Լրահոս
Օրվա լրահոսը

«Ընթերցողներիս հետ հանդիպումները, կարծես թե, պատրաստեցին իմ գրքի ճանապարհը». Անուշ Ասլիբեկյան

Հուլիս 07,2014 22:53

Անուշ Ասլիբեկյանի «Մոյրաների նոթատետրից» գրքին ընդառաջ՝ «Մելոման» ակումբում այսօր տեղի ունեցավ հանդիպում արձակագրի հետ: Ներկայացվեց գրքում ընդգրկված դեռևս անտիպ «Պետո» պատմվածքը, որը հեղինակն անվանել է պարականոն պատմություն. «Պետոն» ես անվանում եմ պարականոն պատմվածք, որովհետև անցյալի ու ապագայի կամուրջ եմ ստեղծել կարծես այս պատմվածքի միջոցով՝ այնտեղ վեր հանելով անցյալի մի քանի անհայտներ, որոնց պատասխանները, կարծես թե, պատմությունը չունի (Չարենցի մահվան, Սունդուկյանի թատրոնի հրդեհի (1962 թ.) մասին), և այդ մի քանի հարցականները պարականոն ձևով, մտացածին գուցե, ինձ համար ինչ-որ պատասխան գտնելու համար պատմվածքի փոքրիկ տարածքում ես տվել եմ պատասխան, «բնակեցրել» եմ իմ տարբերակով»,- Aravot.am-ի հետ զրույցում մանրամասնեց գրողը:

Արձակագրի հետ սա արդեն չորրորդ հանդիպումն էր այս տարի: Նախորդ հանդիպումների ժամանակ ընթերցված և քննարկված պատմվածքներն ու վիպակը ևս ընդգրկված են «Մոյրաների նոթատետրից»  ժողովածուում, որն արդեն տպարանում է և շուտով ընթերցողի սեղանին կլինի:

«Ինձ համար այս հանդիպումները փայլուն հնարավորություններ էին տեսնելու իմ ընթերցողներին և շփվելու նրանց հետ: Սա շատ կարևոր բան է, որովհետև գրողի համար գալիս է մի շրջան, երբ նա զգում է, որ իր ներսում եղած ամեն ինչ փոխանցել է թղթին և հիմա ուզում է հանդիպել այն մարդկանց, որոնք իրապես հետաքրքրված են իր ստեղծածով,- ասում է մեր զրուցակիցը,- այնպես որ, այս բոլոր հանդիպումները, կարծես թե, պատրաստեցին իմ գրքի ճանապարհը, և գիրքն ինքը պատրաստվեց ընթերցողների մասնակցությամբ»:

Ա. Ասլիբեկյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ժողովածուի 11 պատմվածքներն ու 1 վիպակը վերնագրել է ստեղծագործությունների գլխավոր հերոսների անուններով՝ Պետո, Մառլենա, Մերսեդես, Ահարոն Գելլեր, Նարեկ և այլն: 12-ից 11-ի դեպքում հերոսների իրական նախատիպերի իրական անուններն են: Նրանցից ոմանք մեր ժամանակակիցներն են և շատ ճանաչելի, ոմանք էլ ապրել են դարասկզբին ու դարձյալ քաջ ծանոթ են ժամանակակիցներն: Միայն մեկ-երկու դեպքում է փոխել անունները՝ զգալով իր ստեղծած կերպարի ու անվան անհամատեղելիությունը:

Պատմվածքն ընթերցվեց հեղինակի՝ Ա. Ասլիբեկյանի և Համազգային թատրոնի դերասան Արման Նավասարդյանի կողմից: Ընթերցմանը հաջորդեց քննարկում, կարծիքների փոխանակում:

Հանդիպման կազմակերպիչ, գրականագետ Անի Փաշայանը շատ հաջողված ստեղծագործություն համարեց «Պետոն» և շնորհավորեց պատմվածքի հեղինակին. «Սա շատ արտառոց մի պատմվածք է. հավաստի՞ է, հավաստի չէ՞, իրակա՞ն է, իրական չէ՞, մենք ինքներս մեզ համար կպարզենք,- ասում է գրականագետը:- Մեր օրերում շատ բան կա տեսնելու, և Անուշ Ասլիբեկյանը կարողանում է իր տեսածի մասին մտորել ու դրանք տեղափոխել մտքի դարակներ»:

Կարևորելով գրող-գրականագետ-ընթերցող կապը և հանդիպումները՝ Ա. Փաշայանն ասաց. «Ես գրականությունը եռանկյունու պես եմ պատկերացնում. վերևում ընթերցողն է, իսկ ներքևում՝ երկու սյուները, հենակետերը՝ գրողն ու գրականագետը: Վերջինս միավորում է գրողին ու ընթերցողին, որպեսզի եռանկյան գագաթը՝ ընթերցողը, իրեն ապահով ու երջանիկ զգա, վայելի, հասկանա և զգա»:

Գրականագետը վստահեցնում, որ մենք այսօր շատ լավ գրականություն ունենք, որին, պարզապես, պիտի տեր կանգնենք:

 

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031