Լրահոս
Օրվա լրահոսը

«Տխուր հուշարձաններ». Ռաֆայել Աթայան. «Որտեղ է թաղված իմ հայրը»

Հունիս 16,2014 11:39

«Տխուր հուշարձաններ» շարքից՝ վերահրապարակում ենք 1989 թ հոկտեմբերի 6-ին «Գրական Թերթում» N 41 (2361) տպագրված հոդվածը, գրված Պետիկ Թորոսյանի ծննդյան 90-ամյակի առթիվ: Հիշեցնենք, որ «Տխուր հուշարձաններ» շարքի հոդվածները տրամադրում է Գևորգ Տեր-Գաբրիելյանը:

1937-ին սեպտեմբերի 28-ի երեկոյան յոթն անց էր արդեն, երբ ինձ ներս հրեցին Հայաստանի ներքգործժողկոմատի ներքին կալանատան N° 9 բանտասենյակը։ Ծանր դուռը զարզանդ զնգոցով հազիվ էր փակվել հետևիցս, մթնում ականջիս հասավ սրտալի մի կանչ․«Արի՛, մեզ մոտ արի․ այստեղ արի»։ Քիչ սրտապնդված, դեռ պահում եմ ինձ ոտքի վրա, մի ջլուտ ձեռք թիկունքից գրկեց ինձ և հատակին քիփ պառկոտած մարդկանց արանքներով հասցրեց դեմի պատի տակ ու վար թողեց այդտեղ։
Մունջ ու գլխիկոր կուչ եմ եկել այդ անկյունում։ Քունքերիս ցավից ավելի այրող ամոթն է նեղում։

Լուսացավ, տոթ է, ձայն չկա։

– Հո որևէ թուղթ չստորագրեցի՞ր, – զգաստացրեց ինձ նույն կարեկից ձայնը։
Ոչ, վերնահարկում անցրած տասներկու ժամից տասը ժամ գոնե, երբ արդեն պարզ էր, թե Ինչ է պահանջվում, կրկնել էի նույն նախադասությունը․ ո՛չ մի բան չեմ հորինելու։
– Անձնատուր չլինե՛ս, – պարտադրեց սրտացավ հարևանս։ – Ոչ մի դեպքում․ միա՛յն ճշմարտությունը, ինչ էլ բերեն գլխիդ։

Հետո նա այդ նույն խորհուրդը տալիս էր նոր ներս բերվող բոլոր անփորձ մարդկանց, և դա իբրև պատվիրան էր հնչում ամենքիս համար։

Պետիկ Թորոսյանին ծանոթ էի տասներկու տարի ի վեր։ Վայելչակազմ տղամարդ էր, նուրբ դիմագծերով ու գեղաճաշակ շարժուձևով։ 1915-ի գարնանը Վանի Երամյան վարժարանը նոր թողած, հարազատների հետ մազապուրծ է լինում Բանդիմանու գետի կամուրջն անցնելիս։ Հանգրվանում են Իգդիրում։ Այդ օրերին վախճանվում է ավագ եղբայրը՝ Հրանտը, ապա հայրը՝ ոսկեձեռիկ Խաչատուր հյուսնը։ Պետիկը, հազիվ տասնվեց տարեկան, ուսուցիչ է Իգդիրի մոտիկ Բլուր գյուղում, ընտանիքի հոգսը իր ուսերին առած։

1919-ին, Երևան գալով, նա գաղափարական ուսուցիչ է ընտրում իր համար դոգմատիզմից բավականաչափ ազատ մի փիլիսոփայի՝ Արշավիր Մելիքյանին և մտերմանում նրա աշակերտների հետ, հատկապես իր համերկրացիներ Արմենակ Բուդաղյանի և Աղասի Խանջյանի։ Էլի ուսուցչություն է անցնում՝ Ծաղկածորի որբանոցում և մոտիկ Ռնդամալ գյուղում։ Քսանական թվականներին արդեն մեր նորաբաց համալսարանի ուսանող էր նա։

