Լրահոս
Օրվա լրահոսը

Ակտիվիստ Արա Կարագյոզյանը հիվանդանոցից հետո էլ սրտի ու գլխի ցավեր ունի

Հունիս 23,2014 20:47

Քիչ առաջ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցում բուժօգնություն ստացած եւ դուրս գրված Արա Կարագյոզյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ իրեն այնքան էլ լավ չի զգում: Ակտիվիստի պատմելով սիրտը եւ գլուխը ուժեղ ցավում են: Արան տուժել էր եւ շտապօգնության մեքենայով հիվանդանոց տեղափոխվել այսօր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի առաջ էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիայի ժամանակ: Արայի խոսքերով, ոստիկանները սեղմել են նրա քունքերը, հարվածել սրտին, ինչից հետո ինքնազգացողությունը վատացել է եւ ուշագնաց է եղել, արթնացել է շտապօգնության մեքենայում, որով էլ նրան տեղափոխել են Նոր-Նորքում գտնվող Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոց:

«Ինձնից բացի մի տղա եւ մի մեծահասակ կին էլ կար, նրանց էլ էին քաշքշել, հարվածել, կնոջ ձեռքը կոտրել: Հիմա էլ եմ ինձ շատ վատ զգում»:

Արայի խոսքերով, ոստիկանների բռնարարքի մասին Երեւանի քաղաքային վարչությունում հաղորդում են տվել. «Մենք ոստիկանների արածն այդպես չենք թողնելու, բոլոր մեղավորները պետք է պատասխանատվություն կրեն»,-ասում է Արա Կարագյոզյանը: Նրա պատմելով ոստիկանները սկսել են նստած տեղից քաշքշել ակտիվիստներին եւ քանի որ չեն կարողացել տեղաշարժել, սկսել են հարվածներով եւ առողջությանը վնաս պատճառելով իրենց գործն առաջ տանել. «Շորիցս բռնեցին քաշքշեցին, հետո տեսան չեն կարողանում ինձ տեղաշարժել, ուժեղ սեղմեցին քունքերս ու սկսեցին քաշել»:

Նշենք, որ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նախատեսում է այս տարվա օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիայի սակագինը մոտ 4 դրամով բարձրացնել: Մեկ կիլովատի դիմաց սպառողները ստիպված կլինեն 38 դրամի փոխարեն վճարել 42 դրամ: Մի շարք հասարակական-քաղաքական գործիչներ գտնում են, որ այդ թանկացումը սոցիալական խնդիրներ կառաջացնի ՀՀ քաղաքացիների համար: Հանձնաժողովը հոսանքի թանկացումը պատճառաբանում է «Հայէլցանցերի» ունեցած պարտքերով:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ 

Լուսանկարը՝ Ազա Սարգսյանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30