Լրահոս
Օրվա լրահոսը

Անասնաբույժը` կենդանիների մորթուց բռնած քաշ տալու, նրանց պոչն ու ականջները սեղմելու մասին

Հունիս 23,2014 23:14

Aravot.am-ի հետ զրույցում  «Բիոսոֆիա» բնապահպանական հ/կ նախագահ Գևորգ Պետրոսյանը, որը մասնագիտությամբ անասնաբույժ է, անդրադառնալով գյուղնախարար Սերգո  Կարապետյանի` օրերս Աժ ներկայացրած առաջարկությունների  այն փաթեթին, համաձայն որի «օրենքով արգելվում է կենդանիներին վախեցնել,  առանց ցավազրկման նրանց  եղունգները հեռացել, ամորձատել, նրանց դյուրազգաց մասերը,օրինակ`պոչերը սեղմելը, գլխից, ականջներից, մորթուց բռնած քաշ տալը  և այլն», կարծիք հայտնեց, որ սա թեև լավ նախաձեռնություն է, սակայն հարցեր առաջացնող  առաջարկ է: «Մեր հասարակությանը էնքան էլ հեշտ չի սովորեցնել, թե կենդանիների նկատմամբ չի կարելի դաժան վերաբերվել, հատկապես գյուղական համայնքներում ապրողներին, տանում են արածացնելու, ասենք կենդանին փախչում է,  չոբանը մի հատ դնչին տալիս է, հիմա  դա համարենք դաժան վերաբերմո՞ւնք, թե՞ ոչ: Այնպես որ սա հարցեր առաջացնող որոշում է,  բայց որպես նախաձեռնություն լավ է, միայն թե հետագայում քիչ-քիչ իրականացվի: Էդ ուղղությամբ մարդկանց կրթություն ու  դաստիարակություն պետք է տալ, և  պետք է ստեղծվեն գործող մեխանիզմներ, որ թույլ չտան`մարդիկ    դաժան վերաբերվեն կենդանիներին», -ասում է մեր զրուցակիցը:

Նա նաև նկատում է, որ որքան էլ գաղափարը լավը լինի,  օրենքը պիտի գրվի այնպես, որ չշփոթեն մարդուն կենդանու հետ, չնույնականացնեն վերջիններիս: «Խորհրդային տարիներին կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունք ունեցողներին վեց ամիս ազատազրկում էր նախատեսվում, հետո ավելի մեղմացրեցին, դարձրեցին տուգանք, հետո նույնիսկ  «Քրեական օրենսգրքից» հանեցին էդ հոդվածը, մտցրեցին «Վարչական իրավախախտումների մասին» օրենքում, քո դաժան վերաբերմունքը դարձավ ընդամենը վարչական իրավախախտում:

Ես չգիտեմ ում պահանջով, ինչ պահանջով են վերանայում կենդանիների նկատմամբ վերաբերմունքը, բայց, ընդհանուր առմամբ ես ուրախ եմ, որ մեր երկիրը սկսել է ուշադրություն դարձնել կենդանիների նկատմամբ վերաբերմունքին. դա սոսկ վերաբերմունք չէ, այլ հոգեբանական պրոբլեմ է. եթե երեխան փոքր հասակից տեսավ  էդ վերաբերմունքը կամ ենթադրենք ինքը դաժան վերաբերվեց կենդանիներին, հոգեբանորեն դա ազդում է  նրա վրա, երբ  ինքը մեծացավ, դա պիտի կիրառի  մարդկանց նկատմամբ:

Շատ լավ կլինի, որ մեր հասարակությունը կենդանիների նկատմամբ դաժան չվերաբերվի, բայց իհարկե, պետք չէ շփոթել մարդուն ու կենդանուն  իրար հետ, նույնականացնել նրանց: Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը կանխող նախաձեռնությունները շատ լավ են, բայց  դա ավելի պիտի  ադապտացվի, հարմարեցվի, ավելի նորմալ իրավակիրառման մեխանիզմներ ստեղծվեն: Ցավոք,  մենք  այսօր չունենք էդ իրավակիրառման մեխանիզմները: Ենթադրենք գրեցին, աշխարհին ցույց տվեցին, որ պահանջը գրված է, մենք էսօր բնապահպանության ոլորտում 18-19 կոնվենցիա ունենք, բայց չեն իրականացվում, մեխանիզմները չեն ստեղծվել ու չեն իրականացվել, բայց ինչ- որ զեկույցներ են գրում տարին մեկ:

Ես կարծում եմ, որ սա էլ հերթական բանն է, կմտածեն`թող գրվի,  թող լինի, Եվրասիական միությունը չնեղանա հանկարծ,  մյուս կողմից էլ հետաքրքիր է, որ կենդանիների վերաբերյալ եվրոպական կոնվենցիա կա, որին Հայաստանը չի միացել, չնայած Վրաստանն  ու Ադրբեջանը միացել են, մենք մի քանի  անգամ ասել ենք էդ մասին:  Եվրոպայում, իհարկե,  չգիտեն, թե ադրբեջանցիները ինչ վերաբերմունք ունեն կենդանիների նկատմամբ, բայց թեկուզև այն, որ այդ երկիրը ձևականորեն միացել է այդ կոնվենցիային, կսկսեն այլ վերաբերմունք ունենալ տվյալ երկրի նկատմամբ, կասեն` քաղաքակիրթ երկիր է, կենդանիների նկատմամբ լավ են վերաբերվում: Մի քիչ  միջազգային արձագանքի խնդիր էլ կա»:

Մեր այն հարցին էլ ` չե՞ք կարծում, որ սա անկեղծ ցանկություն չէ, քանի որ օրենքում փոփոխություններ են մտցնում Եվրասիական միություն մտնելու համար, Գևորգ Պետրոսյանն ասաց, որ  բոլոր օրենքները  մեզ մոտ գրվում են համաշխարհային  պատվերով,կամ,Եվրասիական միության,կամ եվրոպական կառույցների: «Մենք օրենքներ մեր հասարակության, ժողովրդի համար չենք գրում, դրա համար խորթ են դրանք և չի կիրառվում»:

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30