Ասում են՝ «նման զնմանն սիրե»։ Մեզ մոտ, ժողովրդական համալսարանի պատմագրական ֆակուլտետի 1921-1922 թվականներին համալրված կուրսերում ուսանողներից շատերն էին աչքի ընկնում ոչ միայն գրական զարգացմամբ, այլև ազատախոհությամբ։ Իսկ 1924-1925-ին, մայրենի դպրությանը զուգահեռ, Պլեխանովի՝ այդ ժամանակ դեռ միանգամայն լեգալ գեղագիտությունն էր զբաղեցնում նրանց միտքը։ Բուռն վեճերի մեջ էին՝ առանց որևէ մեկից քաշվելու։ Այս րոպեին էլ աչքիս առաջ է ամեն մեկն իր ուրույն դիմապատկերով․ Պարգև Ջանոյան՝ դանդաղաշարժ ու ծանրախոհ տեսաբանը, Մամբրե Շարամբեյան՝ «լոլոզը», հետագայի ծանրաբարո իրավագետը։ Հայկ և Դերենիկ Լևոնյան եղբայներ՝ «Այգեստանի ուղիղ մեջտեղից», անչափ համակրելի, թեկուզ իրենց ծայրահեղ համեստությամբ, Աբաս Իսահակյան (այո․ գյումրեցի), Գրիգոր Միքայելյան՝ Կիլիկիայի պատմաբանը, լրագրող և թարգմանիչ Լեմվել Մարությանը՝ 1937-ի աքսորից հետո նա ամբողջացրեց իր վաղամեռիկ ընկերոջ՝ Հայկ Լևոնյանի հետ սկսած «Ժան Քրիստոֆի» թարգմանությունը, ինչպես որ դեռ 1927-ի, մոտ քսանամյա աքսորից տուն գալով, Աբասը հասցրեց ծանոթագրել և լույս ընծայել իր մեծանուն և հավերժ տառապյալ հորեղբոր օրագիրը…

Բնազդ էր դա, չգիտեմ, թե՞ վասպուրականցու արյունն էր խոսել հարևան սոցֆակում ուսանող Պետիկի մեջ՝ հենց այս երիտասարդների հետ էր մերձենալու։
Աղջիկները քիչ էին այդ կուրսերում։ Բայց համալսարանի առաջին շրջանավարտների թվում կար նուրբ-կանացի բոլոր բարեմասնություններով օժտված մի աղջիկ՝ Հասմիկ Քալաշյանը։ Համալսարանին ենթաշեֆ Առինջ և Ավան գյուղերում գեղջկուհիների կիրակնօրյա գրագիտության դասընթացն էր ղեկավարում՝ շաբաթ երեկոյան մեր համակուրսեցի Գուրգեն Մահարու հատկապես մեզ համար սարքած պիեսի գյուղական բեմադրության հուշարարը լինելով հանդերձ։ Իսկ գիշերելիս կծու ծխով հագեցած օդաներից Հասմիկը գերադասում էր չոր խոտի դեզերը, որտեղ գիրկընդխառն քնում էր իր ընկերուհու հետ։ Ինչևէ հենց Պետիկ Թորոսյանն ամուսնացավ Հասմիկի հետ, և մեր ֆակուլտետի ուսանողությունը միահամուռ և անվերապահ դրվատեց նրա ճաշակը։ Գուցե նախանձողներ ևս եղան, չգիտեմ։

