Արտո Չաքմաքչյան. «Հայաստանում 5-ից 3-ը տաղանդավոր է, 3-ից 2-ը՝ գյումրեցի»

Արտո Չաքմաքչյան. «Հայաստանում 5-ից 3-ը տաղանդավոր է, 3-ից 2-ը՝ գյումրեցի»

«Առնո Բաբաջանյան» համերգասրահում այսօր կայացավ Երեւանի քաղաքապետարանի «ՀայԱրտ» մշակութային կենտրոնի տնօրեն Ռիտա Շառոյանի «Խոսիր ինձ հետ» հեղինակային ֆիլմաշարի «Քայլող մարդը» ֆիլմի պրեմիերան, որը նվիրված է կանադաբնակ անվանի քանդակագործ, Կանադայի գեղարվեստի թագավորական ակադեմիայի անդամ Արտո Չաքմաքչյանին: Դա ինչ-որ առումով նաեւ ծննդյան նվեր էր. հունիսի 26-ին մաեստրոյի ծննդյան օրն էր, լրացավ նրա 81 տարին:
«Ֆիլմը նկարելու պրոցեսն ավելի հեշտ է, քան այն հանդիսատեսի ազնիվ դատին հանձնելը»,-նշեց ֆիլմի հեղինակը, որն անչափ հուզված էր, քանի որ Արտո Չաքմաքչյանի մասին ֆիլմ նկարելը պատասխանատու գործ է:

arto2

«Շուրջ հինգ տարի առաջ էր, Արտո Չաքմաքչյանի Քայլող մարդու» արձանը պետք է դրվեր Երեւանի Հյուսիսային պողոտայում, քայլեց, քայլեց ու այդպես էլ, ցավոք, տեղ չհասավ…Արտո Չաքմաքչյանն ինքը քայլող մարդու խորհուրդն ունի իր մեջ՝ քայլելու, նոր խոսք անելու, առաջ գնալու…»,-հավելեց տիկին Շառոյանը, որին հաջողվել էր նրբորեն «որսալ» «քայլող մարդու» տպավորիչ խոսքը:

«Ապրելով Կանադայում՝ ես հայրենիքիցս եմ սնվում ու զորանում: Ինչպես մարդիկ, այդպես էլ երկրները ունեն դրական եւ բացասական հատկանիշներ, ինձ չեն անհանգստացնում այն թերությունները, որ ունի Հայաստանը, քանի որ ես իմ երկիրը սիրում եմ իր առավելություններով»,-ասում է Արտո Չաքմաքչյանը ֆիլմում ու շեշտում, որ ինքը լիցքավորվում է Հայաստանով: Նա պատգամում է ապրել բնության օրենքներով, ոչ թե քաղաքակրթության; Ափսոսում է, որ մարդիկ գնալով վերածվում են միանման անձանց ամբոխի: Արվեստագետը փաստում է՝ Հայաստանում հինգից երեքը տաղանդավոր է, երեքից երկուսն էլ՝ գյումրեցի. «30 տարի է դասավանդում եմ Կանադայում, չի եղել , որ մեկ անգամ մեկին ասեմ տաղանդավոր»:

arto3

Դարձյալ ֆիլմում վարպետը շեշտում է՝ Կոմիտասն ու Նարեկացին հայ ժողովրդի մշակույթի անկյունաքարերն են, մեր իրականությունը. « Ինչ էլ լինի, ես Կոմիտասով եմ արտահայտում»: Քանդակագործը մի բան է պարզել իր համար՝ Հայաստանում սիրո պակաս կա, շղթայական սիրո: Մեկ այլ պատգամով էլ նա ասում է, որ արվեստում շատ պետք է լինեն մարդկային էլեմենտներն ու թելերը, որպեսզի արվեստի գործը ապրի, նաեւ արվեստագետն ու ժողովուրդը չպետք է խորթանան միմյանց:

Արտո Չաքմաքչյանը իր մասին ֆիլմի դիտումից հետո գոհունակություն հայտնեց, ասաց, որ Ռիտա Շառոյանի ֆիլմը ստացվել է, ինքը ճիշտ է ընտրել ամեն ինչ:

ՀՅԴ ԳՄ անդամ, բանասեր Լիլիթ Գալստյանը Aravot.am –ի հետ զրույցում նշեց, որ Ռիտա Շառոյանին զարմանալիորեն հաջողվել է վավերագրել Արտո Չաքմաքչյանի խոսքը:

Հավելենք, որ Չաքմաքչյանը 1978 թ-ից սկսած քանդակագործություն և գեղանկարչություն է դասավանդում Քվեբեքի համալսարանում։ Նրա ստեղծագործությունները տեղադրված են Մոնրեալի, ինչպես նաև աշխարհի մի շարք այլ քաղաքների հասարակական վայրերում։ Նրա որոշ գործեր պահվում են Հայաստանի ազգային պատկերասրահում, Երեւանի Ժամանակակից արվեստի թանգարանում, արտասահմանյան թանգարաններում ու մասնավոր հավաքածուներում: Արվեստագետն արժանացել է բազմաթիվ պարգեւների, այդ թվում՝ Մովսես Խորենացու եւ ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալների, ինչպես նաեւ Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի «Նարեկացի» մեդալի:

Ցավոք արվեստագետի որեւէ քանդակ առայսօր տեղադրված չէ Հայաստանում, մինչդեռ հեղինակը պատրաստ է իր գործերը նվիրել հայրենիքին:

 

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք