Լրահոս
Օրվա լրահոսը

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հանդիպել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ

Հուլիս 11,2014 14:56

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հանդիպել է պաշտոնական այցով Արցախում գտնվող Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ: Ողջունելով հյուրերին՝ ԼՂՀ նախագահը նախ իր գոհունակությունն է հայտնել անցած ժամանակահատվածում հայկական երկու մայրաքաղաքների միջև իրականացված ծրագրերի վերաբերյալ և ընդգծել, որ իրապես շոշափելի արդյունքներ են գրանցվել համագործակցության բոլոր ուղղություններով.

«Երևանի և Ստեփանակերտի միջև հաստատված համագործակցությունը Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հարաբերությունների շարունակական սերտացման ևս մեկ կարևոր դրսևորումն է, ինչը զարգացման լայն դաշտ և հեռանկար ունի: Երևանն այսօր մեծ ներուժ ունի, և երկու մայրաքաղաքների միջև հարաբերությունների զարգացումն ու ընդլայնումը մեծապես կնպաստի ոչ միայն Ստեփանակերտի, այլ նաև ողջ Արցախի տնտեսական առաջընթացին: Այդ համատեքստում հատկապես ողջունելի է Ձեր նախանձախնդրությունը՝ Երևանի վարչական շրջանների և ԼՂՀ շրջանների միջև սերտ կապեր հաստատելու ուղղությամբ, որն ինչպես տեսնում եմ արդեն գործնական ընթացք է ստանում: Եվ ես համոզված եմ, պարոն Մարգարյան, որ Ձեր հետևողականության արդյունքում ձևավորվող այդ գործակցությունը ևս շոշափելի արդյունքների կբերի»,- ընդգծել է Բակո Սահակյանը՝ նկատելով, որ իր այս վստահության մասին լավագույնս փաստում են Ստեփանակերտում գրանցված առաջանցիկ այն զարգացումները, որոնցում ակնհայտ է Երևանի քաղաքապետարանի մասնակցությունն ու ներդրումը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և վստահության համար` քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդհանուր գծերով ներկայացրել է Երևանի և Ստեփանակերտի միջև ստորագրված բարեկամության համաձայնագրով քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում իրականացված ու իրականացվող ծրագրերի ընթացքն ու մեկ անգամ ևս վստահեցրել, որ նախանշված բոլոր ուղղություններով աշխատանքներն առաջիկայում էլ կլինեն շարունակական. «Ինչպեսև խոստացել էինք, պարոն նախագահ, համագործակցության համաձայնագրի ստորագրումից կարճ ժամանակ անց ըստ ոլորտների ձևավորված աշխատանքային խմբերի կողմից հստակեցվեցին առաջնահերթություններն, ու մենք կարողացանք համատեղ ուժերով գործնական հիմքերի վրա դնել փոխգործակցության ծրագրերը: Արդյունքներն, անշուշտ, շոշափելի են, սակայն մենք դրանով չենք բավարարվելու և անելու ենք հնարավորը՝ փոխգործակցությունն էլ ավելի ամրապնդելու և ընդլայնելու ուղղությամբ: Այս համատեքստում ուզում եմ Ձեզ տեղեկացնել, որ արդեն իսկ նախատեսել ենք առաջիկայում թարմացնել երկու մայրաքաղաքների միջև համագործակցության համաձայնագիրը, որի ժամկետն ինչպես գիտեք այս տարի ավարտվում է: Բայց այս անգամ նախատեսում ենք կնքել ոչ թե երկամյա, այլ համագործակցության քառամյա համաձայնագիր, որը կապահովի իրականացվող ծրագրերի շարունակականությունն ու ընդլայնումը: Բացի այդ, ինչպես նշեցիք, մեր կողմից գործնական քայլեր են ձեռնարկվում նաև Արցախի մյուս շրջանների հետ ևս գործակցություն ծավալելու ուղղությամբ, որոնք հետզհետե դառնում են առավել առարկայական և շոշափելի»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը՝ հավելելով, որ հերթական այս այցի շրջանակում պատվիրակության հետ Ստեփանակերտ ժամանած Երևանի վարչական շրջանների ղեկավարները հանդիպումներ կունենան ԼՂՀ շրջանների ղեկավարների հետ, որոնցից մի մասի հետ արդեն իսկ առկա է գործնական համագործակցություն, իսկ մնացածների հետ էլ կքննարկվեն փոխշահավետ համագործակցություն ծավալելու հետ կապված ծրագրեր:

Հանդիպման շրջանակում կողմերը նաև մտքեր են փոխանակել Երևանի և ԼՂՀ ինչպես մայրաքաղաքի, այնպես էլ բոլոր շրջանների միջև համագործակցության ակնկալվող ուղղությունների վերաբերյալ:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031