Լրահոս
Օրվա լրահոսը

Վայոցձորցիներն է ներկայացվել Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը

Հուլիս 24,2014 16:28

Սահմանադրական բարեփոխումներին նվիրված հանրային քննարկումներն այսօր շարունակվել են Եղեգնաձոր քաղաքում: Վայոց Ձորի մարզպետարանի դահլիճում կազմակերպված հանդիպման ժամանակ ներկաներին Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգային դրույթներն են ներկայացրել ՀՀ Նախագահին կից սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամներ Գեորգի Կուտոյանն ու Վարդան Պողոսյանը: Հանդիպմանը ներկա է եղել նաև Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը:

Վարդան Պողոսյանը, խոսելով Սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտության մասին, նշել է, որ Սահմանադրությունը պետք է կարողանա ժամանակի իրողություններին համահունչ լինել` ներառելով սոցիալ-քաղաքական հարաբերությունների որակական հատկանիշները, առկա արժեհամակարգը, հասարակական զարգացման դինամիկան և այլն: Ըստ նրա՝ սահմանադրական այն դրույթները, որոնք վերաբերում են իշխանության իրականացման սկզբունքներին, մարդու իրավունքների ինստիտուտի ամրապնդմանը, պետք է ենթարկվեն փոփոխությունների: «Պետք է սահմանադրությանը շնչելու հնարավորություն տալ, իսկ դա հնարավոր է, եթե այն համահունչ է կյանքի հարափոփոխությանը»,- ասել է Վարդան Պողոսյանը:

Խոսելով տեղական ինքնակառավարման մասին` նա նշել է, որ հայեցակարգը որոշակի առաջարկներ է պարունակում համայնքների խոշորացման առումով: Մասնավորապես առաջարկվում է համայնքների ուժեղացում`մեծացնելով ավագանու դերակատարությունը: «Մեր նպատակն է ներկայացնել բոլոր այն հիմնախնդիրները, որոնք սահմանադրական լուծումների անհրաժեշտություն ունեն: Կքննարկենք այդ կոնցեպցիան` հաշվի առնելով նաև Վենետիկի հանձնաժողովի առաջարկությունները»,-նշել է նա: Ըստ հանձնաժողովի անդամի` գործող Սահմանադրությամբ հնարավոր չէ լիարժեք ապահովել կենսունակ տեղական ինքնակառավարման համակարգ, որը կնպաստի ժողովրդավարական կառավարման ձևի ամրապնդմանը:

Գեորգի Կուտոյանի խոսքով՝ Սահմանադրությունը սահմանում է կայուն իրավահարաբերություններ, այն ուղղված է կայունության ամրապնդմանը: Նա պարզաբանել է, որ պառլամենտական կառավարման ձևին անցնելու հարցը դեռևս քննարկման փուլում է՝ հավելելով, որ այն շատ դրական կողմեր ունի: Խոսելով միջհամայնքային միավորումների մասին՝ նա նշել է, որ դա արվելու է հանրային շահերից բխող հանրային ծառայություններ մատուցելու նպատակով:

Քաղաքացիների հետ հարցուպատասխանի ժամանակ Վարդան Պողոսյանը նշել է, որ հանրային քննարկման համար չափազանց կարևոր են քաղաքացիների կարծիքներն ու առաջարկությունները և բոլոր նրանք, ովքեր ունեն որոշակի առաջարկություններ, կարող են դրանք ներկայացնել հանձնաժողովին ոչ միայն բանավոր, այլև՝ գրավոր: Հարցին, թե ինչպիսին պետք է լինի հանրային գերակա շահի և մարդու իրավունքների միջև հարաբերակցությունը, Վ. Պողոսյանը պատասխանել է, որ սահմանադրափիլիսոփայական տեսանկյունից հանրային շահը չպետք է գերակայի մարդու իրավունքների հանդեպ: Դրանք պետք է այնպես իրականացվեն, որ չվնասեն մարդու իրավունքները:

Հանդիպման ավարտին բանախոսները պատասխանել են ներկաներին հուզող հարցերին:
Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի հանրային քննարկման մարզային փուլի վերջին հանդիպումը տեղի կունենա հուլիսի 25-ին ժամը 10:00-ին՝ Սյունիքի մարզի Կապան քաղաքում:

ՀՀ ԱՆ տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031