Երեւան-Բաթումի-Երեւան գնացքը իր աշխատանքը կսկսի հունիսի 15-ից

Երեւան-Բաթումի-Երեւան գնացքը իր աշխատանքը կսկսի հունիսի 15-ից

Վիկտոր Ռեբեցի խոսքերով՝ այս տարի ուղեւորափոխադրումները դեռ չեն սկսվել, սակայն տոմսերի վաճառքի ծավալը կտրուկ բարձրացել է անցյալ տարվա համեմատ

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ տնօրեն Վիկտոր Ռեբեցն այսօր «Նովոստի» մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց, որ ՀԿԵ-ն երկաթուղային ուղեւորափոխադրումների ծառայությունների մակարդակը աստիճանաբար բարձրացնում եւ զարգացնում է:

Վիկտոր Ռեբեցը տեղեկացրեց, որ այս տարի նույնպես Երեւան-Բաթումի-Երեւան երթուղում գործող գնացքը իր աշխատանքը կսկսի հունիսի 15-ից: Պրն Ռեբեցի խոսքերով՝ չնայած նրան, որ այս տարի ուղեւորափոխադրումները դեռ չեն սկսվել, սակայն տոմսերի վաճառքի ծավալը կտրուկ բարձրացել է անցյալ տարվա համեմատ:

Պրն Ռեբեցը, անդրադառնալով գնացքի տոմսերի գներին, ասաց որ 3 տարի է, ինչ դրանք չեն փոխվել: Մինչեւ Բաթումի պլացկարտ վագոններում մեկ անձի համար տոմսի գինը 11.000 դրամ է, կուպեներում գինը 15.000 դրամ է , հավելյալ ծառայություններով կուպեներում՝ 17.500 դրամ, իսկ հատուկ ննջավագոններում՝ 26.000 դրամ:

Անցյալ տարի ուղեւորների համար ներդրած ծառայությունները այս տարի եւս գործում են: ՀԿԵ տնօրենը տեղեկացրեց, որ 2013 թվականից սկսած արդեն հնարավոր է գնացքի տոմսերը գնել ոչ միայն տոմսերի վաճառքի ավտոմատացված համակարգով, այլեւ համացանցի միջոցով:

Վիկտոր Ռեբեցը լրագրողներին հայտնեց, որ, 2009 թվականի համեմատ, 2013 թվականին գնացքի չվերթի տեւողությունը կրճատվել էր 6 ժամով՝ 21.5 ժամից դառնալով 15 ժամ 45 րոպե: Պրն Ռեբեցը նշեց, որ սա պայմանավորված է նրանով, որ վրացական կողմի հետ ձեռք բերած պայմանավորվածության արդյունքում մաքսային եւ սահմանային գործընթացների ձեւակերպումը կատարվում է գնացքում՝ ապահովելով ուղեւորների հարմարավետությունը:

ՀԿԵ տնօրենը ուղեւորների հարմարավետության համար եւս մի կարեւոր հանգամանք առանձնացրեց. «2013 թվականից Երեւան-Բաթումի-Երեւան գնացքի կուպեներում գործում է Wi-Fi կապ, իսկ պլացքարտ վագոնների ուղեւորներին տրամադրվում է անվճար sim-քարտ: Այն բոլոր ուղեւորները, որոնք ձանձրանում են ճանապարհին, կարող են իրենց ժամանակը արագ անցկացնել օգտվելով ինտերնետից»:

Վիկտոր Ռեբեցը վստահեցրեց, որ 2014 թվականին նույնպես նախատեսվում է ընդլայնել ուղեւորներին մատուցվող ծառայությունները: «Հստակ տարբերակում կլինի պլացքարտ վագոններում անկյունային եւ սովորական տեղերի համար նախատեսված գների միջեւ, նաեւ Wi-Fi կապը կսկսի գործել բարձր հարմարավետության կուպեներում»:

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք