Լրահոս
Օրվա լրահոսը

Վահրավարում այս տարի ընկույզի ու հոնի բերք չի եղել

Հուլիս 13,2014 17:09

Մեղրու տարածաշրջանի Վահրավար գյուղի այգիները դեռեւս մարտ ամսին տեղացած ձյան առատ տեղումների հետեւանքով բավականին վնասներ էին կրել: Մրգատու ծառերի զգալի մասը ցրտահարվել էր եւ գյուղացիներին զրկել սպասվելիք բերքից: 100 տոկոսով վնասվել էր ծիրանը, հոնը, դեղձը, բալը, կեռասը, նուշը եւ այլն: Այժմ էլ բերքի սեզոնին վահրավարցիները բերք չունեն հավաքելու եւ ստիպված են բավարարվել միայն պահպանված խաղողի բերքով: Սակայն մի քանի օր առաջ էլ կարկուտը մոտ 15-20 տոկոսով վնասեց նաեւ խաղողի այգիները: «Բացի խաղողից բան չկա գյուղում, մոտ 20 տոկոս տանձ ու խնձոր է մնացել, 3-4 օր առաջ էլ կարկուտից խաղողի բերքն էլ որոշ չափով տուժել: Հույսներս խաղողն է, օղի ու գինի ենք թորում վաճառում կամ փոխանակում վառելիքի ու սննդի հետ, մեկ էլ անասնապահությունն է մեր եկամտի հիմնական աղբյուրը», -նշեցին վահրավարցիները:

Վահրավարը տարածաշրջանում հայտնի է նաեւ ընկույզով ու հոնով, սակայն այս տարի ընկույզի ու հոնի բերքից էլ են զրկվել: Գյուղի հոնն ու ընկույզը Մեղրու պահածոների գործարանի աշխատակիցները գնում են հենց գյուղից եւ գյուղացիները իրացման խնդիր չեն ունենում սովորաբար: Հոնը` 500-550 դրամով են վաճառում, իսկ ընկույզը` 300-330, սակայն գյուղացիների խոսքով` այս տարի նույնիսկ մեկ կգ բերք չկար վաճառելու, թեեւ պահածոների գործարանը պատրաստ էր նույնիսկ թանկ գնով ձեռքբերել այս տարի:

Պատկերը նույնն է նաեւ Լեհվազ, Վարդանիձոր, Կուրիս, Գուդեմնիս գյուղերում: Դեռեւս մարտ ամսին Վահրավարի գյուղապետը մարզպետարան էր դիմել, տեղյակ պահել իրավիճակի մասին եւ փոխհատուցման աջակցություն խնդրել: «Փոխհատուցել են մեր հողի հարկը, Սյունիքի մարզպետարան տեղյակ պահելուց հետո մենք ազատվել ենք հողի հարկը վճարելուց, որքանով տեղյակ եմ Նռնաձոր, Շվանիձոր եւ Ալվանք գյուղերի համար էլ ոռոգման ջրի գումարն է փոխհատուցվել: Լավ կլինի հակակարկտային կայաններ տեղադրվեն մեր մարզում, ի վերջո հեռուստատեսությամբ ամեն անգամ տեսնում ենք, որ Արարատում կամ մյուս մարզերում կայաններ են տեղադրվում, բայց մեր մարզին հերթ չի հասնում: Ի վերջո այդպիսի տարի չի եղել, որ կարկուտից մեր խաղողի այգիները չտուժեն, այս հարցը շատ կարեւոր է մեզ համար…»,- ասաց Վահրավարի գյուղապետ Սարգիս Առաքելյանը` հույս հայտնելով, որ պետությունը գոնե այդ հարցով կաջակցի տարածաշրջանի գյուղերին:

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Լուսանկարը՝ Hetq.am-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031