Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչու է թանկացել էլեկտրաէներգիան

Հուլիս 02,2014 14:46

Առցանց «Առավոտի» «Դեմ առ դեմ» հաղորդման եթերում թեման քննարկում են
«Սիվիլնեթ» կայքի տնտեսական մեկնաբան Արմենակ Չատինյանը
եւ «Հայկական ժամանակ» թերթի տնտեսական լրագրող Հայկ Գեւորգյանը:

Արամ Աբրահամյան.– Էլեկտրաէներգիայի թանկացման հիմնավորումներից մեկն այն էր, որ Էլցանցերն ավելի թանկ գնով են հոսանք գնում, եւ այդ պատճառով ավելի թանկ գնով են վաճառում մեզ:

Հայկ Գեւորգյան.– Զուտ հաշվապահական իմաստով եթե վերցնենք, իրոք՝ 2013թ. էլցանցն ավելի թանկ գնով է գնել էլեկտրաէներգիան, բայց նախկին սակագնով է վաճառել, եւ այդ տարբերությունների պատճառով առաջացել է մոտ 10 մլրդ դրամի կարգի վնաս: Իսկ ավելի թանկ էլեկտրաէներգիա գնել է այն պատճառով, որ 88 օր ատոմակայանը կանգնել էր՝ ավելի երկար, քան նախատեսված էր: Այսինքն՝ առաջին հայացքից շատ հիմնավոր է թվում, իսկ եթե փորձենք դուրս գալ հաշվապահությունից ու տեսնել, թե ինչ կարելի էր անել, որպեսզի այդպես չլիներ, ուղղակի շատ պարզ հարցեր կան: Օրինակ՝ ինչո՞ւ ատոմակայանի պակաս աշխատելու պատճառով էլեկտրաէներգիա գնվեց Հրազդան ՋԷԿ-ից, որը 60-ական թվականների տուրբիններով է աշխատում, այլ չգնվեց 5-րդ բլոկից, որն աշխատել է իր հզորությունների 30-35%-ով, այդ դեպքում Հրազդանի 5-րդ բլոկի արտադրած էլեկտրաէներգիան իր գնով շատ ավելի ցածր է: Այսինքն՝ եթե գնեին այնտեղից, չէր առաջանա 10 մլրդ-ի պարտք, այլ կլիներ, ասենք, 2 մլրդ: Այստեղ հաշվարկել էր պետք:

Ա. Ա.- Ի՞նչն էր պատճառը, որ էլեկտրաէներգիան սկսեցին ավելի թանկ գնել:
Արմենակ Չատինյան.- Պատճառը հիմնականում այն էր, որ ատոմակայանը նախատեսվածից ավելի շատ էր կանգնել, մյուս պատճառը այն էր, որ սակագնի հաշվարկման մեջ դրված էր, եթե չեմ սխալվում՝ 5,3 մլրդ ԿՎտ/ժ սպառում, իրականում սպառումը եղել է 5,2 մլրդ ԿՎտ/ժ. դա նույնպես իր դերակատարումն է ունեցել: Էլեկտրական ցանցերը իրենք չեն որոշում՝ որ կայանից ձեռք բերել, գոյություն ունի պետական ընկերություն՝ Էլեկտրական ցանցերի օպերատոր, որը ինքն է տվյալ պահին որոշում՝ ո՞ր կայանից, ինչպե՞ս եւ այլն: Այդ օպերատորն է որոշել, որ գնումները կատարեն Հրազդանի ՋԷԿ-ից, որտեղ 1 ԿՎտ էլեկտրաէներգիան միադրույք սակագնով կազմում էր 60 դրամ, բնակչությանը վաճառվում էր 38 դրամով: Բացի այդ՝ նաեւ բաշխիչ ցանցերում ցանցի ֆինանսական ճեղքվածքի արդյունքում, գոնե հաշվետվությունից եւ աուդիտորական եզրակացությունից երեւում է, որ իրենք ունեցել են վարկային պարտավորություններ եւ չեն կարողացել այդ պարտավորությունները կատարել: Բանկերը կարող են ողջ մայր գումարը պահանջել, այդ դեպքում ՀԷՑ-ը ստիպված կլիներ իր որոշակի հիմնական միջոցները վաճառել, որովհետեւ իրենց դրամական հոսքերը չէին բավարարի այդ վարկը սպասարկելուն:

Հ. Գ.– Այսինքն՝ ՀԷՑ-ը փաստացի սնանկ ձեռնարկություն է, անկախ աուդիտորի հրապարակած տվյալներով՝ նա ունի 44 մլրդ դրամի պարտք:

Ա. Ա.- Մեր՝ սպառողների գումարով այդ պարտքը կփակվի՞:

Հ. Գ.- Միանշանակ՝ ոչ, եւ դա ամենեւին դժվար չէ կռահել: Հաշվենք՝ ատոմակայանը հաջորդ տարվանից կկանգնի արդեն շատ ավելի կապիտալ վերանորոգման, դա առնվազն 1,5 կամ 2 տարի կարող է տեւել, համեմատեք՝ ընդամենը 88 օր կանգնած լինելու պատճառով ինչ ֆինանսական կորուստներ է կրել ցանցը եւ որքան կկրի 1,5-2 տարի կանգնելու դեպքում: Այդ ժամանակ ուղղակի էլի կարող ենք ասել, որ 8-10 դրամով կթանկանա: Հանձնաժողովի շենքից հեռանալով՝ մենք աշխատակիցներին կատակով ասացինք, որ կհանդիպենք մյուս տարի ապրիլին, երբ որ նույն հանձնաժողովը նիստ կանի՝ էլեկտրաէներգիայի սակագինը եւս 8-10 դրամով թանկացնելու հարցով:

Ա. Ա.– Էլեկտրաէներգիայի սպառումը քչացե՞լ է:

Ա. Չ.- Սպառումն, ըստ էության, այնքան էլ չի քչացել, եթե 2012-ի հետ ենք համեմատում: Չպետք է մոռանանք այս խստաշունչ ձմեռը, որը որոշ չափով նպաստեց, պարզապես ծրագրված ցուցանիշը եղել է ավելի բարձր, քան իրականը: Սակագնի հիմքում դրված ցուցանիշը ներկայումս, եթե չեմ սխալվում, 5,5 մլրդ էր: Կարծում եմ՝ այդ սպառումն այս տարի եւս չի լինելու, նույնիսկ այս սակագնի պայմաններում, եթե ամեն ինչ նորմալ գնա, նույնիսկ բաշխիչ ցանցերը կարող է զրոյական շահույթով լինեն, այլ ոչ թե 13 մլրդ շահույթով, որը նախատեսված էր:

Քննարկումն ամբողջությամբ`

Պատրաստեց ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ

Bac_2
«Դեմ առ դեմ» հաղորդաշարը իրականացվում է Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի կողմից: Սույն հաղորդման մեջ տեղ գտած տեսակետները եւ վերլուծությունները արտահայտում են մասնակիցների կարծիքը եւ հաստատված չեն Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի կամ նրա խորհրդի կողմից։ Սույն հաղորդման պատրաստումը հնարավոր է դարձել Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի ամբողջական ֆինանսական օժանդակության շնորհիվ՝ ԶԼՄ-ների աջակցման ծրագրի շրջանակներում, դրամաշնորհ N18624։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031