Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինձ թվում է, թե ես եթերային մի գործիքի առաջ եմ նստած». սանթուրահար

Հունիս 16,2014 23:13

Հայաստանի հնագույն երաժշտության «Տաղարան» համույթի գեղ. ղեկավար և դիրիժոր Սեդրակ Երկանյանին միշտ մտահոգել է բուն հայկական սանթուր ունենալու խնդիրը. «Այն գործիքը, որը մեր դպրոցներում և ուսումնարաններում օգտագործում են, ցիմբալն է: Սանթուրի նման է, բայց շատ սահմանափակ ձայնածավալով ու աղքատիկ տեմբրային հնարավորություններով,- ասում է Ս. Երկանյանը:- Մենք շատ էինք ուզում ունենալ բուն հայկական սանթուր և Մշակույթի նախարարության աջակցությամբ արդեն ունենք»:

sss

ՀՀ մշակույթի նախարարության Ժամանակակից արվեստի վարչության գլխավոր մասնագետ Լիլյա Նիկոյանի պնդմամբ՝ մշակույթի նախարարությունը բազմաթիվ միջոցառումներ է իրականացնում՝ ուղղված ազգային նվագարանների պահպանմանը, որոնք տալիս են իրենց արդյունքները. «Բազմաթիվ են նախարարության այն ծրագրերը, որոնք իրականացվում են ազգային, ժողովրդական արհեստների ու արվեստների պահպանման և սերունդներին փոխանցման ուղղությամբ,- ասում է Լ. Նիկոյանը: -Արդեն մի քանի տարի է, ինչ մեզ մոտ գործում է մի ծրագիր, որի շրջանակներում մեր անվանի վարպետները սովորեցնում են երեխաներին գործիքներ պատրաստել ու նվագել դրանցով: Եվ այդ ծրագրի շրջանակներում է ստեղծվել այս բաս-սանթուրն ու մի քանի այլ ժողովրդական նվագարաններ:

Ազգային նվագարանների պահպանմանն ուղղված մյուս միջոցառումը երաժշտական դպրոցներում ազգային նվագարանների անվճար ուսուցումն է, որը մեկնարկել է 2007 թվականից, ինչպես նաև 2013 թվականից գործող մի նոր ծրագիր, որով երեխաներին ազգային նվագարաններ ենք տրամադրում»:

Բաս-սանթուրը պատրաստել է ազգային նվագարանագործ վարպետ Ալբերտ Զաքարյանը: Վարպետը երկար ուսումնասիրություններից հետո մոտ մեկ ու կես ամսվա ընթացքում կարողացել է հայկական բաս-սանթուր պատրաստել:

Եվ ահա, հունիսի 19-ին՝ Կոմիտասի անվ. կամերային երաժշտության տանը, տեղի կունենա համերգ-շնորհանդես, որի շրջանակներում «Տաղարան» համույթի սանթուրահար Թեհմինե Ջերեջյանն իր կատարումներով հանդիսատեսին կներկայացնի ազգային այս նվագարանի հնարավորությունները:

Սանթուրահարը, որը, նախքան բաս-սանթուրի պատրաստումը, ցիմբալ երաժշտական գործիքով է նվագել, նշեց, որ նույն ստեղծագործությունը նվագել է երկու գործքիներով էլ և բոլորովին տարբեր զգացողություններ է ունեցել: Նրա խոսքով՝ լուծումներն էլ են տարբեր. «Ի տարբերություն ցիմբալի՝ սանթուրի դեպքում քիչ ջանքեր գործադրելով՝ կարողանում ես շատ գեղեցիկ հնչողություն ստանալ,- ասում է Թ. Ջերեջյանը,- երբ ես որպես կատարող մոտեցա գործիքին, ինձ թվաց, թե ես եթերային մի գործիքի առաջ եմ նստած: Մի զգացողություն, որը երկար տարիներ չեմ ունեցել: Խնդիրներ միայն ցիմբալից սանթուրին անցնելու ճանապարհին են եղել, որովհետև կառուցվածքային առումով շատ տարբեր են»:

 

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30