Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞վ կլինի Հայաստանի հաջորդ նախագահը – 2

Հուլիս 07,2014 11:05
naxagahi nstavayr

Վերնագրում շարունակում ենք գրել «հաջորդ նախագահ», այլ ոչ թե` չորրորդ նախագահ, որովհետև չենք բացառում, որ Հայաստանի «հաջորդ նախագահ» դառնալու հնարավորությունները դեռևս պահպանում են Լևոն Տեր-Պետրոսյանը` անկախ տարիքից, ինչպես նաև երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը` անկախ մեր ցանկությունից:
Այս երկուսից մեկնումեկի նախագահ դառնալու դեպքում Հայաստանը, փաստորեն, ոչ թե չորրորդ նախագահ կունենա, այլ` կրկնակի առաջին կամ` կրկնակի երկրորդ:

Եթե, իհարկե, մինչ այդ սահմանադրական փոփոխություններ տեղի չունենան:

Սահմանադրական փոփոխությունների կողմնակիցները տարբեր պատճառներ են գտնում ու բերում: Ոմանք բացահայտ հայտարարում են, որ առաջին, երկրորդ և երրորդ նախագահներին երրորդ անգամ նախագահ առաջադրվելու հնարավորությունից զրկելը շատ ճիշտ է: Այսպես մտածողները չնայած երեք նախագահների հանգամանքն էլ նշում են, բայց իրենց հոգու խորքում նկատի ունեն միայն առաջինին ու երկրորդին, որովհետև Սերժ Սարգսյանն առանց սահմանադրական փոփոխությունների էլ առաջիկա նախագահական ընտրություններին մասնակցելու իրավունք չունի:

Սահմանադրական փոփոխությունների կողմնակիցներից ոմանք էլ էդ փոփոխությունների կարևորությունը պատճառաբանում են վարչապետական համակարգի ստեղծման հնարավորությամբ:

Մի քանի խոսք վարչապետական համակարգի մասին:

Եթե ոմանք կարծում են թե` վարչապետական համակարգին անցնելը պարզունակ ու հեշտ գործընթաց է, մեղմ ասած, սխալվում են; Դա միանգամայն բարդ գործընթաց է, մանավանդ Հայաստանի` Մաքսային միությանը կամ Եվրասիական միությանն անդամակցելու պարագայում: Էդ դեպքում Պուտինը, Նազարբաևը կամ Լուկաշենկոն Հայաստանի վարչապետի՞ հետ են սեղանի շուրջ նստելու ու բանակցելու, թե` Հայաստանի նախագահի: Թե՞ իրենք են որոշելու` ում հետ սեղան նստեն: Այս տարրական ու պարզունակ հարցին անգամ դժվար է միանշանակ պատասխան տալ:

Եթե այդքան հեշտ լիներ, Պուտինն իր երկրորդ ժամկետից հետո ոչ թե Մեդվեդևին նախագահ կդարձներ, այլ սահմանադրական փոփոխության միջոցով Ռուսաստանը կդարձներ վարչապետական` ինքը դառնալով վարչապետ, միգուցե նաև ցմահ վարչապետ` փոփոխվող ու փոփոխական նախագահներով:
Եվ վերջապես. վարչապետի ընտրությունը Հայաստանում ավելի հեշտ կկեղծվի, քան նույնիսկ` նախագահինը: Ավելի ճիշտ, վարչապետի ընտրությունը կեղծելու կարիք ու պահանջ չի էլ առաջանա, որովհետև եթե Հայաստանի վարչապետին Ազգային ժողովն է ընտրելու, ընդամենը հարկ կլինի կաշառել մեր պատգամավորների մեծամասնությանը: Ինչքան էլ Ազգային ժողովի մեր ընտրյալները թանկ առնվեն, դա ապագա վարչապետի վրա անհամեմատ էժան կնստի, քան` եթե բնակչության մի զգալի մասին տասը հազարական դրամ բաժանի:

Եվ վերջապես. եթե մեր պառլամենտականները շարունակելու են կեղծիքներով ու ընտրակաշառքներով ընտրվել, արդյոք նրանց ընտրած վարչապետը լեգիտի՞մ է համարվելու:

Եթե վարչապետին ԱԺ պատգամավորներն են ընտրելու, ապա վարչապետական համակարգն առաջին հերթին ձեռնտու կլինի պատգամավորներից նրանց, ովքեր պատգամավոր դառնալու համար շոշափելի գումար են ծախսում. նրանք, փաստորեն, վարչապետի ընտրության միջոցով հնարավորություն կստանան իրենց ծախսածը հետ վերադարձնել:

Փաստորեն, Հայաստանի վարչապետ կդառնա նա, ով բոլորից շատ փող ունի:
Ասվածից, իհարկե, չի կարելի ենթադրել, թե ընտրակաշառքին վարժված մեր ընտրողները կզրկվեն իրենց տասը կամ քսան հազարական դրամներից: Ընդհակառակը. ըստ ամենայնի, մանդատների գներն անհամեմատ կթանկանան, քանի որ ապագա մանդատավորից է կախված լինելու` ով կդառնա Հայաստանի վարչապետ:

Ասվածից կարելի է ենթադրել, որ եթե այս պահին մեր ԱԺ-ում անկաշառ որոշ պատգամավորներ ունենք, վարչապետական համակարգի պայմաններում դրանց թիվը զգալիորեն կնվազի:

Անկասկած ձեզանից շատերն ինձ կմեղադրեն, որ ամեն ինչ առուծախի եմ վերածում: Շատերն էլ կմեղադրեն, որ դեմ եմ փոփոխություններին: Ձեր ենթադրյալ մեղադրանքներին պատասխանելով կասեմ, որ, առանց իմ ջանքերի էլ Հայաստանում վաղուց ամեն ինչ առուծախի է վերածված` հատկապես ու առանձնապես քաղաքականության ասպարեզում;
Արդարանալով նաև կասեմ, որ ես ոչ թե փոփոխություններին եմ դեմ, այլ` անտեղի ու անբացատրելի փոփոխություններին: Եվ քանի որ դեռևս որևէ քաղաքագետ ու քաղաքական գործիչ համոզիչ ու սպառիչ կերպով չի բացատրել Հայաստանում վարչապետական համակարգին անցնելու կարևորությունն ու նշանակությունը, հակված եմ կարծել, որ վերստին ամեն ինչ անձնական շահերով է պայմանավորված: Ընդ որում, վարչապետական համակարգին դեմ արտահայտվողներն էլ են անձնական շահերից մղվում` սպառիչ ու համոզիչ որևէ բան չասելով:

Անկասկած կմտածեք, որ ինքս էլ եմ էս ամենն անձնական շահերիցս մղվելով գրում: Եվ շատ էլ ճիշտ կանեք` եթե այդպես մտածեք: Այս դեպքում իմ անձնական շահն էն է, որ ամեն ինչ չլինի ավելի վատ` քան հիմա է: Այսինքն, երրորդ սահմանադրության ընդունումից հետո չորրորդի անհրաժեշտությունը չառաջանա:

Ոսկան ԵՐԵՎԱՆՑԻ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031