Պաշտպանության ոլորտի ծախսերը նույնպես պետք է թափանցիկ լինեն (Տեսանյութ)

Պաշտպանության ոլորտի ծախսերը նույնպես պետք է թափանցիկ լինեն (Տեսանյութ)

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր «Թրանսփարանսի ինթերնեյշնլ» կազմակերպությունը ներկայացրեց «Հայաստանի պաշտպանության հաստատություններում կոռուպցիոն ռիսկերի գնահատումը»: Նման ուսումնասիրություն իրականացվել է աշխարհի 82 երկրներում: Պաշտպանության հաստատությունների օրինավորության համաթիվը գնահատում է պաշտպանության եւ անվտանգության համակարգի հիմնական հինգ ռիսկային ոլորտները՝ քաղաքական, ֆինանսական, անձնակազմի, գործողությունները եւ գնումները: Ոլորտներում կոռուպցիոն ռիսկերը գնահատող հարցաշարի պատասխանների հիման վրա երկիրը դասվում է A-ից F խմբերից մեկում, A-ում ռիսկերը համեմատաբար ցածր են, F-ում՝ չափազանց բարձր: Հայաստանն իր արդյունքներով հայտնվել է D- խմբում, որն ավելի մոտ է E խմբին, այն դեպքում, երբ D+-ը ավելի մոտ է C խմբին: Ըստ այդմ, Հայաստանի պաշտպանական հաստատություններում կոռուպցիոն ռիկսերը բարձր են:

DSCN7347

Արդյունքների մանրամասները ներկայացրեց անկախ փորձագետ Վիրաբ Խաչատրյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Երբ անկախ փորձագետը վերջացրեց իր զեկույցը, որում ներկայացվում էին ոլորտի բոլոր հնարավոր կոռուպցիոն ռիսկերը, մտավախությունները, խնդիրները, ձայն խնդրեց արդյունքների ներկայացմանը մասնակցող ՀՀ նախագահի գլխավոր ռազմական տեսուչի տեղակալ Գեորգի Ֆարյանը: Պարոն գեներալ-մայորը չընդունեց մինչ այդ հնչած քննադատությունները, նկատեց, որ պետք չի համեմատվել Անգլիայի, Ֆրանսիայի հետ, այլ պետք է ոտք մեկնել այն երկրների հետ, որոնց հետ մենք «ստիպված» համագործակցում ենք:

Նա նաեւ բերում էր ԽՍՀՄ օրինակը, թե ինչու էր անթափանց պաշտպանության համակարգը՝ որպեսզի հակառակորդը գլխի չընկներ զինվորների քանակի եւ այլնի վերաբերյալ:  Այս փաստարկները չընդունվեցին անկախ զեկուցողի կողմից, ով, պարզվեց նաեւ ՊՆ-ում է աշխատել ժամանակին: Վիրաբ Խաչատրյանը պնդում էր, որ թափանցիկությունը որեւէ կերպ չի վտանգի մեր անվտանգությունը, հակառակը՝ անվտանգության անվան տակ քողարկվող մութ գործերն ու կոռուպցիոն ռիսկերն են վտանգավոր: Ավելին, նա համոզմունք հայտնեց, որ անգամ հետախուզության ոլորտի ֆինանսական հաշվետվությունները կարող են լինել թափանցիկ, եւ դա որեւէ կերպ չի սպառնա մեր անվտանգությանը:

