր է ՀՀԿ ներկայացուցիչ լինի, բայց հավակնի իմ մրցակցին:  Բնականաբար ՀՀԿ-ից մարդիկ են լինելու, որ ձայն են տալու Հրայր Յոլյանին: Ես գտնում եմ, որ կուսակցության ճնշող մեծամասնությունն իմ կողքին է լինելու, ինչպես նաեւ գորիսեցիների ճնշող մեծամասնությունը:

– Այսինքն` Ձեզ  արդեն ընտրված թեկնածո՞ւ եք համարում:

-Ես գտնում եմ, որ կարող եմ հավակնել ընտրված թեկնածու կոչմանը, բայց ընտրությունն առջեւում է, ես այդքան անհամեստ չեմ լինի, որ նման բան ասեմ: 1994-2000թթ. Գորիսում ղեկավարել եմ սոցիալական ապահովագրության տարածքային կենտրոնը, 2000-2007թթ. «Հայռուսգազարդ» ՓԲԸ Գորիսի տեղամասը, իսկ  2009թ.-ից մինչեւ այժմ «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ Գորիսի տեղամասն եմ ղեկավարում: Երբեք իմ աշխատանքն իմ անձնականին չեմ ծառայեցրել, դրա մասին գորիսեցին գիտի, համոզված եմ, իմ նվիրումըքվեների տեսքով ես կստանամ:

-Դուք նշում եք, որ Ձեր հաղթանակն հիմնականում ապահովելու եք  ի շնորհիվ  այս տարիներին Ձեր կատարած բարեխիղճ գործունեության, իսկ  Ձեր  ասած այդ  հաջողության գրանցման  հարցում որքա՞ն է լինելու Սուրիկ Խաչատրյանի մասնաբաժինը:

-Սուրիկ Խաչատրյանը 1994թ.-ից ղեկավարում էր Գորիսը, այնուհետեւ Գորիսը ներկայացնում էր ԱԺ-ում, դրանից հետո նաեւ Սյունիքի մարզն էր ղեկավարում: Մենք իրար հետ աշխատել ենք, մեր հարաբերությունները եղել են գործնական, շատ նորմալ: Մեր աշխատանքային հարաբերության արդյունքում մեր նպաստն ենք բերել Գորիսի զարգացմանը, գորիսեցիների կյանքի բարելավմանը: Քանի որ մենք միասին աշխատել ենք նույն քաղաքում, ունենք  նորմալ հարաբերություն, բնականաբար իր աջակցությունն  ինձ համար կարող  է նաեւ դրական արդյունք ապահովել, քանի որ գորիսեցիներն ընդունում եւ հարգում են Սուրիկ Խաչատրյանին` որպես գործնական մարդ, որպես գորիսեցի, որպես գորիսեցիների հոգսերով ապրող մարդու: Այնքանով, որքանով մենք մեր հարաբերություններում խնդիր չենք ունեցել, գորիսեցիների հետ հարաբերություններում խնդիր չենք ունեցել, այդքանով հանդերձ նրա աջակցությունն ինձ օգնելու է:

-Իսկ Գորիսում ազատ, արդար  ընտրություն կանցկացվի՞, առանց ճնշման կամ որեւէ խոչընդոտի:

-Միանշանակ, ես ինքս հակված եմ բացարձակապես արդար, ազատ-անկախ ընտրությունների անցկացմանը, եւ իմ նշանաբանն է, որ մենք ընտրում ենք ոչ թե մեր անձնականի համար, այլ` մեր սերունդների, մեր քաղաքի: Ընտրությունը չպետք է մեր քաղաքում վատ հարաբերությունների պատճառ դառնա: Իսկ եթե չլինի այդ արդար ընտրությունը, բնականաբար, ինչ-որ վատթարացում կլինի: Ամեն ինչ պետք է արվի հանուն մեր քաղաքի, դրա համար ընտրություններում բացառում եմ բացասական երեւույթները:

 

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30