Լրահոս
Օրվա լրահոսը

«Երիտասարդների մի խավ կա, որը հետաքրքրվում է Յապոնչիկի, Սվո Ռաֆի մասին պատմող գրքերով»

Հուլիս 19,2014 19:39

«Իրավական ոլորտի գրքերից մեծ պահանջարկ ունեն «Պաշտոնական տեղեկագիրը», ՀՀ հարկային և քրեական օրենսգրքերը»,-ասում է «Նոյան Տապան» գրատան գրքերի բաժնի վարիչ Հայկ Մկրտչյանը: Իսկ «Գրքերի աշխարհ» (վերադաս ` «Բուկինիստ» ՍՊԸ) գրախանութի մենեջեր Նարինե Խաչիկյանը հավելում է՝ շուտ սպառվողներից է նաև ՀՀ Սահմանադրությունը, բացատրում է. «Օրենսգրքերն ամեն տարի փոփոխությունների են ենթարկվում, որովհետև նոր օրենքներ են ընդունվում: Փաստորեն մարդիկ ստիպված են լինում ամեն տարի նորը գնել»:

Aravot.am-ը շրջայց եւ հարցում է անցկացրել «Նոյան Տապան» և «Գրքերի աշխարհ» գրախանութներում՝ պարզելու, թե որ գրքերն են այսօր ամենապահանջվածը՝ մասնագիտական, գեղարվեստական, թե՞ քրեական հեղինակությունների մասին պատմողները: Աշխատակիցները պատասխանեցին՝ մասնագիտական գրականության շրջանում սպառվում են հատկապես բժշկական, տնտեսագիտական և իրավական ոլորտի գրքերը: Գնորդները հիմնականում ուսանողներն ու այդ ոլորտների աշխատակիցներն են: Մեր հարցին՝ ո՞րն ավելի թանկ արժե, մասնագիտական, թե՞ գեղարվեստական գրականությունը, Հայկ Մկրտչյանը պատասխանեց. «Առանձնակի տարբերություն չկա: Սակայն թարգմանաբար հրատարակված գրքերն ավելի էժան են, քան բնագրերը: Օրինակ, ունենք հայերեն մասնագիտական համակարգչային գրականություն, որն արժե 2100 դրամ, իսկ ռուսերեն տարբերակը 3000-ն անց է»: Հայկ Մկրտչյանը նաև տեղեկացրեց, որ այսօր հայերեն լեզվով մասնագիտական գրքերի տեսակարար կշիռը շատ ավելի քիչ է, քան օտարալեզու գրքերինը, որոնք ավելի թանկ արժեն: Իսկ ահա քրեական աշխարհի գրականության վերաբերյալ ասաց, որ առանձնապես հետաքրքրություն չկա, գնորդներն էլ հիմնականում երիտասարդներն են:

«Երիտասարդների մի խավ կա, որը հետաքրքրվում է Յապոնչիկի, Սվո Ռաֆի մասին պատմող գրքերով: Դե տեսնում են ֆիլմերով, ցանկանում են ինքնաարտահայտվել»,-ասաց նա: Իսկ «Գրքերի աշխարհ» գրախանութի մենեջեր Նարինե Խաչիկյանը համաձայն չէ այդ կարծիքի հետ, «Քրեական հեղինակությունների մասին գրքեր հիմնականում նախընտրում են հիսունն անց մարդիկ և ոչ թե երիտասարդները: Գնում են «Գյադաների ժամանակը», Յապոնչիկի մասին պատմող գրքերը: Բարեբախտաբար, մեր երիտասարդությունը փոխվել է դեպի լավը: Այսօր կարդում են Ֆրանց Կաֆկա, Հերման Հեսսե, Զիգմունդ Ֆրեյդ, Դեյլ Կարնեգի, Ֆրիդրիխ Նիցշե եւ այլն: Կար մի շրջան, երբ հիմնականում կարդում էին Պաուլո Կոելիո, իսկ այսօր նախընտրում են նաև մեր դասականներին»:
Մեր հարցին, որքան է քրեական աշխարհի մասին պատմող գրքերի արժեքը, «Նոյան Տապան» գրատան գրքերի բաժնի վարիչը չպատասախանեց, միայն նշեց. «Հայաստանում քրեական հեղինակությունների մասին հրատարակված գրքերը շատ քիչ են: Օրինակ, մեզ մոտ արդեն սպառվել են: Ամեն դեպքում ՝ այսօր գիրքը թանկ հաճույք է, իսկ տարիներ առաջ մարդն իր թոշակով կարող էր տասնյակ գրքեր գնել»:
Այնուամենայնիվ, ըստ Հայկ Մկրտչյանի, գրքի վաճառքը սեզոնային բնույթ է կրում և այս պահին այն ամենացածր մակարդակում է. «Արձակուրդներ են, դպրոցները, բուհերը չեն աշխատում շատերը մեկնում են հանգստի: Սովորաբար գրքերի վաճառքն ավելի ակտիվ է ուսումնական տարվա կամ Ամանորի նախօրյակին»,-եզրափակեց նա:

Նազենի Բաղդասարյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Diana says:

    Այ ես ուրիշ,, այս նյութը պիտի շուտ գրեիր

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031