Դահլիճից հարցեր հնչեցին զինվորների մահվան մասին, նրանց անվճար աշխատացնելու մասին: Գեներալ-մայոր Ֆարյանը, անդրադառնալով այդ հարցերին, ասաց. «Մեր ռազմական տեսչությունը պարբերաբար ստուգումներ է անում, թյուր է կարծիքը, որ ՊՆ ոլորտն անվերահսկելի է, ոչինչ չի արվում: Մեր տեսչությունը նախագահի տեսչությունն է, ամեն արդյունք դրվում է նախագահի սեղանին: Ինչ վերաբերում է զինվորական կազմին շահագործելուն, որպես գեներալ հավաստիացնում եմ ձեզ, վաղուց չկան նման դեպքեր: Հիմա սպայակազմը ՊՆ  ակադեմիա ավարտած սպաներ են, նոր մոտեցումներով, նոր պահանջներով են շարժվում: Մի՛ մտածեք, որ զինված ուժերում ծառայող սպաները պակաս հայրենասեր եւ հայեր են, շատ ծանր գործ է սպա լինելը: Պետք է լինեք զինված ուժերում, տեսնեք, թե ի՞նչ է ծառայությունը, ինչ ծանր գործ է, որը մենք դրել ենք մեր երիտասարդ տղաների ուսերին, ու նրանիցից շատերն այնքան ծանր են աշխատում, որ չեն հասցնում իրենց անձնականի մասին մտածել, ընտանիք կազմել: Ինչ վերաբերում է մեր զինվորների մահացությանը, ասեմ, որ ամեն զինվորի մահ մեր բոլորի անձնական ողբերգությունն է, ես հաճախ եմ լինում սահմաններում, կան բաներ, որոնք անխուսափելի են, հաճախ անզգուշությունն է պատճառ լինում, հաճախ սպաների անփությունը, անբարեխղճությունը…»:  Նա վերջում խոստովանեց, որ հավատում է, թե քաղաքացիական հասարակության նպատակը բարեփոխումներն են բանակում, սակայն շեշտեց, որ «միայն պախարակելով չի լինի»:

«Թրանսփարենսի ինթերնեյշնլ» կազմակերպությունից Սոնա Այվազյանը նկատեց, որ պաշտպանության ոլորտի անթափանցությունը իներցիայի արդյունք է, եւ ժողովրդավար հասարակություններում պաշտպանության ոլորտի ժողովրդից «պաշտպանելու» կարիք չկա:

Ի տարբերություն գեներալ-մայորի, քննարկմանը ներկա ՊՆ ներկայացուցիչները բավականին կառուցողական էին տրամադրված քննադատությունների հանդեպ, նշեցին այն ձեռքբերումները, որ պաշտպանության համակարգում կա՝ դեպի ժողովրդավարացում ճանապարհին, իսկ մինչեւ տարեվերջ էլ պատրաստ կլինի նախարարության ինքնագնահատականը, որի վրա այժմ աշխատում են:

Անկախ փորձագետ Վիրաբ Խաչատրյանն էլ, ամփոփելով նշեց,որ բոլորս ուզում ենք ապրել երկրում, որտեղ ապրելն ամոթ չէ, եւ այս կարգի ուսումնասիրությունները արվում են ոչ միայն քննադատելու, այլեւ ոլորտում եղած խնդիրները վեր հանելու համար, հսկայական ռեսուրսներ են բյուջեից գնում ռազմական, պաշտպանական ոլորտ եւ յուրաքանչյուր հարկատուի իրավունքն է՝ իմանալ, թե ինչպես են ծախսվում այդ գումարները:

Ի դեպ, որպես ցցուն օրինակ, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը նկատեց, որ երբ ինքը հրապարակել էր այն մասին, որ դիպուկահարների համար նախատեսված ինչ-որ զենք համաձայն armcontrol  կայքի, արժե 3-5  հազար դոլար, իսկ մեր երկրում դրանք ձեռք են բերվել 15 հազարով, իրեն ոչ ոք չհերքեց. «Պետք է լինի հաշվետվողականություն: Իսկ ո՞վ ասաց, որ սպառազինության համար ծախսվող գումարները չպետք է հրապարակվեն: Ուզում ենք արդյունավետ ծախսվեն հարկատուների միջոցները: Այս տեսակետից վստահեցնում եմ, կա ձգտում ՊՆ ներսում համագործակցության համար: Ոչ ռազմական գնումները գաղտնազերծվում են, բայց դրանք կոռուպցիոն ռիսկերի նվազեցման վրա բովանդակային ազդեցություն չունեն»:

 

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք