Լրահոս
Օրվա լրահոսը

RFID տեխնոլոգիական լուծումներն արդեն հասանելի են Հայաստանում

Հուլիս 04,2014 15:13

Գաղտնիք չէ, որ Հայաստանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում բավականին նպաստավոր դիրք է գրավում համաշխարհային շուկայում եւ համարվում է զարգացման մեծ ներուժ ունեցող երկիր: Վերջին տարիներին ոլորտի զարգացման տեմպերը, կառավարության կողմից ոլորտի աջակցությունը, ինչպես նաեւ մասնավոր հատվածի կողմից ոլորտի նկատմամբ հետաքրքրությունը ամուր հող են նախապատրաստել այս ոլորտի թռիչքային զարգացման համար: Ընդ որում, բարձր տեխնոլոգիաների ոլորտի հայկական ընկերությունները շուկայում աչքի են ընկնում ստեղծագործ եւ նորարարական մտքով, ճկունությամբ ու բարձր արդյունավետությամբ:

Այս ոլորտում քիչ հայտնի, բայց բավականին մեծ գործնական նշանակություն ունեցող ուղղություններից մեկի՝ RFID (ռադիոհաճախականության նույնականացում) համակարգերի մասին զրուցեցինք «Ավենյու Քընսալթինգ Գրուպ» ընկերության բաժնետեր եւ ռազմավարական կառավարման խորհրդատվական ծառայությունների ղեկավար տ.գ.թ Կարեն Մարտիրոսյանի եւ ժամանակակից տեխնոլոգիական լուծումներ մշակող եւ առաջարկող «Լիգա-Տեք» ընկերության տնօրեն Արսեն Աբրահամյանի հետ:

– Պարոն Մարտիրոսյան, երկար տարիներ աշխատելով գործարար խորհրդատվության ոլորտում՝ դուք քաջատեղյակ եք մասնավոր հատվածի հիմնական պրոբլեմներին: RFID տեխնոլոգիաների կիրառությունը ինչպե՞ս կարող է անդրադառնալ հայկական բիզնեսի արդյունավետության բարձրացման վրա, եւ ինչպիսի՞ խնդիրներ կարող են լուծվել:

– Նրանք, ովքեր քիչ թե շատ պատկերացնում են՝ ինչ է RFID տեխնոլոգիան, հիմնականում դրա կիրառությունը տեսնում են ներկայումս լայն տարածում ունեցող շտրիխ-կոդերի փոխարինման եւ իր գործառույթներով՝ առավել մեծ հնարավորություններ տալու մեջ: Սակայն հարցին միայն այդ տեսանկյունից նայելով՝ մենք կսահմանափակենք այդ տեխնոլոգիաների կիրառությունը եւ դրա միջոցով հասանելի լուծումները ինչպես բիզնեսում, այնպես էլ հասարակական կյանքում: RFID տեխնոլոգիաների միջոցով ստացվող լուծումները լայն կիրառություն կարող են ունենալ: Դրանցից որոշներն արդեն կան ու կիրառվում են ինչպես բիզնեսում, այնպես էլ կենցաղում ու հասարակական կյանքի տարբեր ոլորտներում: Թվարկեմ դրանցից ամենահայտնիները՝ մանրածախ վաճառակետերում, մասնավորապես՝ հագուստի եւ կոշիկի խանութների մուտքի մոտ դրվող գողության դեմ պայքարի համակարգերն են, որոնք Հայաստանում գործում են դեռեւս 2000-ականների սկզբներից: Համեմատաբար զարգացած երկրներում այս համակարգերը կիրառվում են նաեւ ավտոտրանսպորտային միջոցների նույնականացման եւ հաշվառման համար: RFID համակարգերի կիրառությունը լայն տարածում ունի նաեւ լոգիստիկայի ոլորտում: Եթե հնարավոր բոլոր ոլորտները թվարկենք, ապա RFID տեխնոլոգիաները կծածկեն բիզնեսի բոլոր ուղղությունները եւ հասարակական կյանքի բոլոր ոլորտները: Այս պահին շատ ակտուալ է ֆուտբոլի աշխարհի առաջնությունը, եւ շատերը նկատած կլինեն, որ այս աշխարհի առաջնությունն աչքի է ընկնում բարձր տեխնոլոգիական լուծումների կիրառությամբ: RFID տեխնոլոգիայի կիրառության շատ հաջող օրինակ են «խելացի գնդակները», որոնք թույլ են տալիս ճշգրիտ որոշել գնդակի՝ ցանցում հայտնվելու փաստը եւ գնդակի հստակ տեղադիրքը դարպասի ներսում:

– Պարոն Աբրահամյան, Հայաստանում բարձր տեխնոլոգիաների ոլորտում մասնագիտացած կազմակերպություններն արդյո՞ք ունեն RFID տեխնոլոգիական սեփական լուծումներ:

