Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԺ պատգամավորը` Սուրիկ Խաչատրյանի մասին

Հուլիս 08,2014 22:12

Մեր զրուցակիցն է Կապանի եւ Մեղրու տարածաշրջաններն ընդգրկող Սյունիքի թիվ 38 ընտրատարածքից ընտրված պատգամավոր, ՀՀԿ անդամ Արմեն Կարապետյանը

 

-Պարո’ն Կարապետյան, նախքան հարցազրույցը սկսելը Դուք նշել էիք, որ Սյունիք կատարած ձեր այցի ժամանակ ինչ-որ փոփոխություններ եք նկատել մարզում եւ ցանկանում եք խոսել դրանց մասին: Կասե՞ք ինչ փոփոխությունների մասին է խոսքը:

-Բնակչության հետ հանդիպելով` զգում եմ, որ բավականին փոփոխություններ կան մարդկանց հոգեբանության մեջ: Կարելի է ասել, որ մարզում բարոյահոգեբանական մթնոլորտը, որ շատ էր նախկին մարզպետի օրոք, բավականին փոփոխությունների է ենթարկվել: Նախկին մարզպետի ժամանակ ինտրիգները բավականին շատ էին, այդ ձեւը չի ընդունվում ո’չ պետության կողմից, ո’չ պետական կառույցների կողմից: Պաշտոնյան պետք է իր աշխատանքում կիրթ լինի ու պետք է այնպես իրեն հասարակության մեջ պահի, որ դա օրինակ լինի մնացածների համար, բայց Սուրիկ Խաչատրյանը չկարողացավ դա պահպանի, ցանկացած միջոցառման ընթացքում բավականին ինտրիգներ է ստեղծել, մթնոլորտը փչացրել: Կարծում եմ դա վերացել է մեր ազգաբնակչության շրջանում եւ կարծես թե արդեն մարդիկ նորմալ փոխհարաբերվում են, նորմալ աշխատանք է ընթանում:

-Դուք ժամանակին Կապանի քաղաքապետ եք եղել Սուրիկ Խաչատրյանի ղեկավարման տարիներին: Այդ տարիներին, դուք նման դեպքեր, երեւույթներ չէի՞ք նկատում, ինչո՞ւ մինչեւ օրս դրանց մասին չէիք բարձրաձայնում:

-Ես միշտ էլ բարձրաձայնել եմ, նմանատիպ աշխատանքային ոճը չի արդարացվել, ես ոչ թե դրա մասին բարձրաձայնել եմ, այլ ինքս եմ իրեն դրա մասին ասել, դա բնավորության գիծ է, ինչը չի վերացել իր բնավորությունից եւ դեռեւս շարունակում է մնալ այսօրվա ընթացքում:

-Պարո’ն Կարապետյան, մենք բոլորս հիշում ենք, որ տարիներ առաջ, երբ Դուք եւ Արտուր Աթայանը առաջադրվել էիք Կապանի քաղաքապետի պաշտոնի համար, Արտուր Աթայանին սատարում էր Մաքսիմ Հակոբյանը, իսկ Ձեզ աջակցում էր Սուրիկ Խաչատրյանը: Ինչպե՞ս կբացատրեք այն հանգամանքը, որ մի ժամանակ Դուք ընդունել էիք Սուրիկ Խաչատրյանի աջակցությունը, իսկ այսօր քննադատում եք նույն մարդուն ու նրա գործելաոճը:

-Ինձ սատարում էր Հանրապետական կուսակցությունը, Սուրիկ Խաչատրյանը լինելով ՀՀԿ-ի Սյունիքի մարզային խորհրդի նախագահ` ինքն այդ կարգով էր սատարում էր ինձ: Այսքանը:

-Այդ տարիներին ձեր միջեւ տարաձայնություններ չե՞ն եղել:

-Տարաձայնություններն արդեն այն աստիճանի էին, որ ամեն մեկն աշխատում էր իր գործը, իր պարտականությունները կատարի: Այդ տեսանկյունով էր արդեն աշխատանքն իմ եւ իր մեջ կատարվում: Ինքն այն չէր, որ կարողանար ինձ այլ ուղղությամբ ուղղորդեր, բայց ամբողջ ընթացքում իր կողմից ինտրիգներ էին ստեղծվում:

-Ի՞նչ ինտրիգների մասին է խոսքը պարոն Կարապետյան:

-Իր կողմից ընդունված ցանկացած որոշման հիմքում թաքնված էր իր անձնական շահը կամ ցանկացած միջոցառման ընթացքում ու հետո վատ մթնոլորտ էր ստեղծում: Նմանատիպ արարքները թույլ չեն տվել բարոյահոգեբանական մթնոլորտ ստեղծվի Սյունիքում, որն այսօր արդեն գոյություն ունի մեր մարզում:

-Այնուամենայնիվ, պարոն Կարապետյան այդպես էլ հստակ չպատասխանեցիք, թե ինչո՞ւ մինչեւ վերջերս այստեղ ապրելով` առայսօր Սյունիքի բարոյահոգեբանական մթնոլորտի մասին, Սուրիկ Խաչատրյանի ոչ ճիշտ գործունեության մասին չեք բարձրաձայնել: Ինչո՞ւ որոշեցիք դրա մասին այսօր խոսել:

-Դա պայմանավորված է նրանով, որ այսօր նախկին այդ մթնոլորտն այլեւս չկա, դա նկատելի է: Կարելի է ասել մարզում արդեն դա բացակայում է:

Հ.Գ. Արմեն Կարապետյանը ժամանակին` Կապանի քաղաքապետ չընտրվելուց հետո, Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի խորհրդականն է եղել:
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Կամ այլ խոսքերով՝ «քանի դեռ շեֆս էր,քծնում էի,որ գլխիս չսարքի»:

    Կապան = բրեժնևյան բարքեր՝ հանքային կլանի շրթներկով:

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031