Լրահոս
Օրվա լրահոսը

«Մտավորականը պետք է հայրենիքում ստեղծագործի»

Հուլիս 17,2014 13:55

Արցախցի կոմպոզիտոր, երաժշտագետ, խմբավար, բանահավաք, ՀՀ եւ ՌԴ կոմպոզիտորների, գրողների եւ ժուռնալիստների միությունների անդամ Սերգեյ Մարկոսյանը (լուսանկարում) 1995 թվականից, իր խոսքերով՝ ստիպված գոյատեւում է օտարության մեջ՝ Ռուսաստանում:

«Առավոտի» հետ զրույցում արվեստագետը ցավով նշեց, որ 20 տարիների ընթացքում ոտք չի դրել ծննդավայր՝ Արցախ: Նա ապրում է Ռուսաստանում, սակայն հրատարակվում է միայն Հայաստանում: «Ռուսաստանում հայալեզու գրականություն չեմ կարող տպագրել. ո՞վ պետք է կարդա: Իսկ ընդհանրապես, գրքերս չեմ վաճառում, ողջ տպաքանակը նվիրում եմ ժողովրդիս: Պետք է անկեղծ լինեմ. աշխատություններս առաջին հերթին հասցեագրված են արցախցի ընթերցողին»,- ասում է մեր զրուցակիցը:

Հետաքրքրությանը՝ կարելի՞ է ենթադրել, որ հեռացել եք անվերադարձ, Սերգեյ Մարկոսյանը նշեց, թե մտավորականը պետք է հայրենիքում ստեղծագործի, դուրսը օտար է ու անտարբեր: Հավելեց, թե հիշում է Ստեփանակերտի ոչ միայն յուրաքանչյուր փողոցն ու մայթը, այլեւ դրանք զարդարող ծաղիկների գույնն ու բույրը: Հետո էլ անկեղծացավ. «1990-ականների սկզբին շախմատում հաջողություններ էր արձանագրում որդիս՝ Դավիթը: Եվ հենց այդ ժամանակ նրան նկատեցին ռուսաստանցի ճանաչված մասնագետները: Տղաս հայտնվեց Ռուսաստանում: Արցախի պատմության մեջ այսօր նա առաջին միջազգային գրոսմայստերներից է, եթե ոչ առաջինը: Իմիջիայլոց, որդուս՝ Մոսկվա մեկնելը տարաբնույթ խոսակցությունների առիթ եղավ: Ասում էին, թե իբր տաքուկ տեղ է գտել, խուսափել պատերազմից եւ այլն»: Ինչ վերաբերում է մերօրյա զուտ արցախյան մշակութային կյանքին, մեր զրուցակցի խոսքերով՝ «Զգում եմ խոհուն ու հեռատես մասնագետների սակավություն: Անհրաժեշտ է ոչ միայն պահել-պահպանել ունեցածը, այլեւ եղածին տալ նոր հնչողություն»:

Սերգեյ Մարկոսյանի գրքերին անդրադարձել են մեր մշակույթի անվանի դեմքերից շատերը, նաեւ անվանի երաժշտագետներ Ցիցիլիա Բրուտյանն ու Արմեն Բուդաղյանը: Մարկոսյանի՝ «Արցախի ժողովրդական երաժիշտներ» աշխատության առիթով տիկին Բրուտյանը գրել է. «Երաժշտագետ Արմեն Բուդաղյանը բարձր գնահատելով այս գիրքը, իրավացիորեն արձանագրում է՝ Արցախի շնորհալի արվեստագետի աշխատանքն իր անվիճելի արժանիքներն ունի եւ այն առաջին հերթին մի շառաչուն ապտակ է մեր հարեւան այն «գիտնականներին», որոնք տասնամյակներ շարունակ վայրահաչել են, փորձել ապացուցել Ղարաբաղի բնիկ քրիստոնյա ժողովրդի՝ հայերի եկվոր լինելն ու նրա «երաժշտազուրկ» հանգամանքը: Բուդաղյանը շատ զուսպ է արտահայտվել, սակայն քաղաքական ընդդիմության չվերածելու համար շատ հակիրճ պիտի ասեմ՝ կտակարանային բարոյախոսությամբ: Ասված է, թե «Մարդ եւ զԱստվածն ստեղծե իր պատկերն ի լրում»: Ուրեմն շատ զարմանալի չէ տեսնել թուրքին թուրքական պատկերով: Բայց ողբերգականագույնն այն է, երբ միեւնույնի մի երեսը չի տեսնում իր ինքնության մյուս երեսը, երբ սատանայական գայթակղությամբ մոլորված, հուսակտոր փորձեր է անում վաճառքի հանել այն ամենաթանկը, որ աստվածային պարգեւն է՝ հողը, հողը, հայրենի հողը… ՄՈԼՈՐՅԱԼՆԵՐ, ԱՊԱՇԽԱՐԵՑԵՔ, ՄՈՏ Է ԱՀԵՂ ԴԱՏԱՍՏԱՆԸ»:
Անդրադառնալով արցախցի տարագիր մեր զրուցակցին, փաստենք, որ նա տեւական ներկայացրեց իր ժողովրդի մշակույթը: «Դարեր ի վեր զարգացնելով սեփական երաժշտական արվեստը, արցախցին միաժամանակ իր նվագարանաշինարարներով ու երգիչներով, ժողովրդական նվագարաններին տիրապետող անզուգական վարպետներով, երաժշտարվեստի հմուտ գիտակներով ակտիվ մասնակցություն է բերում Մերձավոր Արեւելքի, հարեւան ժողովուրդների երաժշտական ու երաժշտակատարողական արվեստին: Օրինակ, գործիքային կատարողական արվեստի զարգացման պայմաններում չէր բացառվում նաեւ արցախցիների հետաքրքրասիրությունը եվրոպական երկրների ժողովուրդների երաժշտական նվագարանների հանդեպ: Նման վկայություններից է այն, որ Չմշկյանի հայտնի թատերախումբը 19-րդ դարի 60-ական թվականներին Շուշիում իր ունեցած ներկայացումների ժամանակ օգտագործել է տեղի փողային նվագախումբը»,- հիշեցրեց Սերգեյ Մարկոսյանը: Ներկայացրեց, որ Շուշիի «Խանդամիրյան» թատրոնի բեմադրությունները հաճախ էին ուղեկցվում Վարարակնի (Ստեփանակերտի) ռուսական կայազորի փողային նվագախմբի նվագակցությամբ, որտեղ ընդգրկված էին հայազգի շատ երաժիշտներ եւս: 19-րդ դարի առաջին տասնամյակներին էլ Արցախի ժողովրդապրոֆեսիոնալ կատարողական արվեստում զարգացման հետագա միտումներն էին առկա, երբ անդրկովկասյան մշակութային կենտրոններից մեկը համարվող Շուշիում ընդգծված ուշադրություն է ընձեռվում արվեստին:

Մեր զրուցակցի հավաստմամբ, մինչեւ վերջին ժամանակները Արցախում տարածված էր երաժշտաբուժությունը: Սերգեյ Մարկոսյանը հիշելով ժամանակին անվանի պրոֆեսոր Ռոբերտ Աթայանի ղեկավարությամբ բանահավաքչական արշավախմբերը, ասաց. «Այսօր էլ Արցախի ժողովրդական երաժիշտների թողածն ու պատգամածը պետք է շարունակել հավաքել, որպես ժառանգություն՝ գալիք սերունդներին փոխանցելու համար»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
16.07.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Սերգեյ ջան կարեւոր չէ որտեղ ես:Կարեւորը գործն է:ԳՈՐԾ արա…

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031