Լրահոս
Օրվա լրահոսը

Կինո՝ արդարացված չափաբաժնով

Հուլիս 19,2014 22:16

Ով ինչ ուզում է, թող ասի, իմ ընկալմամբ՝ «Ոսկե ծիրան» կինոփառատոնը կինոյի տոն է բերում Հայաստան, փառատոնի շնորհիվ ի թիվս այլ գեղեցիկ ավանդույթների, վերականգնվում է կինո գնալու ու մեծ էկրանին ֆիլմ դիտելու մշակույթը:  Մեկ շաբաթ կինոյի մեծ  «չափաբաժին» ենք ընդունում: Հրաշալի է կինոթատրոնում երիտասարդ կինոհանդիսատես տեսնելը, մարդիկ գալիս են զույգերով, ընտանիքներով, անգամ փոքր բալիկների հետ: Ու ֆիլմի ավարտին էլ, ի նշան գոհունակության, դահլիճը պայթում է ծափահարություններից: Մի բան էլ, ուրիշ որտե՞ղ  սիմվոլիկ գումարով հնարավոր կլիներ չքնաղ ֆիլմեր նայել կամ անվճար մասնակցել կինոյի աստղերի վարպետաց դասերին:  Ի միջիայլոց, օտարերկրացի կինոգործիչներն էլ են փաստում, որ նման փառատոն կազմակերպելը հերոսական ջանքեր է պահանջում, նրանցից շատերը խոստովանում են, որ խոշոր տրամաչափի որոշ կինոդեմքերի մասին շատ էին լսել ու կարդացել, բայց միայն երեւանյան փառատոնի ժամանակ է հաջողվել նրանց հանդիպել:

«Ոսկե ծիրանը», անշուշտ, մեր երկրի բրենդներից (պատվանուններից) մեկն է, ցանկացած գործարարի կամ պաշտոնյայի համար պետք է պատիվ լինի այդ փառատոնին աջակցելը, այնպես որ աջակցողներին փառք ու պատիվ, նման մտադրություն ունեցողներին՝ ցանկությունն իրականացնելու կամեցողություն:

Մի  դրվագ հիշեցի՝  մի քանի տարի առաջ վերադառնում էինք Արցախից, ճանապարհին իջել էինք ջուր խմելու: Մեկ էլ նկատեցինք, որ օտարերկրացիների խումբը  տեսնելով «Ոսկե ծիրանի» հիմնադիր նախագահ Հարություն Խաչատրյանին՝ ոգեւորվել է: Նրանցից մեկն էլ  ուրախությունից սկսեց բացականչել՝  Oh, mister  apricot !!!! Անունն այդ պահին չէր հիշում, բայց փառատոնը լավ էր տպավորվել:  Մի ժամանակ նման արտահայտություն կար՝ սերը սուտ է, սպորտով զբաղվեք: Հիմա իմ ասածն այն է՝ սպորտից բացի, մի քիչ էլ կինո սիրեք:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031