Լրահոս
Օրվա լրահոսը

«Վարչապետին ժամանակ տվեք եւ կզգաք արդյունքները»

Հուլիս 22,2014 19:46

«Հարյուր օրը բավական չէ վարչապետի աշխատանքը գնահատելու համար»,- Aravot.am-ի հետ զրույցում հայտարարեց տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը` անդրադառնալով վարչապետ Հովիկ Աբրահամյանի 100-օրյա աշխատանքին:

Նա համարում է, որ Հովիկ Աբրահամյանի` որպես վարչապետ, կատարած առաջին քայլերը վկայում են այն մասին, որ վարչապետը լուրջ փոփոխություններ կատարելու ցանկություն ունի, եւ դրանք պետք է ոչ միայն կադրային լինեն, այլեւ համակարգային արմատական փոփոխություններ.

«Այս տեմպերով եւ տնտեսական քաղաքականությամբ մենք դժվար, թե կարողանանք պահպանել եղած դիրքերը, որոնք մեզ, բնականաբար, բոլորովին չեն բավարարում: Առավել եւս չենք կարող խոսել Հայաստանի տնտեսության մրցունակության բարձրացման մասին: Այնպես, որ այստեղ արմատական բարեփոխումներ են պետք եւ հետեւողականություն, որը ես չեմ կասկածում, քանի որ առիթ ունեցել եմ շփվելու եւ աշխատելու Հովիկ Աբրահամյանի հետ: Կարծում եմ, ինքը խստապահանջ անձնավորություն է ուրիշի եւ իր շրջապատի հանդեպ»:

Թաթուլ Մանասերյանը դժվար է համարում` Հայաստանի պես երկրում, որտեղ երկու տասնամյակից ավելի սխալ եւ անարդյունավետ, երբեմն էլ կործանարար տնտեսական քաղաքականություն է վարվել միանգամից մեկ անձով փոփոխություններ կատարելը: Այնուամենայնիվ, նա կարծում է, որ սա կարող է լավ սկիզբ լինել.«Եթե կառավարության հանդեպ վստահությունը վերականգնվի` վարչապետի անձով պայմանավորված, ապա չեմ բացառում, որ կլինեն ավելի շատ մարդկային ռեսուրսներ, որոնք կօգնեն կաջակցեն այդ բարեփոխումները տեղ հասցնելու»:

Հայրենական ապրանքներ արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանն էլ խոստումնալից է համարում Հովիկ Աբրահամյանի հանդիպումները բիզնես աշխարհի ներկայացուցիչների եւ հասարակության այլ շերտերի հետ.

«Այն խնդիրները, որոնք նրա առջեւ դրվել են հանրության կողմից, կարծում եմ, դրանք դրվել են նաեւ կառավարության կողմից քննարկումների: Ժամանակ հետո մենք գուցե կզգանք նրա դրական արդյունքները»:

Նա կարծում է, որ վարչապետը դեռ կանդրադառնա այնպիսի խնդիրների, ինչպիսիք են սահմանային գոտիները ազատ տնտեսական գոտի հռչակելը, արդյունաբերական ձեռնարկություններին ավելի արդյունավետություն ցուցաբերելը: Պարոն Սաֆարյանը համարում է, որ առաջիկայում արտահանման խնդիրներում դրական շարժ կլինի.

«Ես որքան տեղյակ եմ, այն ապրանքները, որ տեղում կարող ենք արտադրել դրանց դրսից բերելը կլինի ոչ այդքան դյուրին, եւ մենք տեղում կարող ենք արտադրել: Այդ հայտարարությունները, այդ մոտեցումները հուսադրող են»:

 

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031