Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

Իրանի դեսպանը Ռուսաստանին էր առաջարկություն անում, ոչ թե Հայաստանին

Հուլիս 24,2014 10:15

Հայաստանով իրանական գազ արտահանելու դեսպանի առաջարկին,
ըստ քաղաքագետ Ստեփան Դանիելյանի, Հայաստանն ի վիճակի չէ արձագանքել,
այս հարցը Ռուսաստանը պետք է լուծի:

Հայաստանում Իրանի արտակարգ եւ լիազոր դեսպան Մոհամմադ Ռեիսի՝ օրերս արած հայտարարությունը, որ Հայաստանը կարող է էներգակիրների, մասնավորապես՝ գազի արտահանման տարանցիկ երկիր լինել դեպի Եվրոպա, ուղղված էր ոչ թե Հայաստանի կառավարությանը, այլ Ռուսաստանի: «Առավոտի» հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց քաղաքագետ, «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» կենտրոնի ղեկավար Ստեփան Դանիելյանը: Քաղաքագետը նշեց, որ Իրանի դեսպանի «մեսիջը» վերաբերում է ոչ միայն գազի տարանցման խնդրին, այլեւ տարածաշրջանի աշխարհաքաղաքական հարցերին:

Իրանի դեսպանը Ռուսաստանի՝ Ադրբեջանին զենք վաճառելու կապակցությամբ էլ ասել էր. «Գիտեք, իրենց բիզնեսի հետեւից են ընկած բոլորը: Իրենք ուզում են իրենց գործարաններում կուտակված սպառազինությունը վաճառել: Եթե պատերազմ լինի, դրանից կտուժեն նաեւ նրանք, ովքեր այդ զենքը վաճառում են»: Պարոն Դանիելյանը կարծիք հայտնեց, որ դեսպանի «մեսիջն» ուղղված էր նաեւ Ադրբեջանին. «Որովհետեւ Ռուսաստանը Ադրբեջանին վաճառել է այնպիսի զինատեսակներ, որոնք կիրառվում են ծովում, այսինքն՝ ռազմական նավատորմում»:

Ինչ վերաբերում է առաջին հայացքից Հայաստանի համար գայթակղիչ եւ շահավետ առաջարկին՝ գազի տարանցիկ երկիր լինելուն, ապա ըստ քաղաքագետի՝ այդ առաջարկությունն ուղղված էր ոչ թե Հայաստանին, այլ Ռուսաստանին, այն պատճառով, որովհետեւ պարոն Դանիելյանի խոսքերով՝ Հայաստանում, որպես այդպիսին, իշխանություն չկա. «Այս իշխանություններն անզոր են եւ ինքնուրույն չեն, հատկապես արտաքին քաղաքականության հարցերում, մեր արտաքին գործերի նախարարությունն ինքնուրույն կառույց չէ: Եթե հետեւենք Իրանի կառավարությանը մերձ կայքերին, ապա հետաքրքիր վերլուծություններ կգտնենք, որոնք վերաբերում են իրանա-ռուսական հարաբերություններին՝ տնտեսական համագործակցության, նավթա-գազամուղի հարցերին: Իրանում լուրջ փորձագետների վերլուծություններ կան, որ հնարավոր է ոչ միայն իրանական գազի տարանցումը Հայաստանով, Վրաստանով՝ Եվրոպա, այլեւ առաջարկ կա ռուսական գազի տարանցումը Հայաստանով Իրան, ապա Իրանից՝ Հնդկաստան, Պակիստան եւ այլն»:

