Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ է Սամվել Բալասանյանը Վարդան Ղուկասյանի դեմ բողոք ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին. Շիրակի մարզի դատախազի պարզաբանումները

Հունիս 25,2014 21:05

Ինչպես տեղեկացրել ենք, ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչությունը դատի է տվել Գյումրու քաղաքապետարանին՝ պահանջելով վճարել Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի անձի, ինչպես նաև նրա տան պետական պահպանության մեկ ամսվա վճարը` 850 հազար դրամ: Վարդան Ղուկասյանը ոստիկանության հետ պայմանագիր էր կնքել իր անձի դեմ մահափորձ կատարելուց հետո`2009 թվականի փետրվարի 10-ից, և ոստիկանները 3 տարի շարունակ ծառայություն են մատուցել նախորդ քաղաքագլխին, իսկ  գումարը` ամսական 850 հազար դրամ, Գյումրու ավագանու որոշմամբ, փոխանցվել է համայնքային բյուջեից:

Գյումրիում կատարված իշխանափոխությունից հետո Սամվել Բալասանյանը հրաժարվել էր Վարդան Ղուկասյանի անձի անվտանգության պահպանության նպատակով 850 հազար դրամ փոխանցել ոստիկանությանը, որի պատճառով էլ այս կառույցը դատի է տվել քաղաքապետարանին:

Երեկ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում նշանակված էր դատական նիստը, նախնական նիստ արդեն իսկ տեղի է ունեցել, սակայն ոչ հայցվոր կողմը` ոստիկանության ներկայացուցիչը, ոչ էլ պատասխանողը` քաղաքապետարանի իրավաբանը չժամանեցին: Դատավոր Լիլիթ Խաչատրյանը, մոտ 40-50 րոպե սպասելով վերջիններիս, ստիպված եղավ դատական նիստի օրը հետաձգել: Նշենք, որ այս դատավարությունը երկու քաղաքապետերի միջև սկիզբ առած նոր կոնֆլիկտի մի մասն է. Սամվել Բալասանյանը իր հերթին դիմել է ոստիկանություն` պահանջելով քրեական գործ հարուցել Վարդան Ղուկասյանի նկատմամբ ` համայնքային բյուջեի միջոցները ոչ տեղին օգտագործելու, վատնելու համար: Ոստիկանությունը մերժել է քրեական գործի հարուցումը` հանցակազմ չլինելու պատճառաբանությամբ, որն էլ դրդել է Սամվել Բալասանյանին դատի տալ ոստիկանությանը: Մի քանի օր առաջ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը մերժել է ներկա քաղաքապետի բողոքը` ոստիկանության դեմ:

Aravot.am-ն այսօր Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանին խնդրեց պարզաբանել, թե ինչո՞ւ է Սամվել Բալասանյանը դիմել ՀՀ գլխավոր դատախազին, ո՞րն է նրա պահանջը: « Սամվել Բալասանյանը ՀՀ գլխավոր դատախազին և ինձ` որպես մարզի դատախազի դիմում է  ներկայացրել այն բովանդակությամբ, որ իր պաշտոնավարման ժամանակահատվածում Վարդան Ղուկասյանը համայնքի միջոցները ոչ նպատակային է օգտագործել, մասնավորապես իր անձի և իր ունեցվածքի պահպանության նկատառումներով ոստիկանության համապատասխան ստորաբաժանման հետ կքնել է պայմանագրեր, որոնց հիման վրա նշած ստորաբաժանումը մատուցել է ծառայությունները: Մասնավորապես ապահովել է այդ անվտանգությունը, ամսական, սկզբում 760 հազար, հետագայում 850 հազար դրամ գումար է փոխանցել ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը:

Նշվածի հիման վրա իմ հանձնարարությամբ ոստիկանության տարածքի բաժնում, ոչ թե քննչականում, նախապատրաստվել են նյութեր: Նյութերի նախապատրաստման ընթացքում հիմնավորված է համարվել, որ նախ առաջինը միջոցները ծախսվել են քաղաքապետի և քաղաքապետարանի աշխատակիցների անվտանգությունն ապահովելու նկատառումներով, դրանք ծախսվել են Վարդան Ղուկասյանի նկատառմամբ կատարված մահափորձից հետո միայն, ոչ թե մինչև մահափորձը: Եվ դրանք ծախսվել են ոչ թե Վարդան Ղուկասյանի որոշումների համաձայն, և ընդ որում միանձնյա որոշումների համաձայն, այլ նման որոշումներ կայացրել է ավագանին, որը և հաստատել է քաղաքապետարանի բյուջեի կատարողականը: Իսկ կատարողականում նշված է, թե «այլ ծախսերին» ինչքան գումար է հատկացվում: Նշված գումարները հատկացրել են «այլ ծախսերից», հետևաբար էս ամեն ինչը կատարվել է ավագանու որոշմամբ, և ավագանու հայեցողությամբ: Բնականաբար ավագանու անդամներից էլ բացատրություն ենք ստացել, նրանք նշել են, որ հաշվի առնելով մեր քաղաքապետի նկատմամբ կատարված մահափորձը, նաև նկատի ունենալով, որ նշվածը կարող է հետագայում վտանգ ստեղծել մեր աշխատակիցների համար, հատկապես այն աշխատակիցների, որոնք առավել մտերիմ են քաղաքապետի հետ, համայնքի ավագանին որոշում է կայացրել «այլ ծախսերից» հատկացնել նաև քաղաքապետի և քաղաքապետարանի աշխատակիցների անվտանգության ապահովման համար գումար»:

Մենք նաև հետաքրքրվեցինք, թե հաջողվե՞լ է հարցաքննել այդ ժամանակվա  ավագանու բոլոր անդամներին: «Ոչ բոլոր անդամներին են կարողացել հարցաքննել, քանի որ, գիտեք, կան ավագանու անդամներ, ովքեր որ հանրապետությունից են բացակայում, ոչ միայն Գյումրի քաղաքից: Բնականաբար գերակշռողմեծամասնությունը բացատրություններ տվել են, և, ըստ էության, դրանք նույնաբովանդակ են. նրանք չեն ասել` մենք տեղեկություններ չունենք էս ամեն ինչից, դա Վարդան Ղուկասյանի որոշելիքն էր և այլն, և այլն…

Ավագանու անդամները միասնական պնդում են, որ դա իրենց ցանկությունն է եղել, դա իրենք են որոշել, և որոշել են` հաշվի առնելով իրենց վերադասի նկատմամբ նախկինում տեղի ունեցած իրադարձությունը: Էս դեպքում ավագանու արարքում հանցակազմ ման գալը, առավել քան անտեղին է», -ասաց Րաֆֆի Ասլանյանը:

Մենք Շիրակի մարզի դատախազին նաև հարցրեցինք` Վարդան Ղուկասյանի անձից բացի, նրա տունը պահպանելու մասին խոսք եղե՞լ է: «Պայմանագրի մեջ տան վերաբերյալ որևէ կետ չկա, ես ձեզ նորից եմ ասում, հնարավոր է, տեսականորեն չեմ բացառում, որ նշված անձիք տան պահպանություն են իրականացրել, բայց դա փաստաթղթերում արտացոլված չէ, հետևաբար դրանք իրավաբանորեն հիմնավորված չեն: Այսինքն` նյութերի նախապատրաստման ընթացքում մենք նման եզրահանգման չէինք կարող գալ, քանի որ չէինք հիմնավորել, որ անձիք, բացի քաղաքապետի անվտանգությունից ապահովել են նաև նրա տան անվտանգության խնդիրները, ուստի այս առումով վարույթ իրականացնող մարմինը գտել է, որ հանցակազմը բացակայում է, հետևաբար հնարավոր չէ քրեական գործ հարուցել որևէ անձի նկատմամբ:

Դատախազությունը, իր լիազորությունը օգտագործելով, իհարկե, հսկողություն է իրականացրել հետաքննական մարմնի գործունեության օրինականության նկատմամբ, կայացրած որոշման օրինականության նկատմամբ և հաստատվել է տվյալ որոշումը դատախազությունում», -ասաց դատախազը:

Ըստ Րաֆֆի Ասլանյանի, մնացած հարաբերությունները կրում են քաղաքացիական բնույթ, այսինքն` ենթակա են լուծման քաղաքացիական դատավարության կարգով: «Այսինքն` այս քաղաքապետի և նախորդ քաղաքապետի միջև, եթե կա որոշակի հարաբերություն գումարների հատկացման շուրջ և, ընդ որում, այստեղ հայցվոր հանդես է գալիս ոստիկանությունը, բնականաբար թող որպես երրորդ անձ ներգրավեն Վարդան Ղուկասյանին տվյալ քաղաքացիական գործով, և նրանից պատասխաններ պահանջեն քաղգործի քննության շրջանակներում: Եթե կհիմնավորեն, որ նա սխալ է, իր անձնական միջոցներից թող վերականգնի, վերադարձնի էդ գումարները, եթե քաղգործով էդպիսի վճիռ կկայացվի: Էստեղ քրեադատավարական հարթությունում որևէ խնդիր չկա»,-պարզաբանեց դատախազը:

Հիշեցնենք, որ Գյումրու համայնքային բյուջեից նախորդ քաղաքապետի անվտանգության ապահովման համար 3 տարվա ընթացքում ծախսվել է մոտ 29 միլիոն դրամ:

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30