Լրահոս
Օրվա լրահոսը

Պատվավոր դոկտորի կոչում՝ երեք բարձրաստիճան հոգեւորականների

Հուլիս 04,2014 13:55

Հուլիսի 2-ին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում պատվավոր դոկտորի կոչում շնորհվեց երեք պատվարժան հոգեւոր հայրերի՝ Տավուշի թեմի առաջնորդ Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանին, Արցախի թեմի առաջնորդ Տ. Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանին եւ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի դիվանապետ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանին: ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանն ընդգծեց, որ սա առաջին դեպքը չէ. ակադեմիան մշտապես ուշադրություն է դարձնում հոգեւորականների հայագիտական եւ պատմական գործունեությանը: Նա կարեւորեց հատկապես անկախությունից հետո Սուրբ Էջմիածնի եւ ազգային ակադեմիայի միջեւ եղած սերտ կապը, ինչպես նաեւ հոգեւորականության դերը հայոց պատմության, գիտության եւ մշակույթի պահպանման հարցերում: Նա ասաց, որ հայ ժողովուրդը դարեր շարունակ պետականություն չի ունեցել եւ ապավինել է եկեղեցուն, որտեղ կրթվել է հայոց հոգին եւ միտքը՝ սկսած Մեսրոպ Մաշտոցի հիմնած դպրոցներից, Գլաձորի, Տաթեւի եւ այլ հայտնի համալսարաններից: Լավագույն հոգեւորականների՝ Գարեգին Հովսեփյանի եւ բոլոր մյուս կաթողիկոսների աշխատանքի եւ ջանքերի շնորհիվ պահպանվել են հայոց պատմության կարեւոր էջերը: Եվ կան դեռ չուսումնասիրված էջեր, որոնք բացահայտվելու կարիք ունեն: Ակադեմիայի նախագահը նշեց, որ Ազգային ակադեմիայի պատվավոր անդամներ են երջանկահիշատակ Վազգեն Ա եւ Գարեգին Ա կաթողիկոսները, ինչպես նաեւ ներկայիս կաթողիկոս Գարեգին Բ Վեհափառ Հայրապետը: Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանն աստվածաբանության դոկտոր է, պաշտպանել է Աթենքում, հրատարակել է 20 գիրք՝ հայերեն, ռուսերեն, հունարեն եւ անգլերեն լեզուներով, ունի մի քանի տասնյակ գիտական եւ հրապարակախոսական հոդվածներ: Տ. Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանն Աստվածաբանության դոկտոր է, 3 աշխատությունների եւ բազմաթիվ հոդվածների հեղինակ է, առաջիկայում եւս երկու գիրք կհրատարակի: Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը 2001 թվականից առ այսօր Մայր Աթոռ Ս. Էջմիածնի դիվանապետն է: Հեղինակ է մի շարք հոդվածների եւ երկու գրքի՝ «Նվիրակությունը Հայոց եկեղեցում» եւ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչը հայ մատենագրության մեջ»:

Պատրաստեց՝
ՕՎ. ՄԱԴԱԹՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
03.07.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031