Լրահոս
Օրվա լրահոսը

Շնորհավորանքներ Նախագահ Սերժ Սարգսյանին՝ ծննդյան օրվա առթիվ

Հունիս 30,2014 13:41

Ծննդյան օրվա առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորանքներ և բարեմաղթանքներ է ստանում օտարերկրյա պետությունների ղեկավարներից, միջազգային կազմակերպությունների, պետական և հասարակական հատվածի ներկայացուցիչներից, անհատներից:

ՀՀ Նախագահին 60-ամյա հոբելյանի առթիվ շնորհավորական ուղերձներ են հղել Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինը, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Նախագահ Սի Ծինփինը, Ղազախստանի Հանրապետության Նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, Բելառուսի Հանրապետության Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Հնդկաստանի Հանրապետության Նախագահ Պրանաբ Մուքերջին, Տաջիկստանի Հանրապետության Նախագահ Էմոմալի Ռահմոնը, Թուրքմենստանի Նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը, Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևը:

Նախագահ Սերժ Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը:

«Մեծարգո Սերժ Ազատի,

Արցախի ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 60-րդ տարեդարձի կապակցությամբ:

Դուք կանգնած եք եղել Արցախյան ազգային-ազատագրական շարժման ակունքներում և մեծ ավանդ ունեք հայկական երկու հանրապետությունների կայացման ու զարգացման, հայոց բանակի կազմավորման և մեր բոլոր հաղթանակների կերտման գործում:

Տարբեր ժամանակներում բարձր պաշտոններ զբաղեցնելով Արցախում և Հայաստանում` Դուք անմնացորդ նվիրվել եք հարազատ ժողովրդի շահերի պաշտպանությանը, համազգային նպատակների ու ծրագրերի իրականացմանը: Դա հայրենանվեր և ազգանպաստ ծառայություն է, որն արժանի է բարձր գնահատանքի:

Մեկ անգամ ևս շնորհավորում եմ Ձեզ հոբելյանի առթիվ և մաղթում խաղաղություն, քաջառողջություն, երկար տարիների կյանք ու մեծագույն հաջողություններ Ձեզ և Ձեր բոլոր հարազատներին ու մերձավորներին, զորացում ու բարգավաճում` մեր հերոսական ժողովրդին ու հայրենիքին»,-ասված է ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի շնորհավորական ուղերձում:

ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի շնորհավորական ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Հարգելի Սերժ Ազատի,

Ընդունեք սրտանց շնորհավորանքներ Ձեր հոբելյանի կապակցությամբ,

Ձեր գործունեությունը Նախագահի պաշտոնում և ավելի վաղ այլ պատասխանատու պետական պաշտոններում Ձեզ արդարացիորեն արժանացրել է հայրենակիցների հարգանքին և միջազգային ասպարեզում բարձր հեղինակության:

Դուք անձնական մեծ ներդրում եք կատարում մեր երկրների միջև դաշնակցային գործընկերության ամրապնդման գործում: Վստահ եմ, որ ռուս-հայկական փոխշահավետ կապերի ամբողջ համալիրի հետագա զարգացմանը կնպաստի եվրասիական ինտեգրացիոն գործընթացներին Հայաստանի առաջիկա լիամասշտաբ միացումը:

Անկեղծորեն թանկ եմ գնահատում մեր միջև ձևավորված փոխըմբռնումն ու վստահությունը: Ուրախ կլինեմ Ձեզ հետ շփումը և համատեղ սերտ աշխատանքը շարունակելու՝ ի բարօրություն Ռուսաստանի և Հայաստանի ժողովուրդների:

Սրտանց մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, երջանկություն, բարօրություն, նոր հաջողություններ և ամենայն բարիք»:

ՌԴ Նախագահը Նախագահ Սերժ Սարգսյանին իր շնորհավորանքն ու բարեմաղթանքները փոխանցել է նաև այսօր կայացած հեռախոսազրույցի ժամանակ:

Չինաստանի Նախագահի շնորհավորական ուղերձում ասված է. «Ես բարձր եմ գնահատում այն մեծ ջանքերը, որ Դուք ներդնում եք հայ-չինական հարաբերությունների զարգացման գործում՝ ուղղված համակողմանի համագործակցության ակտիվ առաջխաղացմանը: Հայ-չինական հարաբերությունների զարգացմանը մեծ ուշադրություն հատկացնելով՝ ես պատրաստ եմ Ձեզ հետ միասին մեծ ջանքեր ներդնել երկկողմ քաղաքական փոխգործակցության խորացման, ավանդական բարեկամության ամրապնդման և փոխշահավետ համագործակցության զարգացման գործում՝ ի նպաստ երկու երկրների և ժողովուրդների»:

Հանրապետության Նախագահին ուղղված շնորհավորանքները շարունակվում են:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ
ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ
ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30