Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը` տարանցիկ երկիր իրանական գազն արեւմտյան երկրներ տեղափոխելու համար

Հուլիս 21,2014 14:50

Ռուս-իրանական շահերը արդյոք Հարավային Կովկասում կհամընկնե՞ն

Որեւէ սադրիչ գործողություն Ռուսաստանի կողմից Ղարաբաղյան հակամարտությունում չկա՝ երեկ լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինը` պատասխանելով սահմանին լարվածության մեծացմանը մեղսակցության վերաբերյալ Ռուսաստանի հասցեին հնչող մեղադրանքների առնչությամբ «ԱրմԻնֆո»-ի թղթակցի հարցին:

vOLINKIN

«Ռուսաստանն այստեղ ընդհանրապես կապ չունի: Այն հանդես է գալիս Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման օգտին, եւ որեւէ սադրիչ գործողություն Ռուսաստանի կողմից չկա»,- ընդգծել է դիվանագետը: Վոլինկինը հավելել է, թե Ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի բացարձակապես խաղաղ միջոցներով. «Այն, ինչ հիմա տեղի է ունենում, չեմ կարող ասել, թե արտակարգ մի բան է. դիվերսիաներ եւ փոխհրաձգություններ եղել եւ շարունակվում են երկար տարիներ: Բայց եւս մեկ անգամ կրկնում եմ, որ թե՛ ես, թե՛ իմ երկիրը հակամարտության` բացառապես խաղաղ միջոցներով կարգավորման կողմնակիցներ ենք»:

Վերջապես Հայաստանում ՌԴ դեսպանը խոսեց շփման գծում լարվածության թեմայի շուրջ: Բայց պարզվում է, որ նրա համոզմամբ՝ արտակարգ որեւէ բան տեղի չի ունենում, ընդամենը դիվերսիաներ, փոխհրաձգություններ են: Բայց չէ՞ որ նաեւ Հայաստանի գյուղերն են գնդակոծվում, մի՞թե Հայաստանի ռազմավարական դաշնակից երկրի կողմից որեւէ դատապարտող հայտարարություն ընդունելու համար դա հարմար առիթ չէ կամ նույնիսկ ՀԱՊԿ-ի մակարդակով որեւէ կերպ անդրադառնալու:

Առհասարակ, ուշագրավ է, որ ՀՀ-ում ՌԴ դեսպանն արդարանում է, թե «սադրիչ գործողություն Ռուսաստանի կողմից չկա»: Հավանաբար, վերջին շրջանում Հայաստանում հնչող դժգոհությունները Ռուսաստանի կեցվածքի առնչությամբ վերջապես անհանգստության առիթ դարձան: Իհարկե, վատ չէր լինի, եթե նաեւ դեսպանն անդրադառնար մեր հասարակությանն անհանգստացնող մեկ այլ թեմայի, մասնավորապես՝ այն հարցին, թե ինչու է իր երկիրը չորս միլիարդ դոլարի, որից մեկուկեսը` հարձակողական, զենք վաճառում հակառակորդ Ադրբեջանին:

Այն, որ Ռուսաստանը Ղարաբաղյան հակամարտության` «բացառապես խաղաղ միջոցներով կարգավորման կողմնակից է», դրա արձանագրումը դրական փաստ է, սակայն երբ Եվրասիական միության գագաթնաժողովում ընթերցվում էր Իլհամ Ալիեւի նամակը եւ Հայաստանի հնարավոր անդամակցությունը ԵՏՄ-ին կապվում էր ԼՂ հակամարտության հետ, ՌԴ նախագահի կողմից որեւէ ակնարկ էլ չեղավ Եվրասիական եռյակի գագաթնաժողովում այդ հարցը թեմա չդարձնելու համար:

