Լրահոս
Օրվա լրահոսը

Արտակ Պողոսյան. «Հայաստանի համար շռայլություն է ցածր գնահատականով պատժելը»

Հուլիս 22,2014 11:09

Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) տնօրեն Արտակ Պողոսյանը միջնակարգ կրթության փորձագետներին առաջարկում է քննարկել՝ արդյոք ժամանա՞կը չէ ձերբազատվել երեխաներին բացասական գնահատական նշանակելուց:

Aravot.am-ի հետ զրույցում պարոն Պողոսյանը նշեց, որ խնդիրը ոչ թե գնահատման համակարգի թերություններն են, զուտ դրական կամ բացասական գնահատակաները, այլ ընդհանրապես կրթության նկատմամբ վերաբերմունքի փոփոխությունը: «Պետք է գնահատել երեխային ոչ թե չիմացածի համար, այլ գնահատել՝ գիտելիքների համար: Գաղափարը դեռ նոր է, եւ մեծ քննարկումների կարիք կա: Գնահատման այն համակարգում, որ այսօր գոյություն ունի եւ մնացել է նախկին կրթական համակարգից, հետեւյալ սկզբունքն էր գործում, քանի որ երեխաները եւ մարդկային ռեսուրսները շատ էին եւ ընդունված էր միջին վիճակագրական քաղաքացու գաղափարը, երեխային ցածր էին նշանակում՝ պատժելու եւ դա մյուսներին ցույց տալու համար: Այսօր նման կերպ աշխատելը Հայաստանի համար շռայլություն է, մեզ համար կարեւոր է ՀՀ ցանկացած քաղաքացի, այնպես որ իրավունք չունենք երեխային անբավարար նշանակելով՝ թողնել նույն դասարանում: Մանավանդ փորձը ցույց է տալիս, որ երբեք երկտարեցին ավելի լավ չի սովորում: Նույն դասարանում թողնելով, անբավարար նշանակելով՝ երեխաներին եւ ուսուցիչներին մղում ենք դեպի թվանշանը եւ ոչ թե գիտելիքը: Պատահական չեն խոսակցությունները, երբ ծնողներն ասում են՝«Իմ երեխային հանիրավի երկուս նշանակեցին», փոխանակ գիտելիքների մասին մտածելու»,-փաստում է ԿՏԱԿ-ի տնօրենը:

Արտակ Պողոսյանի համոզմամբ, ավագ դպրոցում էլ կարելի է անցնել կրեդիտային համակարգի, բայց այստեղ էլ նրա ձեւակերպմամբ, էլի հնարավոր է «ծուղակում» հայտնվել. կրեդիտները եւս կարող են դառնալ գնահատականի արտացոլում եւ սուբյեկտիվություն պարունակել: Մասնագետի համոզմամբ, դրա համար հարկ է, որ այս քննարկումները բարձրաձայնվեն, ու մարդիկ հասկանան, թե գնահատելու նպատակը որն է: «Իմ կարծիքով գնահատելու նպատակը երեխային խրախուսելն է»,-ասում է մասնագետը:

Նա քննարկում է սկսել նաեւ Ֆեյսբուքի իր էջում, գրառման տակ էլ բազմաթիվ արձագանքներ կան:

Ֆեյսբուքի օգտատերերից մեկն, օրինակ գրել է. «Կարծում եմ խնդիրը համակարգի և գնահատման սանդղակի մեջ չէ: Թվանշանը պետք է հետադարձ կապով ապահովի աշակերտին, ծնողին և ուսուցչին: Անկախ նրանից թե մենք ինչպես կանվանենք այն՝ դրական թե բացասական: Այս ենթատեքստում շատ կարևոր է նաև գնահատման և չափման գործընթացների մինչև տարբերությունները սահմանելը: Ուսուցիչը մեծ հաշվով գնահատելու կարիք չունի, դրանով զբաղվում են տարատեսակ գնահատման համակարգերը, նա կարիք ունի չափելու և դրա հիման վրա որոշումներ կայացնելու»:

Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանն էլ նշել է. «շատ կարևոր է այդ առաջարկն ու ես երկու ձեռքով կողմ եմ քվեարկում ՝ ընդառաջ գնալով «Հանրակրթության մասին» օրենքի փոփոխությունների երկրորդ ընթերցմանը, որը հուսամ կլինի աշնանը»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Sona Manukyan says:

    Համամիտ եմ Արտակ Պողոսյանի կարծիքի հետ, և բացասական գնահատական նշանակելով չէ,որ պիտի կրթենք երեխային,այլ խրախուսելով նրան,հասկանալով,անհատապես աշխատելով: Այսօր աշակերտն ասում է.<>:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031