– RFID տեխնոլոգիաների կիրառությունը Հայաստանում դեռեւս սաղմնային վիճակում է գտնվում: Անշուշտ, տեսնելով այս տեխնոլոգիայի կիրառության արդիականությունը եւ անհրաժեշտությունը թե բիզնեսում, թե հանրային կառավարման ոլորտում՝ մեր ընկերությունն արդեն իսկ մշակել է մի քանի ավտոմատացված կառավարման համակարգեր, որոնք թույլ են տալիս պարզեցնել բիզնես գործընթացները, բարձրացնել դրանց արդյունավետությունը գույքի կառավարման գործառույթներում: Հատկապես լուրջ ներդրում ունենք գույքագրման համակարգերի ավտոմատացման եւ մանրածախ առեւտրում ապրանքանյութական պաշարների շարժի ավտոմատացված համակարգի մշակման մեջ: Իհարկե, նոր լուծումները բավականին դժվար են շուկայում իրենց տեղը գտնում, սակայն այդ ամենը հասկանալով՝ մենք իրականացրել ենք մի շարք դեմո-ներդրումներ, որոնք հնարավորություն են տալիս հետաքրքրվող կազմակերպություններին մատչելի ձեւով ծանոթանալու առաջարկվող համակարգերին: Բացի այդ, եւ հանրային, եւ մասնավոր ոլորտներում արդեն կան ներդրված եւ գործող գույքագրման ավտոմատացված կառավարման համակարգեր, որոնք տասնապատիկ անգամ կրճատում են այդ բիզնես գործընթացները եւ բարձրացնում դրանց արդյունավետությունը: Երկրորդ եւ առավել հեռանկարային լուծումը ապրանքանյութական պաշարների շարժի ավտոմատացված կառավարումն է, որը լայն տարածում կարող է ունենալ ինչպես մանրածախ առեւտրում, այնպես էլ մեծածախ առեւտրում եւ լոգիստիկ կենտրոններում: RFID տեխնոլոգիաների հիման վրա մշակված լուծումները նաեւ հնարավորություն են տալիս մերչենդայզինգում կիրառել նախկինում անհասանելի գործիքներ, որոնք էականորեն բարելավում են վաճառքները: Օրինակ՝ սուպերմարկետներում եւ հիպերմարկետներում այդ տեխնոլոգիաների կիրառությամբ կարող են գործել, այսպես կոչված, «խելացի սայլակներ», որոնք ամբողջությամբ կկատարեն դրամարկղի գործառույթը եւ հաճախորդներին կազատեն տհաճ հերթերից:

– Պարոն Մարտիրոսյան, ձեր ընկերությունն ինչպիսի՞ ներգրավվածություն ունի այս բարձր տեխնոլոգիական լուծումների մշակման եւ ներդրման գործում:

– Լինելով համապարփակ բիզնես խորհրդատվություն մատուցող ընկերություն՝ մենք հաճախ մեր խորհրդատվական ծառայությունները մատուցելիս եւ հաճախորդին արդյունավետ լուծումներ առաջարկելիս փորձում ենք դրանք իրականացնել բարձր տեխնոլոգիական լուծումների համադրմամբ, որը հնարավորություն է տալիս մեր առաջարկած լուծումների արդյունավետությունը բարձրացնել մի քանի անգամ: RFID տեխնոլոգիաների կիրառությունը հատկապես կարեւորում ենք ընկերություններում կառավարման համակարգերի ներդրման, բիզնես գործընթացների «ռեինժինիրինգի», ծախսաարդյունավետության բարձրացմանն ուղղված խորհրդատվական ծառայությունների մատուցման ժամանակ: Բարձրորակ խորհրդատվություն + բարձր տեխնոլոգիաներ՝ սա է մեր մատուցած ծառայությունների մրցունակության գրավականը:

– Պարոն Աբրահամյան, այս ոլորտում ի՞նչ հեռանկարներ եք տեսնում եւ արդյո՞ք RFID տեխնոլոգիաները լայն կիրառություն կունենան Հայաստանում:

– Աշխարհի առաջատար երկրները արդեն իսկ ունեն դրական փորձ: Այս տեխնոլոգիաները իրենց կիրառությունն են գտել ոչ միայն բիզնեսում, այլեւ բժշկության մեջ, ենթակառուցվածքների կառավարման ոլորտում, գյուղատնտեսությունում եւ այլն: Մենք անընդհատ հետեւում ենք շուկայի զարգացումներին, եւ մեր մասնագետները շարունակաբար փնտրում ու մշակում են նոր լուծումներ, որոնք կարող են դյուրացնել մեր կյանքը, նպաստել բիզնեսի զարգացմանը եւ հանրային կառավարման արդյունավետության բարձրացմանը: Օրինակ՝ այս պահին փորձարկման փուլում են գտնվում RFID տեխնոլոգիաների վրա հիմնված ավտոտրանսպորտային միջոցների նույնականացման եւ հաշվառման ավտոմատացված համակարգերը, վճարովի ճանապարհների ավտոմատ գանձման համակարգերը եւ այլն: Վերջինս դեռ Հայաստանում կիրառություն չի ունենա, սակայն մեր կողմից առաջարկվող լուծումները չեն սահմանափակվում միայն Հայաստանի Հանրապետության տարածքով, այլ նաեւ լուրջ հետաքրքրություն են առաջացրել հարեւան երկրներում:

Աննա ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Լուսանկարում (ձախից) Կարեն Մարտիրոսյանը եւ Արսեն Աբրահամյանը

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031