Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

Աֆրիկյանների շենքի մասին. «Չեն քանդելու ու վերջ»

Հունիս 19,2014 21:57

«Չեն քանդելու ու վերջ: Երաշխիքը ես եմ»,-Aravot.am-ի հարցին՝ ՀՀ իշխանություններն ի՞նչ ցույց կտան, եթե ապամոնտաժեն Աֆրիկյանների ակումբի շենքը, այսպիսի կարծիք հայտնեց քաղաքացիական ակտիվիստ Վիլեն Գաբրիելյանը (Նավակ ճոճող):

Tatev_91

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Պահպանենք Աֆրիկյանների ակումբի շենքը» նախաձեռնությունը կազմակերպել էր պահանջի երթը դեպի կառավարության շենք: Ակտիվիստները Հովիկ Աբրահամյանին տասը րոպե ժամանակ էին տվել իջնել ու պատասխանել հունիսի 13-ին նախաձեռնության անդամների կողմից՝ իրեն ուղղված նամակին: Ակտիվիստները պահանջում են ետ վերցնել կառավարության՝ Աֆրիկյանների շենքի ապամոնտաժման որոշումը:

Aravot.am-ի հարցին՝ ի՞նչ երաշխիք, որ այն իշխանությունները, որոնք պատրաստ են Զվարթնոցի տաճարը վարձով տալ, 19-րդ դարի մշակութային կոթող համարվող Աֆրիկյանների տունը կպահպանեն, Վիլեն Գաբրիելյանը պատասխանեց. « Նորմալ է ուրիշ ի՞նչ եք սպասում իրենցից: Դա է նրանց մակարդակը: Ես ասում եմ չենք քանդելու, հակառակ դեպքում անհնազանդության քայլերը շատ-շատ են»:

Քաղաքացիական ակտիվիստ Սիփան Փաշինյանը մեզ հետ զրույցում ասաց. «Եթե քանդեն, կապացուցեն, որ թքած ունեն հասարակական կարծիքի վրա, չնայած դա վաղուցվանից են հաստատել: Եվս մեկ անգամ կապացուցեն, որ ՀՀ-ում տիրող հանցավոր խումբը անում է այն, ինչ ուզում է: Մենք չենք թողնելու, քանի որ այս երկիրը մերն է, ոչ թե իրենցը: Եթե կեղծելով հասել են իշխանության բռնազավթմանը, մենք հետ ենք բերելու այս երկիրը մեր ժողովրդին: Իշխանություններից որևէ բան ակնկալելը միամտություն է: Ես դեմ էի անգամ վարչապետին նամակ գրելուն: ՀՀ-ում գոյություն չունի վարչապետ, բնականաբար նախագահ ինձ համար ևս գոյություն չունի, քանի որ ՀՀ սահմանադրության մեջ գրված է, որ նախագահն ընտրվում է ժողովրդի կողմից: Նախագահ չունենք, քանի որ ժողովուրդը չի ընտրել իրեն: Նշանակում է նաև վարչապետ չունենք, քանի որ վարչապետին նշանակում է նախագահը»:

Քաղաքացիական ակտիվիստ Վահագն Մինասյանը ՀՀ իշխանություններ ձևակերպումը վերաձևակերպեց ու նշեց. «Իշխանություն երևույթը ինձ համար անհասկանալի է, ասենք հանցավոր վարչախումբ: Ամեն դեպքում հանրության որոշակի ակտիվ հատված կանգնել է ի պաշտպանություն մշակութային արժեքի, և վստահ եմ, որ հաջողության է հասնելու: Միակ սպասելիքն այն է, որ որոշակի տարրեր հանդես գան մեղայականով, որ համաներում խնդրեն հանրությունից՝ իրենց ունեցվածքի որոշ տոկոս վերադարձնել պետբյուջե, իսկ մյուսները, որոնք չհամաձայնեն, նրանց ցմահ բանտարկում՝ ունեցվածքի բռնագանձում ի շահ հանրության»:

Նշենք, որ երիտասարդները պահանջում են չապամոնտաժել Աֆրիկյանների շենքը: Ի հակադրություն ապամոնտաժման այն արդարացման, թե շենքը խանգարում է երթևեկությանը, ակտիվիստներն առաջարկում են երթևեկությունը միակողմանի դարձնել և շենքը թողնել նույն տեղում:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30