Գեղեցիկի զգացողությունը հետագայում էլ վճռական դեր էր խաղում Պետիկի բարեկամական կապերի մեջ։ Երամյան վարժարանից և պոլսական պարապմունքներից նրան ժառանգություն էր մնացել իր ֆրանսերենը։ Նույնիսկ երկար տարիներ հետո, թարգմանչական արվեստի մեջ շատ առաջ գնացած Հայկ Լևոնյանի հետ նրանք իրենց սուղ ժամերից տրամադրում էին մի քանի ընտիր էջեր կարդալու կամ պարզապես սիրված լեզվով զրուցելու համար։ Պետիկի պաշտամունքը, այդուհանդերձ, արևմտահայ գեղեցիկ խոսքն էր՝ Պարոնյան, Պեշիկթաշլյան, Զոհրապ, Վարուժան, Սիամանթո, Թեքեյան․․․ Գուրգուրանքով էր ձեռքը վերցնում մանավանդ մեզ մոտ առաջին ծիծեռնակը արևմտահայ գրականության՝ Դուրյանի 1932-ին լույս ընծայված ընդամենը 80 էջանոց մատենիկը, թեկուզ և անգիր գիտեր: Նշանավոր դեմքերից էր Հարություն Միրզա-Ավագյանը։ Անվանի վիրաբույժի բնակարանը Սպանդարյան փողոցի վաղակառույց մի հարկանի տանը հնատիպ ու նորընծա մատյանների մի թանգարան էր, կարծես մատենադարանի մանրաքանդակ․ և Պետիկը՝ մշտական հաճախորդ, հազար ու մի շահեկան բացատրություններ էր քաղում տանտիրոջ հետ նաև հյուրերից՝ Հրաչյա Աճառյան, Հակոբ Հարությունյան, նույնիսկ մաթեմատիկոս Առաքել Բահաթրյան, որ 1934-ին դեռ ապրում էր․ ինչպես և Էջմիածնից եկող Սենեքերիմը… Ահա և տարիներով հարատևող մի սովորույթ․ հաղթանդամ, քիչ ծանրընթաց մարդը՝ Միրզա-Ավագյանը, առավոտները Սպանդարյանից քայլում էր Րաֆֆու, ներկայիս Տեր-Գաբրիելյան փողոցով ու ձախակողմյան միակ նորակառույց շինությունը մուտք գործելով, երրորդ հարկում հույժ հաճոյալիր մի հանգիստ էր արտոնում իրեն՝ Պետիկի համուհոտով սուրճը վայելելիս։

Սուրճի սեղանի շուրջ շատ հաճախ նրանց ընկերակցում էր երրորդ մի դեմք, պետբանկի Հայաստանի բաժանմունքի կառավարիչ Վանյա Դավթյանը․ Պետիկի ամենամտերիմ, անբաժան ընկերն էր, տուֆե այդ բարետեսիլ տունն էլ բանկն էր կառուցել։ Դրանով իրականացել էր երկու ընկերների կողք-կողքի, սերտ հարևանությամբ ապրելու երազանքը։ Երկուսն էլ ՝ չէ թե գրասեր, գրամո՛լ մարդիկ էին ու ճաշակի խնդրոց մեջ էլ միշտ համերաշխ։ Ո՞վ կարող էր ենթադրել, թե շուտով, շատ շուտով վրա է հասնելու այնպիսի մի կենսաշրջան, երբ երկուսից մեկն անպայման տուժելու է մյուսի պատճառով…

…Պետիկ Թորոսյանին արդեն խիտ բնակեցված N°9 բանտասենյակն էին նետել 1937-ի օգոստոսի 26-ին, դրանից ամիսներ առաջ պաշտոնանկ էր արվել։ Ոչինչ արտասովոր չկար դրանում. այն ժամանակ Սահակ Տեր-Գաբրիելյանը և Աղասի Խանջյանն էին 1932-ից վստահել նրան արդարադատության դատախազի դիրքը։ Դեռ 1936-ին «ժողովրդի թշնամի» հռչակված գործիչների «կադրերից» էր նա ուրեմն։ Իսկ 1937-ի սեպտեմբերին, Տեր-Գաբրիելյանի մահվան առեղծվածը նենգորեն հայ մտավորականության նոր ջարդին ծառայեցնելու համար, Երևան էր ժամանել և ինքը՝ Գեորգի Մալենկովը, ստալինյան օլիգարխայի գլխավոր դեմքերից մեկը։ Վանյա Դավթյանը, դեռ բանկի կառավարիչ, որքան էլ դժվար բան լիներ դա, կարողանում է «տեսակցություն ստանալ» և առաջին իսկ րոպեից անսքող համակրանքով բնութագրել փորձանքի եկած իր ընկերոջը։ Բարձրապաշտոն էմիսարին այնքան հետաքրքրաշարժ է թվում լսածը, որ այցելուին հրավիրում է մեքենա նստել իր հետ (սիրտն ուզեցել է օդ շնչել մի քանի րոպե)։ Քաղաքի մերձակայքում, այդ զբոսանքի միջոցին էլ ուշի-ուշով ունկնդրում է այցելուին և նույնիսկ որոշակիորեն խոստանում անհետաձգելիորեն ուշադրության առնել նրա պատմածը։ Մեքենայից իջնելուն պես, Վանյան՝ ոգևորության գագաթնակետին, նախ մշտական սովորությամբ մտնում է «Պետիկի մոտ», պատմում, վստահեցնում ընկերոջ որդուն (Ջիմ Թորոսյանին), թե ուր որ է ողջ-առողջ տուն կգա հայրիկը։

Անցնում է երկու օր․ երկու օր ընդամենը. գնում, բանկի գրասենյակից «վերցնում են» կառավարչին, տուն բերում, իր ներկայությամբ տակնուվրա անում նրա բնակարանը և տանում «պետք եղածը»՝ տանտիրոջ հետ միասին։

Հարևանի տասնմեկ տարին նոր լրացած որդին զարհուրանքով տեսնում է (1) ու երբեք չի մոռանում այլևս…

Այս տարի, 1989-ի սեպտեմբերի 17-ին, երբ ԽՍՀՄ ժողովրդական ճարտարապետ Ջիմ Պետիկի Թորոսյանը վերհիշում էր այդ չարաղետ դիպվածը, որքան էլ ջանում էր զսպել իրեն մոր ներկայությամբ, խեղդվում էր արցունքից։ Մայրը՝ Հասմիկը, մեր ֆակուլտետի գեղեցկուհին, լուռ ու մունջ էր այդ պահին, իմ աջակողմում նստած։ Ժամանակն իր կնիքն էր դրել նրա դեմքին, իսկ աչքերը խոսում էին ինչպես առաջ՝ սիրտը տագնապում էր։ Որքան վիշտ կարող է տանել մարդ արարածը իրեն բաժին ընկած մեկ կյանքի ընթացքում․․․
Իսկ Պետիկը ներքգործժողկոմատի բանտում 1937-ի հոկտեմբերին միայն իմացավ իր ընկերոջ գլխին եկածը։ Իմացավ հենց նոր ներս բերված Մկրտիչ Ջանյանից, որի հետ նրանք հանդիպել էին դեռ Պոլսում՝ 1921-ին, և պահպանել էին այդ ծանոթությունը։ Այդտեղ, N°9 բանտասենյակում, մեծատաղանդ դերասանը հանգամանքների բերումով սոսկ բոթաբեր մի գուժկան էր իր բարեկամի համար։ Պետիկը, որ գնալով ավելի քիչ էր խոսում, շուտով բոլորովին լռակյաց դարձավ։ Երկար ժամանակ հարցաքննության չէին կանչում նրան, հետո կանչեցին՝ չորս օր իրար վրա։ 1938-ի վաղ գարնանը պիտի լիներ դա, դժվարանում եմ ճշգրտել։ Առաջին իսկ օրը, երբ ուշ գիշերին հետ բերեցին (մենք անքուն սպասում էինք նրան), առանց մեկ բառ իսկ արտասանելու թիկունքով հենվեց պատին, ափերի մեջ առավ երեսը ու մնաց այդպես անշարժ։ «Վերև» գնալով ու հետ գալով, օրըստօրե մռայլվում էր նա ավելի ու ավելի։

Դրանից հետո Պետիկից միայն կցկտուր տեղեկություններ էին հասնում ինձ։
Հիսունական թվականներին էր, ճարտարապետ Միքայել Մազմանյանը պատմեց․ դատի նախօրյակին, երբ իրենց խումբ առ խումբ հավաքել էին բարձր ատյանին տրամադրված ներքին դահլիճի հարևան սենյակում, Պետիկ Թորոսյանը բախտակիցներին զբաղեցնելու համար պատմում էր Օ.Հենրիի ամենահափշտակիչ նորավեպերը…

Տարիներ անց հայտնի դարձավ․ բանտում, մեր միասին գտնված այն չորս օրերին, մեկը մյուսի հետևից նախկին արդարադատության ժողկոմին են ներկայացվել զանազան ամբաստանագրեր՝ բոլորն էլ սարքովի առերեսման են բերվել. դրանց «հեղինակները»՝ հեռու-մոտիկ ծանոթներ, մի քանիսն էլ՝ անմիջապես գործընկերներ։ Մեղադրանքը ստանդարտ էր․ հավաքագրել է ինձ «աջ»-«ձախ», դաշնակցական- տրոցկիստական հակահեղափոխական կազմակերպության մեջ… Քննիչի գրի առած պատասխաններից նույնիսկ դատելով, աներևակայելի է եղել անպարտ մեղադրյալի ինքնատիրապետման աստիճանը։ Ժխտելով, մերժելով յուրաքանչյուր սադրանք, նա չի մոռացել ամեն անգամ ավելացնելու (ու հետևելու, որ գրի առնվի դա), որ ինքը նման վարմունքի համար չի մեղադրում տվյալ ամբաստանության հեղինակին, չի՛ մեղադրում…

Ահագնորեն տաժանելի պիտի լիներ այսօրինակ «առերեսումը» մանավանդ հայտնի մի օրենսգետի հետ։ Դեռ Վանում, մինչև 1915-ը, ճանաչված մտավորական էր եղել նա։ Երկրորդ անգամ Պետիկն այդ մարդուն հանդիպել էր Պոլսում, որտեղ համալսարանն ավարտելուց հետո հայերեն «Երկիր» օրաթերթն էր խմբագրում։ 1924-ին, արդեն Երևանում, այդ նույն մարդը Պետիկի դասախոսներից էր հասարակագիտական ֆակուլտետում (առաջին ներգաղթողներից էր), իսկ երեսնական թվականներին նա հանրապետության գերագույն դատարանի նախագահն էր, որոշ շրջանում էլ՝ հենց արդարադատության ժողկոմի տեղակալ։ Հասկանալի է,1937-1938-ին նա ինքն էլ կամայականության դեմ անպաշտպան մի կալանավոր էր միայն, ոչ ավելի։ Ես ինձ թույլ եմ տալիս ասել, որ նրա՝ «մեղադրող-վկայի», վիճակն այս դեպքում պակաս անտանելի չի եղել, քան պաշտպանվող-ամբաստանյալինը։ Վիճակ, որ չէր կարող չգիտակցել «դրսում» այնպիսի հարգված ու պատվախնդիր մի անձնավորություն, ինչպիսին էր պրոֆեսոր Հրանտ Գալիկյանը։

