«Քաղաքականությամբ զբաղվելու համար շատ խելք պետք չէ»

«Քաղաքականությամբ  զբաղվելու համար շատ խելք պետք չէ»

Հովիկ Աբրահամյանի՝ ժամանակին արած արտահայտությունն է հիշեցնում ՀԱԿ վարչության անդամ Վլադիմիր Կարապետյանն ու հավելում. «Քանի որ այդ ասածը չի հերքվել, ամեն մի խոսք, որն ասվում է այս կառավարության ներկայացուցիչների կողմից, ես համարում եմ, որ այդ տրամաբանության շրջանակներում է ասվում»:

- Խոսելով խորհրդարանական քառյակի՝ ԲՀԿ, ՀԱԿ, ՀՅԴ եւ «Ժառանգություն», ներկայացրած 12 պահանջների մասին՝ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն օրերս ասել էր, որ քաղաքական մեծամասնությունը չի պատրաստվում առաջնորդվել ընդդիմության ցանկություններով, քանի որ քաղաքական մեծամասնությունն ու կառավարությունն ունեն սեփական ծրագրերը եւ շարժվելու են դրանց իրագործման ճանապարհով: Մինչ այդ հայտարարությունը ՀՀԿ-ի այն պատգամավորները, ովքեր դրական էին գնահատում 12 պահանջները՝ իրենց կառուցողական բնույթի առումով, վերանայեցին մոտեցումները՝ շարունակելով վարչապետի առաջ քաշած թեզը: Ինչպե՞ս եք վերաբերվում վարչապետի հայտարարությանը:

- Վարչապետի ամենանշանակալի խոսքը եղել է այն, որ ինքն ասել է՝ քաղաքականությամբ զբաղվելու համար շատ խելք պետք չէ: Քանի որ այդ ասածը չի հերքվել, ամեն մի խոսք, որն ասվում է այս կառավարության ներկայացուցիչների կողմից, ես համարում եմ, որ այդ տրամաբանության շրջանակներում է ասվում: Հատկապես հաշվի առնելով այն հակացուցումները, որ արվում են. մեկ իրենք ողջունում են քառյակի պահանջները, մեկ չեն պատրաստվում իրագործել… Այսինքն՝ որեւէ հետեւողականություն իրենց խոսքում չկա, ինչը շատ խորհրդանշական է եւ համահունչ այդ արտահայտությանը, որ Հովիկ Աբրահամյանը ժամանակին ասել էր:

- Էլեկտրաէներգիայի թանկացումից հետո հասարակությունը խորհրդարանական քառյակից կարծես ավելի ակտիվ քայլեր էր սպասում: Չե՞ք կարծում, որ մի փոքր հիասթափություն առաջացավ՝ այն իմաստով, որ թեժ աշնան հետ կապված քառյակի ծրագրերը նույնը մնացին:

- Շատ լավ է, որ ասացիք՝ սպասում են. անպայման այդ քայլերը լինելու են, եւ հասարակությունն ակտիվ կերպով կմասնակցի:

- Դա կլինի արդեն աշնանը: Ինչո՞ւ քառյակի ծրագրերում փոփոխություն չմտցվեց:

- Ուղղությունները շատ հստակ տրվել են: Շատ մանրամասն մենք ներկայացրել ենք մեր մոտեցումները, եւ լրացուցիչ ասելիք այդ կապակցությամբ չկա: Ինչ վերաբերում է նրան, որ հասարակության սպասելիքներն անպայման պետք է արդարացնենք՝ մի կասկածեք:

- Քառյակի ներկայացուցիչները հայտարարեցին, որ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի մասին նոր օրենքը եւս պատրաստվում են վիճարկել Սահմանադրական դատարանում, քանի որ դրանում եւ բովանդակային, եւ ընթացակարգային խնդիրներ կան: ՀՀԿ-ական պատգամավոր Կարինե Աճեմյանն օրերս Aravot.am-ին տված հարցազրույցում քառյակի այդ մտադրությունը որակել էր իրավիճակը սրելու փորձ, քանի որ, իր համոզմամբ, օրենքում միայն մանր-մունր տեխնիկական խնդիրներ են: Ինչո՞ւ է քառյակն արհեստականորեն փորձում սրել իրավիճակը:

- Դուք տեսա՞ք տրամաբանություն իր խոսքում: Ես, օրինակ, չտեսա: Տրամաբանության բացակայությունը շատ բնորոշ է, երբ խոսում է ՀՀԿ-ի ներկայացուցիչը: Որովհետեւ եթե իրենք վստահ են, որ օրենքը համապատասխանում է Սահմանադրությանը, ապա իրենք հանգիստ պետք է սպասեն այդ դիմումին եւ ՍԴ-ի վճռին, որն ամեն ինչ կդնի իր տեղը: Այսինքն՝ ի՞նչն է սրելու միտումն այստեղ: Այլ բան, եթե իրենք վստահ են, որ օրենքը հակասում է Սահմանադրությանը: Այդ դեպքում անհասկանալի են իր պնդումները, որ օրենքի հետ կապված որեւէ խնդիր չկա:

- Ընդդիմադիրներն արժանանում են իշխանական տարբեր ներկայացուցիչների քննադատությանը նաեւ այն պատճառով, որ խոսում են թեժ աշնան մասին, սակայն հստակ քայլեր՝ իրենց հաջորդականությամբ, չեն ասում: Գուցե գաղտնազերծե՞ք մի փոքր, որ իշխանավորները հանգստանան:

- Իշխանությունն առաջին հերթին պետք է գործ անի: Այն խոստումները, որ տվել են, պետք է իրագործեն, ոչ թե քննադատեն ընդդիմությանը: Երեւում է, որ իրենք իրենց գործը չեն կարողանում անել եւ զբաղված են ընդդիմությանը քննադատելով:
Իսկ գաղտնազերծելու որեւէ խնդիր չկա: Դուք էլ կարդացել եք այդ 12 կետերի պահանջներում մեր գործողությունների մասին մտադրությունը: Բոլորը գիտեն, այդ թվում, վստահ եմ՝ նաեւ մեր քննադատները, որ հանրահավաքի ժամանակ ժողովուրդն արդեն կհնչեցնի իր վերաբերմունքն այդ կետերի կատարման, ինչպես նաեւ հետագա քայլերի վերաբերյալ: Մենք շատ ուշադիր կլսենք, թե ինչ պահանջներ կդրվեն, կհնչեցվեն այդ հանրահավաքի ժամանակ:

- Ինչ-ինչ պատճառներով Հայաստանը մայիսի 29-ին Աստանայում չդարձավ ԵՏՀ հիմնադիր անդամ, հետո ՀՀ նախագահի, ապա վարչապետի կողմից տարբեր ժամկետներ հայտարարվեցին ԵՏՀ-ին անդամակցելու փաստաթղթի ստորագրման համար: Ժամկետներն անցնում են, փաստաթուղթը ստորագրված չէ: Տարբեր պաշտոնյաների կողմից էլ տարբեր հայտարարություններ են հնչում ԼՂՀ-ի հետ կապված: Եվրասիական տնտեսական միության անդամակցության այսքան երկար ձգվող գործընթացը՝ իր հետ բերող տարատեսակ հայտարարություններով, ի՞նչ է հուշում:

- Որ որեւէ բան, որ այս իշխանությունը ձեռնարկում է, դատապարտված է ձախողման: Առհասարակ արտաքին քաղաքականության բոլոր նախաձեռնությունները՝ լինի դա ղարաբաղյան գործընթաց, հայ-թուրքական մերձեցման կամ արձանագրությունների ստորագրման գործընթաց, Եվրոպական միության հետ համաձայնագրի շուրջ երկար տեւող բանակցություններ, «Հազարամյակի մարտահրավերների» ծրագրերի շարունակման հայտեր եւ այլն՝ բոլորը ձախողվել են: Այս իշխանության իրական գործունեությունը բնորոշվում է հենց այդ հանգամանքով:

- Ռուսական քաղաքագիտական շրջանակներում վերջերս կրկին ակտիվացել են ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ռուս խաղաղապահների տեղակայման մասին խոսակցությունները: Որքանո՞վ է այդ հարցը հիմա արդիական, որքանո՞վ լուրջ կարող են լինել ՌԴ-ի նկրտումները:

- Այդ տարրը կա բանակցային սեղանին այն փաստաթղթի մեջ, որը ներկայացված է կողմերին: Այդ առումով ինձ համար նորություն չկա եւ հասարակության համար էլ, կարծում եմ, չպետք է նորություն լինի:

- Հիմա կա՞ն նախադրյալներ, որ շփման գծում խաղաղապահներ տեղակայվեն:

- Ես ասացի, որ Սերժ Սարգսյանը ամեն հարց ձախողել է. ինչպե՞ս կարող է… Իր հետ լուրջ չեն խոսում, իրեն լուրջ չեն ընդունում: Ո՞նց կարող է ինքը որեւէ փաստաթուղթ կարողանա ստորագրել: Ստորագրելու համար պետք է ունենաս հեղինակություն, պետք է դրսում քեզ հետ հաշվի նստեն, դու չպետք է օդում ասես, որ ամսի 10-ին մենք պատրաստ ենք ստորագրել ԵՏՄ փաստաթուղթը, հետո քեզ ասեն՝ հուլիսի մեկին, հետո քեզ հետ ընդհանրապես չհանդիպեն՝ չնայած խնդրանքներին, ինչպես Հովիկ Աբրահամյանն ասաց:
Քանի Սերժ Սարգսյանն է իշխանության ղեկին, արտաքին քաղաքական առաջխաղացում որեւէ ուղղությամբ չի լինելու:

Զրույցը՝
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ
09.07.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք