Լրահոս
Օրվա լրահոսը

Կապանում հավատով սպասում են անհայտ կորած ազատամարտիկների վերադարձին. (Տեսանյութ)

Հունիս 29,2014 22:33

Անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օրը նշվեց նաեւ Կապանում: Ղարաբաղյան հակամարտության տարիներին Կապանի տարածաշրջանից 18 ազատամարտիկ է անհայտ կորել, այդ թվում նաեւ ազատամարտիկներ` Շիկահողի գումարտակից: Կապանցի Արշավիր Գրիգորյանն արդեն 20 տարի է սպասում է պատերազմական գործողությունների ժամանակ անհայտ կորած իր որդուն` Սուրիկ Գրիգորյանին:

Azatamartik1

«34 տարեկան էր Սուրիկը,  նոր էր ամուսնացել, երբ մեկնեց ռազմի դաշտ:  Զանգիլանի, Սրաշենի, Ագարակի ինքնապաշտպանական մարտերին է մասնակցել, Մարտուն Բադալյանի ղեկավարած Շիկահողի բատալյոնում էր կռվում,  Հորադիզի մարտերից հետո  այլեւս տուն չի եկել, ասում են գերի են վերցրել, բատալյոնից  7հոգի  չեն վերադարձել…», -ասաց ազատամարտիկ Սուրիկ Գրիգորյանի հայրը: Կապանի «Ազատամարտ» կոմիտեի նախագահ, ազատամարտիկ  Խորեն  Հարությունյանը նշեց, որ բոլոր անհայտ կորածների հարազատները երբեք չեն դադարում հավատալ ու սպասել իրենց հերոս որդիներին, հայրերին ու  ամուսիններին:

«Մենք համարում ենք, որ իրենք կան, իրենք կենդանի են, կգա մի օր, որ հետ կվերադառնան, ընտանիքների մոտ այդ հույսը կա եւ չի մարում…: Անհայտ կորածների հարազատները այսօր հիմնականում  մեզ դիմում են ֆինանսական աջակցություն ստանալու խնդրանքով`բուժման, դեղորայքի ձեռքբերման հարցերը լուծելու համար: Ազատամարտիկների խնդիրների լուծման համար հիմնականում աջակցում են «Լեռնահայաստան»   հիմնադրումը, «Դանդի փրիշս մեթալս Կապան» ՓԲԸ  եւ        Կապանում գործող մի շարք հիմնարկ-ձեռնարկություններ»,- նշեց պարոն Հարությունյանը: Կապանի փոխքաղաքապետ Ռուդոլֆ Սարգսյանը ներքին համոզվածություն ունի, որ անհայտ կորած ազատամարտիկներից շատերին դեռ  կհաջողվի հանդիպել ապագայում եւ ցանկություն հայտնեց, որ նրանց ծնողների, հարազատների, բարեկամների մեջ երբեք չխամրի  հավատի, հույսի այն փոքրիկ բոցը, որը մշտապես զգացնել է տալիս նրանց կենդանության մասին:

«Ես ամեն անգամ որոշում եմ, որ վերջ, այլեւս չեմ զբաղվելու այս գործով, ծանրագույն բան է խոսել մարդու հետ, ով հուսով է, որ իր հարազատը դեռ կվերադառնա, իսկ դու ոչինչ չես կարողանում անել, որովհետեւ, ցավոք սրտի մեր հարեւան պետությունը չի գնում ոչ մի կոնտակտների այդ հարցերի շուրջ»,- նշեց Կապանում  անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օրվան նվիրված միջոցառմանը ներկա գտնվող գերիների, պատանդների եւ անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի անդամ, «Ընդդեմ իրավական կամայականության» հ/կ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը:

Azatamartik

Գերիների պատանդների եւ անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի անդամ, անհայտ կորած ազատամարտիկ Յուրի Առուստամյանի կին Զարինե Հակոբյանը  վստահ է, որ մարտի մեկնած կապանցի տղաները անպայման մի օր վերադառնալու են. «Հույսներդ չկտրեք, հրամանատար Մարտուն Բադալյանի հետ ինչպես բոլորը գնացել են մարտի, այնպես էլ վերադառնալու են տուն: Փառք տանք Աստծուն, թող տղաների ճակատագրերն անհայտ չլինեն, թող նրանք լինեն հայրենիքի նվիրյալներ, բայց ոչ անհայտ ճակատագրեր…»:

Քաջարանի քաղաքապետ Վարդան Գեւորգյանն Հայրենական մեծ պատերազմի տարիներից անհայտ կորած որդիներին սպասող իր տատի օրինակը բերելով` կոչ է արել անհայտ կորած ազատամարտիկների հարազատներին միշտ արդուկած պահել նրանց շորերը, ճաշի սեղանին  նրանց համար էլ սպասք ավելացնել եւ տանը միշտ ներկա դեմքով խոսել նրանց հետ:

«Տատս 96 տարի ապրեց եւ  յուրաքանչյուր օր միշտ որդու տրեխների վրա ջուր էր ցողում, որպեսզի թարմ վիճակում մնար, որ որդին  գար հագներ, ամեն անգամ սեղան պատրաստելիս միշտ դնում էր սպասքեղենը , բայց երբեք ճաշ չէր լցնում, որ տղան գա եւ տաք ուտի ճաշը: Բոլոր ժամանակներում դավաճաններին միշտ վերաբերվել են  ավելի դաժան` քան գնդակահարությունը, իսկ գերիների նկատմամբ  միշտ հարգանք  ու  սեր է եղել, փոխադարձ հանձնման արարողություն, բայց քանի որ մեր թշնամին ինքը զուրկ է այդ ասպետականությունից եւ ինքն իր ողջ էությամբ, իսկ արհավիրք է  աշխարհի համար, դեռեւս անհայտ կորածները մեզ համար մնում են անհայտ կորած…», -ասաց Վարդան Գեւորգյանը:

Անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օրվան նվիրված միջոցառման ավարտին հայրենիքի սահմանները պաշտպանելիս անհայտ կորած սյունեցի մի շարք ազատամարտիկների ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի կողմից  մարտական ծառայության մեդալներ շնորհվեցին:

 

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30