Մի վերջին բնութագրիչ նրբագիծ ճշմարիտ ու մարտիրոսված մեր Պետիկի։ 1938-ի հուլիսին էր, երբ նորից Երևան էր ժամանել Միության գերագույն դատարանի զինվորական ատյանը․ ինչպես որոշ անվախ մարդիկ (օր․ Վահան Երեմյանը) ասում էին բանտում ՝ «Ուլրիխի խումբ»։ Դատավորներից երկուսը՝ արդեն ալեմորուս ծերուկների տպավորություն գործող Հմայակ Երզնկյանն ու Հովհաննես Զաքոյանը, երբ հասնում է իրենց հերթը, թախանձագին խնդրում են դատարանի նախագահից միայն մի բան․ մինչև վճիռ կայացնելը գեթ մի քանի րոպե լսել իրենց։ Արդյունքը լինում է այն, որ նրանց գործը հետ է ընկնում, ու ժամանակ անց, «գնդակահարվելու փոխարեն», ստանում են տասը տարվա աքսոր։ Իսկ այն պահին, 1938-ի օգոստոսին, հետ ուղարկվելով, այսինքն շենքի չորրորդ հարկից նկուղ իջեցվելով, ներքին բանտի N5 բանտասենյակում պատմում են սպասարան-սենյակից իրենց տեսածը․ «Մահավճռից հետո տարվող Պետիկ Թորոսյանը պահակ զինվորների արանքով քայլում էր հպարտ, գլուխը բարձր, իբրև իսկական հերոս»։

Այս ամենքից հետո հարց է առաջ գալիս՝ հիշո՞ւմ են արդյոք մարդիկ Պետիկ Թորոսյանին, ովքեր շփվել են հետը կամ գոնե իրենց հարազատներից լսել նրա մասին։ Հիշու՜մ են, և այն էլ ինչպե՜ս։ Հիշում են նրա արդարամտությունն ու գթասրտությունը վկայող (մանավանդ, երբ հանրապետության գլխավոր դատախազն էր) միջամտությունից անձնապես օգուտ քաղած մարդիկ, քանի՜ քանիսը, մեծ մասամբ հասարակ բանվորներ և անօրեն պաշտոնյաների դեմ անպաշտպան գտնված գեղջուկներ, շատ դեպքերում նաև նրանց զավակները։ Հիշում են, որոնում-գտնում առիթներ իրենց երախտագիտության զգացմունքը տեղ հասցնելու։

Ակամա մտածում ես էլի, գիտեի՞ն արդյոք, որևէ չափով պատկերացնո՞ւմ էին արդյոք իրենց բարերարի հիշատակը հարգող այդ բոլոր մարդիկ, թե ինչպիսի տառապանքի ուղիներով պիտի անցած լիներ 1937-ին հազիվ տասնմեկ տարեկան նրա որդին՝ թեկուզ դպրոցում սովորելիս․ էլ չեմ ասում բարձրագույն կրթություն ձեռք բերելու, առավել ևս ստեղծագործող արվեստագետի իր ձիրքը դրսևորելու և զարգացնելու համար․․․

Քիչ մեծանալով, նա՝ Ջիմը, ուզում է իմանալ իր հոր ճակատագիրը։ Դիմումներ է ուղարկում այս ու այն հասցեով։ Շատ հետո ստացվում է մի պատասխան. դատապարտված է տասը տարվա ազատազրկման առանց նամակագրության իրավունքի։ Լրանում է այդ տասը տարին, նոր դիմումներ՝ և էլի ո՛չ մի պատասխան։ Ի վերջո, ուսանող տղային մի բացիկով կանչում են ներքգործժողկոմատ․ «Քո հայրը վախճանվել է 1947-ին ստամոքսի հիվանդությունից»։

Չնայած մշտական հետապնդման, Երևանի պոլիտեխնիկ ինստիտուտում իր ընդունակություններով աչքի ընկած երիտասարդ ճարտարապետը 1952-ին ասպիրանտ էր Միության գիտությունների ակադեմիայի ճարտարապետության գիտահետազոտական ինստիտուտում։ Դիսերտացիան շուտով պատրաստ էր լինելու, կանչում են մոսկովյան կուսակցական շրջկոմ․ «Ինչո՞ւ եք մեզնից թաքցրել, որ ժողովրդի թշնամու զավակ եք»…
1952-ին էր դա, գերմարդ հռչակված բռնակալը ուր որ է եզրափակելու էր երկրային իր անփառունակ ճանապարհը։ 1955-ին Միության գերագույն դատարանի այն նույն զինվորական ատյանը, նոր կազմով իհարկե, արդարացնում, լիովին անպարտ է ճանաչում Պետիկ Թորոսյանին։