«Առավոտի» այն դիտարկմանը, որ կարծես թե Հայաստանի աշխարհագրական դիրքը հնարավորություն է տալիս տարածաշրջանում կարեւոր երկրի դեր ստանձնել եւ դառնալ այդ տարանցիկ երկիրը, պարոն Դանիելյանի կարծիքով՝ այդպիսի երկիր դառնալու համար մեր կառավարությունը բարենպաստ չէ. «Դա կախված է Ռուսաստանի ցանկությունից: Եթե նույնիսկ վաղը ռուսական ազդեցությունը թուլանա մեր երկրում, ապա Հայաստանը կախված կլինի մեկ այլ երկրից, որովհետեւ այսօրվա Հայաստանի իշխանությունը, չունենալով հանրության վստահությունն ու քվեն, բնականաբար՝ պետք է հենվի այլ երկրների վրա: Ուստի պարզ է, որ կախվածությունը գնալով մեծանում է, եւ որքան այդ անվստահությունը մեծանում է, այնքան տնտեսական եւ քաղաքական վիճակը ծանրանում է»:

Եթե Հայաստանն անզոր է ինքնուրույն որոշում կայացնել եւ արձագանքել Իրանի առաջարկներին, ապա ինչո՞ւ Ռուսաստանը չի արձագանքում՝ մեր այս հարցին էլ պարոն Դանիելյանը կրկին հիշեցրեց Իրանի դեսպանի՝ օրերս կայացած ասուլիսը, որտեղ դեսպանը տարածաշրջանում աշխարհաքաղաքական փոփոխությունների վերաբերյալ մտահոգություններ է հայտնել. «Դեսպանը կարծիք է հայտնել, որ որեւէ այլ երկրի զորքի առկայություն՝ կարեւոր չէ, որ երկրի, իրենց համար ցանկալի չէ, քանի որ իրենք մարտահրավեր են տեսնում իրենց ազգային անվտանգությանը»: Մեր ճշտող այն հարցին՝ հայ-իրանական սահմանին ռուսական զորքի առկայության մասի՞ն է իրանական մտահոգությունը, պարոն Դանիելյանն ասաց. «Ոչ միայն ռուսական, ցանկացած երկրի զորքի: Այս մտահոգությունները նույնպես վկայում են, ըստ իրանական տվյալների, որ շատ լուրջ փոփոխություններ կարող են լինել ոչ միայն աշխարհում, այլեւ դրանց հետեւանքով նաեւ այս տարածաշրջանում: Ինչ վերաբերում է Ռուսաստանի՝ Իրանի առաջարկներին արձագանքելուն, ապա Ռուսաստանը հիմա ի վիճակի չէ լուրջ որոշումներ կայացնել այդ հարցում: Այն, ինչ կատարվում է Ուկրաինայում, Ռուսաստանի համար չափազանց լուրջ մարտահրավեր է, այնքան լուրջ, որ անվտանգության խորհրդի նիստ են հրավիրում Ռուսաստանի սուվերենության հարցով. նման վիճակում Ռուսաստանը նման լուրջ հարցեր չի կարող քննարկել: Ամեն ինչ կախված է հետագա զարգացումներից»:

Նշենք, որ Հայաստանի տարածքով իրանական գազի արտահանման մասին հայտարարություններ նախկինում եւս արվել են իրանական կողմից, որոշ քաղաքագետներ այս հայտարարության վերաբերյալ կարծիքներ են հնչեցրել, որ Ռուսաստանից Հայաստանի վրա ճնշումներ են գործադրվել, որպեսզի Իրանի առաջարկը չիրականանա: Այս առնչությամբ «Առավոտը» գրավոր հարցում է ուղղել ՀՀ կառավարությանը, որտեղից մեզ տվել են հետեւյալ պատասխանը. «Տարբեր առիթներով հայկական կողմն արտահայտել է իր դիրքորոշումն առ այն, որ պատրաստ է ապահովել իր տարածքով էներգակիրների տարանցիկ փոխադրումները՝ միջազգայնորեն ընդունված սկզբունքներին համապատասխան, սակայն Իրանից դեպի Եվրոպա Հայաստանի տարածքով գազ մատակարարելու պաշտոնական որեւէ առաջարկ չի ստացվել»: Ինչ վերաբերում է Ռուսաստանի ճնշմանը, ապա կառավարությունից վստահեցրել են, որ երկկողմ տնտեսական հարաբերություններում, այդ թվում՝ Իրանի հետ տնտեսական հարաբերություններում, Հայաստանն առաջնորդվում է սեփական շահերով:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
23.07.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031