Հավանաբար, Իվան Վոլինկինը դիվերսիաներն ու փոխհրաձգությունները ոչ արտակարգ, սովորական երեւույթ համարելով՝ այլ ակնարկ է արել: Հակամարտության գոտում ռուսաստանյան խաղաղապահների տեղակայման մասին երբեմն-երբեմն ի հայտ եկող խոսակցությունները, որ միայն այդ դեպքում Ռուսաստանի համար ընդունելի կլինի ստատուս քվոյի փոփոխությունը, թերեւս, այնքան էլ չափազանցված չեն:
Մի կողմից՝ այսօրվա ռուսաստանյան իշխանությունները ուկրաինական ճգնաժամի մեջ են մխրճված, մյուս կողմից՝ հակամարտությունների բռնկման հնարավորությունները թեժ պահելն ու հետխորհրդային տարածքում ազդեցության պահպանումը լիովին նախընտրելի տարբերակ են Մոսկվայի համար:

Irani-despan-3-3__

Օրերս Մամուլի ազգային ակումբում լրագրողներին էր հանդիպել Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մոհամմադ Ռեյիսին, որը անդրադարձել էր ղարաբաղա-ադրբեջանական շփման գոտում ռուս խաղաղապահ ուժերի տեղակայման հարցին: «Դա կախված է Հայաստանի, Ադրբեջանի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի որոշումից: Մինսկի խումբն աշխատում է եւ ինչ-որ արդյունքի պետք է հասնի: Մինսկի խումբն աշխատում է, որպեսզի խնդիրը խաղաղ լուծում ստանա»,- նշել է դեսպանը՝ հավելելով, որ պատերազմական գործողությունների վերսկսման հավանականությունն ինքը շատ թույլ է համարում. «Մինսկի խումբը չի ցանկանում, որպեսզի ռազմական ճանապարհով հարցը լուծում ստանա, իսկ Հայաստանն ու Ադրբեջանը նրան են տվել հարցի կարգավորման մանդատը: Իրանի Իսլամական Հանրապետությունը դեմ է տարածաշրջանում ցանկացած օտար ուժերի տեղակայմանը: Ես վստահեցնում եմ, որ օտար ուժերի տեղակայումը կվտանգի ամբողջ տարածաշրջանը: Դրա օրինակը տեսել ենք թե Իրաքում, թե Աֆղանստանում: Իմ կարծիքով՝ չպետք է թույլ տալ, որ օտար երկրները գան, միջամտեն եւ խառնվեն այս հարցին»,- ասել է Հայաստանում Իրանի դեսպանը: Պատասխանելով ղարաբաղա-ադրբեջանական եւ հայ-ադրբեջանական սահմաններում վերջին շրջանում առկա լարվածությանը վերաբերող հարցերին՝ պարոն դեսպանն ասաց, որ իր երկրում դեմ են ցանկացած բռնության եւ ծայրահեղականության, իրենք բանակցային խաղաղ միջոցով հարցերի լուծման կողմնակից են. «Համոզված ենք, որ բոլոր հակամարտությունները խաղաղ ճանապարհով պիտի լուծվեն, եւ եթե կա խաղաղ բանակցություն` ինչո՞ւ պետք է ձեռք մեկնել զենքին: Մենք ցանկություն չունենք, որ տարածաշրջանում անկայունություն լինի»: Դեսպանը հիշեցրել է նաեւ, որ Իրանի կառավարությունը բազմիցս պատրաստակամություն է հայտնել հարցի խաղաղ կարգավորման գործում իր լուման ներդնելու համար` պատասխանելով հարցին, թե ի՞նչ դերակատարում կարող է ստանձնել Իրանը Ղարաբաղյան հարցում:

Իրանի հետաքրքրվածությունը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում մշտապես է եղել, դեռ նույնիսկ Ղարաբաղյան պատերազմի թեժ տարիներին Իրանը փորձել է հաշտեցնել կողմերին, իսկ զինադադարից հետո պարբերաբար հանդես է եկել որպես մեր տարածաշրջանում կայունության հաստատման ջատագով եւ իր աջակցությունը ներկայացրել Ղարաբաղյան հակամարտության կողմերին: Սակայն Իրանին մշտապես հիշեցրել են, որ այդ խնդրով զբաղվում է ԵԱՀԿ Մինսկի խումբը: Իսկ Իրանը մշտապես հստակ հայտարարել է, որ դեմ է խաղաղապահների տեղակայմանը: Այժմ, թերեւս, Իրանի դեսպանի կողմից կրկին հիշեցնելն «օտար ուժերի տեղակայման» ոչ նպատակահարմարության մասին ամենեւին էլ պատահականություն չէ:

