Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

«ՌԴ-ի դեմ պատժամիջոցները շատ մեղմ են». Իվան Կուխտա

Հուլիս 22,2014 14:39

Ուկրաինական ճգնաժամի ելքը որեւէ կերպ չի երեւում: Երկու կողմերն էլ արմատական են տրամադրված: Անջատողականները շարունակում են պայքարել, Ուկրաինայի իշխանություններն էլ փորձում են պաշտպանել տարածքային ամբողջականությունը: Դուք ի՞նչ ելք եք տեսնում, սա կարո՞ղ է վերաճել երրորդ համաշխարհային պատերազմի, թե՞ կա սահմանագիծ, որից այն կողմ Ուկրաինայի իշխանությունները չեն գնա: Այսօր «Մեդիա կենտրոնում» լրագրողների այս հարցին ՀՀ-ում Ուկրաինայի դեսպան Իվան Կուխտան պատասխանեց. «Մեր կյանքում չկա անելանելի իրավիճակ: Եվ բնական է, որ Ուկրաինան տեսնում է ստեղծված իրավիճակից ելք»:

Ըստ դեսպանի, առաջին քայլը Դոնեցկի շրջանում վիճակի կայունացումն է, Ուկրաինայի նախագահը խաղաղ ճանապարհ է տեսնում դրա համար՝ դադարեցնել ռազմական գործողությունները եւ վայր դնել զենքը: Նրանք, ովքեր ծանր հանցագործությունների մասնակից չեն եղել, կհամաներվեն, իսկ Ուկրաինայի արեւելքում կանցկացվեն նոր տեղական իշխանությունների ընտրություններ: Դեսպանն ասաց, որ այլ երկրների քաղաքացիների մշակութային եւ այլ բոլոր իրավունքները կհարգեն: Ուկրաինայի նախագահը հայտարարել է, որ կնստի մի սեղանի շուրջ եւ կբանակցի տարածաշրջանի բոլոր ներկայացուցիչների հետ, բայց ավազակների հետ, ահաբեկիչների հետ Ուկրաինայի նախագահությունը չի բանակցի:

Ուկրաինայի դեսպանը հայտարարել էր, որ Ռուսաստանը, որը աջակցում է, զինում է Դոնեցկի անջատողականներին, ահաբեկիչներին, պետք է պատասխանատվություն կրի: Հարցին՝ Դուք համարժե՞ք եք համարում միջազգային կառույցների պատժամիջոցները ՌԴ-ի դեմ՝ դեսպանը պատասխանեց. «Ես, որպես Ուկրաինայի քաղաքացի, այդ պատժամիջոցները շատ մեղմ եմ գնահատում: Չեմ կարող պատասխանել եվրոպական երկրների փոխարեն, ԱՄՆ-ի փոխարեն, բայց իմ կարծիքով՝ այդ պատժամիջոցները շատ մեղմ են: 21-րդ դարում՝ երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, երբ սահմաններն ընդգծվել են երկրների, եթե որոշ երկրներ այսօր ցանկանում են նոր աշխարհաքաղաքական իրավիճակ ստեղծել, դա բացարձակ անընդունելի է, եւ միջազգային հանրությունը պետք է կարգի հրավիրի»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա» կենտրոնի

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031