Լրահոս
Օրվա լրահոսը

Գեւորգ Դանիելյան. «Բացակայում է մարդկանց գույքային դրությունը հստակ պարզելու համակարգ»

Հուլիս 07,2014 21:15

Վարչական զանցանքների, հատկապես, ճանապարհային երթեւեկության կանոնների խախտման համար տուգանքների չափերը հանրության շրջանում աննախադեպ դժգոհություն են առաջացրել: Պարզաբանումներ ստանալու ակնկալիքով «Առավոտը» դիմել էր ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ, «Սահմանադրական իրավունքի կենտրոնի» խորհրդի նախագահ, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանին:

«Մեր օրենսդրությունը տուգանքի չափերը չի՞ փոխկապակցում մարդկանց եկամուտների հետ» հարցին Գեւորգ Դանիելյանը պատասխանել է.

«Ինչպես քրեական, այնպես էլ վարչական օրենսդրությունը պարտավորեցնում են տուգանք նշանակելիս հաշվի առնել գույքային դրությունը, սակայն շատ դեպքերում դրանք դեկլարատիվ բնույթ ունեն. նախ, ինչպես արդեն նկատեցի, բացակայում է մարդկանց գույքային դրությունը հստակ պարզելու համակարգ, բացի այդ, վարչական տուգանքները մեծամասամբ ամրագրված են կոնկրետ կայուն չափով, ինչը բացառում է տարբերակված մոտեցում: Այսինքն, վարույթ իրականացնող իրավասու մարմիններն ի սկզբանե զրկված են ողջամտորեն գույքային դրությանը համարժեք տուգանք նշանակելու իրավական հնարավորությունից: Մարդկանց գույքային դրության առնչությամբ հայտարարագրերի բացակայությունը նաև դատավորների համար է առաջացնում անհարկի, արդարադատության որևէ աղերս չունեցող ծանրաբեռնվածություն. հաճախ դատավորը պարտավոր է՝ դատական ծախսերին առնչվող այս կամ այն դատավարական որոշումը կայացնելիս անձամբ պարզել կողմի գույքային դրությունը, թե ինչպե՞ս՝ դա արդեն թողնված է դատավորի հայեցողությանը: Հայտարարագրերի առկայությունն ինքնըստինքյան կլուծեր այդ և նմանաբնույթ բազմաթիվ այլ խնդիրներ: Ընդ որում, հայտարարագրեր ներկայացնելուց կազատվեն միայն աղքատության շեմից ցածր եկամուտ ունեցողները, որը ևս նրանց գույքային դրությունը պարզելու կանխատեսելի միջոց կլիներ, այսինքն՝ հայտարարագրի բացակայությունը կվկայեր անվճարունակության մասին»:

Մանրամասները կարդացեք հուլիսի 9-ի տպագիր «Առավոտում»:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031