Մեկ այլ ուշագրավ հանգամանք եւս: Հայաստանում Իրանի դեսպան Մոհամմադ Ռեյիսին հետաքրքրական տեղեկություն է հայտնել. Հայաստանի կառավարությունը մտածում է մեր երկրի տարածքով իրանական գազ տարանցել երրորդ երկրներ։ Հարցին, թե դեսպանն ինչպե՞ս կբացատրի այն հանգամանքը, որ Իրան-Հայաստան գազամուղի իրանական հատվածի տրամաչափը ավելի մեծ է, քան հայաստանյան հատվածինը, Մոհամմադ Ռեյիսին արձագանքել է. «Գիտեք, գուցե այն ժամանակ չեն եղել անհրաժեշտ ֆինանսական միջոցներ, որպեսզի կառուցվի մեծ տրամաչափի գազամուղ: Անկեղծ ասած, չգիտեմ դրա պատճառը: Այդ հարցը դուք պետք է ուղղեք Հայաստանի կառավարությանը: Գուցե այն ժամանակ մտադրություն չեն ունեցել Հայաստանի տարածքով գազ տարանցել դեպի Սեւ ծով, Եվրոպա, այլուր, եւ այժմ, երբ կա այդ պահանջարկը, երեւի նոր սկսել են մտածել դրա մասին»։ Դեռ մայիսին Իրանի նավթի նախարարի տեղակալ Ալի Մաջեդին հայտարարել էր, որ Թեհրանը պատրաստ է Հայաստանի տարածքով գազ արտահանել Եվրոպա՝ մանրամասնելով, որ իրանական գազը եվրոպական ուղղությամբ արտահանելու երեք ճանապարհ կա՝ Թուրքիայի միջոցով, Հայաստանի, Վրաստանի եւ Սեւ ծովի միջոցով եւ վերջապես՝ Իրաքի, Սիրիայի ու Լիբանանի տարածքով:

Ուկրաինական զարգացումների համատեքստում Իրանի դեսպանի կողմից այս նորությունը հայտնելը ուշագրավ փաստ է, քանի որ նա շոշափել է Հայաստանը դեպի Եվրոպա էներգակիրների տարանցիկ ճանապարհ դարձնելու թեման եւ ընդգծել է, որ Հայաստանի տարածքով էներգակիրների տարանցման համար անհրաժեշտ է համապատասխան ենթակառուցվածք: «Մենք ՌԴ-ի հետ ունենք լավ հարաբերություններ: Երկու երկրներ ենք, որոնք կարող են էներգակիրների, հատկապես գազի ոլորտում լավ համագործակցել»,- ասել է դեսպանը: Դիտարկմանը` պաշտոնական Երեւանից նման ցանկություն, նախաձեռնություն չկա՞, դեսպանն արձագանքել է, որ եթե ստեղծվի համապատասխան տրամաչափի խողովակաշար, որեւէ խնդիր չկա Հայաստանի միջոցով գազ տարանցելու:
Հայաստանը կարող է դառնալ տարանցիկ երկիր` իրանական գազն արեւմտյան երկրներ տեղափոխելու համար՝ արձանագրել է, փաստորեն, մեր երկրում Իրան դեսպանը՝ կարծես, նոր առաջարկով հանդես գալով: Սակայն արդյոք դրան կողմ կլինի՞ Ռուսաստանը. սա է հարցը: Մյուս կողմից էլ՝ դեսպանի մտահոգությունն այն է, որ Հարավային Կովկասում էլ կան լարվածության օջախներ:

Այսպիսով՝ տպավորություն է ստեղծվում, որ ռուս-իրանական շահերը Հարավային Կովկասում գոնե այս պահին չեն համընկնում:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
19.07.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031