Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինձ չի հետաքրքրում՝ Առաքելական եկեղեցու հետևորդները շատանո՞ւմ են, թե՞ քչանում». Վահան Իշխանյան

Հուլիս 04,2014 21:32

Ավագ դպրոցականների հոգևոր դաստիարակության առանձնահատկություններին նվիրված ատենախոսությունը տապալվել է հեղինակի՝ Արմինե Դավթյանի կրոնական համոզմունքների պատճառով:

Նախորդ տարվա սկզբին Մանկավարժական համալսարանում ձևավորված գիտխորհրդի մեծ մասը դեմ է քվեարկել Ա. Դավթյանի ատենախոսությանը՝ մերժելով գիտական աստիճան շնորհել: Ավելի վաղ նրան հեռացրել էին աշխատանքից՝ պատճառաբանելով ամբիոնի վերակազմավորումը, մինչդեռ կինը պնդում է, թե իրական պատճառն այն է, որ իրեն համարում են կրոնական կազմակերպության անդամ՝ հավատացյալ կամ աղանդավոր:

2014-07-04-15.07

Այս և նման այլ հարցերի ու պատմությունների է անդրադառնում «Համայնք և երկիր. Հայաստանում խղճի ազատության ուսումնասիրություն» գիրքը, որի շնորհանդեսը տեղի ունեցավ այսօր՝ «Մեդիա կենտրոնում»:

Ուսումնասիրության հեղինակները երեքն են՝ Վահան Իշխանյան, Սառա Խոջոյան և Մերի Երանոսյան:

Ծանոթացնելով երկլեզու (հայերեն և անգլերեն) գրքին՝ Վ. Իշխանյանն ասաց, որ ուսումնասիրությունը ներկայացնում է Հայաստանում խղճի ազատության օրենսդրական խոչընդոտները, միջկրոնական հարաբերությունները, իշխանության և հասարակության կրոնական անհանդուրժողականության դրսևորումները, դրա հետևանքները, այդ անհանդուրժողականությունից խոցված մարդկանց պատմությունները, նաև վերջին հինգ տարիներին խղճի ազատության վերաբերյալ արված տարբեր հետազոտությունների հանրագումարը:

«Ուսումնասիրության, գրքի հիմնական ասելիքն այն է, որ Հայաստանում մարդկանց խղճի ազատության նկատմամբ չպետք է լինի այդպիսի բացասական վերաբերմունք,- ասում է Վ. Իշխանյանը:- Մամուլը շարունակ քննարկում է, թե որ դերասանը կամ երգիչը ինչ կրոնական համոզմունքներ ունի, և, կարծես, որպես հանցանք է ներկայացնում, որ այսինչ դերասանն այնինչ կրոնական կազմակերպության անդամ է»:

Հարցին, թե Վ. Իշխանյանին չի՞ մտահոգում արդյո՞ք, որ կրոնական զանազան կազմակերպությունների անդամակցողների թվի աճը բերում է Հայ առաքելական եկեղեցու հետևորդների թվի կրճատման, Վ. Իշխանյանը պատասխանեց. «Ինձ չի հետաքրքրում՝ Առաքելական եկեղեցու հետևորդները շատանո՞ւմ են, թե՞ քչանում, ինձ հետաքրքրում է, որ կրոնական հայացքների համար չհետապնդեն մարդուն»:

Մերի Երանոսյանն էլ, անդրադառնալով զանգվածային լրատվամիջոցների արձագանքին, ասաց. «Հետազոտությունները ցույց են տալիս, որ ԶԼՄ-ների խիստ բացասական վերաբերմունքը տարբեր կրոնական կազմակերպությունների (Հայ առաքելական եկեղեցուց բացի) հանդեպ նվազել է: Եթե 2010 թվականին դա կազմում էր մոտավորապես 34%, ապա այսօր 9%-ի էլ չի հասնում, ինչը լավ ցուցանիշ է»:

Մ. Երանոսյանը նշեց նաև, որ Հայ առաքելական եկեղեցին ուսումնասիրությունից դուրս է մնացել. «Դուրս է մնացել զուտ այն պատճառով, որ նրան չենք դիտարկել իբրև ճնշված, վտանգված ու խեղճ,- ասում է Մ. Երանոսյանը,- նույնիսկ կարծում եմ, որ Առաքելական եկեղեցին այսօր իշխանության հետ համատեղ է քայլում, այն դեպքում, երբ Սահմանադրությամբ իշխանությունն ու եկեղեցին պիտի իրարից անջատ գործեն, բայց իրականությունն այն է, որ կա սերտ համագործակցություն»:

 

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ. Թովմա says:

    Անգլիայիյ փորձն ուսումնասիրեք… կամ Շվեդիայինը… Իտալիայինը, որտեղ մարդիկ ընտրողաբար հարկ են տալիս Եկեղեցու բարեսիրական ծրագրերի իրականացման համար…

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031