Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

«Վարչախումբ», «ապստամբներ», «ահաբեկիչներ», «անջատողականներ»

Հուլիս 09,2014 12:45

Ամեն մեկը, կախված իր շահերից, նույն բանը տարբեր ձեւով է անվանում

Քաղաքական ուժերը, տարբեր պետական եւ ոչ պետական կառույցները ունեն իրենց քարոզչական «կլիշեները», որոնք կիրառելով՝ փորձում են նսեմացնել մրցակցին, հակառակորդին եւ, այսպես ասած, «ցույց տալ նրա իսկական դեմքը»: Օրինակ՝ 22 տարի շարունակ ընդդիմությունը Հայաստանում իշխանությանն անվանում է «վարչախումբ», «հանցախումբ», «ավազակախումբ», «իշխանությունը բռնազավթած խունտա», իսկ ինքն իրեն՝ «ժողովուրդ»: Ընդ որում, նրանք ովքեր առաջ «վարչախումբ» էին ու «ռեժիմ», այսօր նույն բնորոշումներն օգտագործում են իրենց մրցակիցների հասցեին: Իշխանությունն էլ իր կլիշեներն ունի՝ «պոպուլիստներ», «շահարկողներ», «թշնամու ջրաղացին ջուր լցնողներ» եւ այլն:

Միջազգային ասպարեզում նույնն է: Հիշում եմ, 90-ականների կեսերին, մինչեւ այն պահը, երբ Վրաստանն իր վերահսկողությունը կորցրեց Սուխումի նկատմամբ, այդ երկրի իշխանություններն իրենց հակառակորդներին անվանում էին «Արձինբայի գուդաուտյան խմբավորում»: Իբր, վաղը մյուս օրը իրենց զինված ուժերը կոչնչացնեն Գուդաուտում նստած այս զինված եւ անօրինական խմբավորումը, եւ ամեն ինչ կընկնի իր տեղը: Իրադարձություններն, ինչպես հայտնի է, զարգացան բոլորովին այլ ուղղությամբ:
Չեչնիայում էլ նույն ժամանակահատվածում, ըստ Ռուսաստանի պաշտոնական քարոզչության, գործում էին «ավազակային խմբավորումներ», որոնցից այդ հանրապետությունը պետք էր «մաքրել» (зачистка անել): Հիմա էլ երբեմն Ռուսաստանը Հյուսիսային Կովկասում անում է այն, ինչ անվանում է «հակաահաբեկչական գործողություն», որի ընթացքում, որքան հասկանում եմ, փլավ չեն բաժանում: Բայց Չեչնիայում, Ինգուշեթիայում, Դաղստանում այդ խմբավորումներն իրենց, բնականաբար, «ավազակային» չեն համարում՝ նրանց «էմիրները» պայքարում են ինչ-որ իսլամական «խալիֆաթ» ստեղծելու համար: Իսկ Ռուսաստանը, նրանց կարծիքով, իրականացնում էր «չեչեն ժողովրդի ցեղասպանություն»:

Իրաքում եւ Սիրիայում նույնպես կան «խալիֆաթի» կողմնակիցներ, որոնք ունեն տանկեր, ծանր զրահատեխնիկա եւ նույնիսկ, ասում են, «սկադ» տիպի հրթիռներ (պարզ չէ՝ գործող, թե ոչ), եւ այս պահին գրավում են նորանոր տարածքներ եւ քաղաքներ: Միացյալ Նահանգների տեսանկյունից՝ այդ խմբավորումները Սիրիայի դեպքում «ապստամբներ» են, որոնք պայքարում են «Ասադի բռնապետական ռեժիմի դեմ», իսկ Իրաքի դեպքում՝ ծայրահեղ «իսլամականներ», որոնք ցանկանում են տապալել Իրաքի օրինական իշխանությունը եւ պառակտել Իրաքը:

Ուկրաինայում իշխանությունը նույնպես հայտարարում է, որ իրականացնում է «հակաահաբեկչական գործողություններ»: Ռուսաստանին սեփական «հակաահաբեկչական գործողությունը» դուր է գալիս, իսկ Ուկրաինայինը՝ ակնհայտոորեն ոչ: Ըստ Ռուսաստանի՝ տեղի բանդերականները եւ այլ ծայրահեղական ազգայնականներ, ԱՄՆ-ի հովանավորությունը վայելելով, ռմբակոծում եւ գնդակոծում են Մալոռոսիայի քաղաքները եւ ոչնչացնում են խաղաղ բնակչությանը: Բայց Կիեւի իշխանություններն, իհարկե, այդպես չեն կարծում. նրանք վստահ են, որ ոչնչացնում են «սեպարատիստ ահաբեկիչներին», որոնց զինում եւ պատրաստում է Ռուսաստանը:

Ինչպես տեսնում եք, տարբեր հանգամանքներում նույն բանը մարդիկ, քաղաքական ուժերը եւ պետությունները անվանում են տարբեր, կարելի է ասել՝ տրամագծորեն հակառակ ձեւով: «Ո՞մ կողմն է ճշմարտությունը» հարցն, իհարկե, սխոլաստիկ է. երբ մի կաթիլ մեղրի պատմությունը թեւակոխում է ռազմական գործողությունների փուլ, դա որոշելը անհնարին գործ է դառնում: Իրականում ճշմարտությունն այն է, որ աշխարհում շարունակվում են պատերազմները, մարդիկ են զոհվում, այդ թվում՝ խաղաղ բնակիչներ, եւ բոլորն իրենց մեջ ուժ պետք է գտնեն դադարեցնելու այդ սպանդը:

Ինչ մնում է ներքին քաղաքական «հակամարտություններին», ապա կողմերը պետք է խելք հավաքեն ու հասկանան, որ «զրոյական արդյունքով խաղ», երբ մեկը մյուսին ոչնչացնում է՝ չի ստացվի:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
08.07.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Hay Mard says:

    Իհարկե հոդվածի հեղինակը թող ների ինձ, բայց կարծես հոդվածը 5-6 տարեկան երեխայի համար գրված լինի:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031