Անցնում է էլի երկու տասնամյակ։ Կուսակցության տասնիններորոդ կոնֆերանսի մի նիստի ժամանակ Ջիմ Թորոսյանն իր կողքին տեսնում է պետական անվտանգության կոմիտեի հանրապետական ղեկավարին և հարց է ուղղում նրան․ «Կարող եմ, արդյոք, իմանալ, թե որտե՞ղ է թաղված իմ հայրը»։ Ինչ խոսք, ընդառաջում են․ հրավիրում են․ ստվարածավալ «գործից» նրա համար կարդում իր անհեթեթության մեջ դաժան մի «հատընտիր», ընդհուպ մինչև մահավճիռը 1938-ի։ Կրկին նույն հարցը․ որտե՞ղ է թաղված իմ հայրը։ Սոսկ ուսերն է թոթվում մարդը, ինքն է՞լ չգիտե։ Բայց չէ՞ որ պարապ հարց չէ սա․ մարդկային հասարակության մեջ, քաղաքակիրթ աշխարհում, ի տարբերություն թափառական գազանային ոհմակների, ամեն անհատ իր որդիական պարտքն ունի ծնողների, նրանց հիշատակի հանդեպ։ Եվ նվիրական պարտք է դա…

Մարդը երկրագնդի երեսին, բանականությամբ և զգայնությամբ օժտված, բարոյական իրավունք է ձեռք բերել տեր ունենալ և մահվանից հետո։ Հռետորական հարց չէ սա՝ ՈՐՏԵ՞Ղ է ԹԱՂՎԱԾ ԻՄ ՀԱՅՐԸ, որ կյանքի յոթերորդ տասնամյակը թևակոխած ճարտարապետը տալիս էր այս անգամ ինքն իրեն՝ անկարող բաժանվելու դառը մտորումից։ Հուսաբեկ սրտի աղաղակ է սա այն բոլոր ապրողների անունից, ովքեր պահանջ են զգում երբեմն գոնե հաշվետու լինելու անժամանակ ու անմտորեն կորստյան մատնված իրենց ծնողների առջև, գուցե և հոգևին խորհրդի նստել հետները և, վերջապես, իրենց զավակներին ի պահպանություն թողել ընտանեկան սրբությունն ու ավանդները։ Այսօրվա մեր Հայաստանում, երբ վրա հասան բացխոսության ժամանակները, գուցե և հնարավոր բան է լույսին բերել «գաղտնագրված» դամբարանները՝ դրանք պատշաճորեն պահպանելու համար։ Չէ՞ որ քիչ թե շատ բարեկարգ վիճակում այսօր էլ կա, գոյություն ունի և խնամվում է, ասենք, Արշակունյաց արքայատոհմի մեր թվարկության առաջին դարերի դամբարանը նախալեռնային Ձորափ գյուղում, շուրջ երկու հազար տարի։

Լուսանկարում՝ ձախից՝ արվեստաբան Ալեքսանդր Տեր-Գաբրիելյան, աջից՝ ճարտարապետ Ջիմ Թորոսյան. 1990-ականների սկիզբ

[1]Հայրս՝ Ալեքսանդր Տեր-Գաբրիելյանը, ապրում էր առաջին հարկի բնակարանում, և պատահաբար ականատես եղավ, ինչպես էին տանում Վանյա Դավթյանին: Պապս՝ Միքայել Տեր-Գաբրիելյանը, նույնպես աշխատում էր պետբանկում, այդ դեպքից հետո աշխատանքից դուրս եկավ (ծանոթություն Գևորգ Տեր-Գաբրիելյանի):

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30