Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես Յուվեցի Կարոն եմ ու վերջ, քո տղեն պըտի նստի, Գոռը ինքնապաշտպանվել է»

Հուլիս 24,2014 18:38

Վերնիսաժի կրակոցների ժամանակ վիրավորված Վալերի Հովհաննիսյանի մայրը պնդում է, որ որդուն սպառնում են ու ճնշում, որպեսզի  մեղքն իր վրա վերցնի

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Կարո Կարապետյանի (Յուվեցի Կարո) փեսայի`Գոռ Առաքելյանի մասնակցությամբ այս տարվա մայիսի 17-ին Վերնիսաժի   մոտ տեղի ունեցած կրակոցների հետեւանքով վիրավորված Վալերի Հովհաննիսյանի մայրն Aravot.am-ին ասաց, որ պատիվ է պահանջելու Կարո Կարապետյանից` զրպարտանքի համար: Տիկինը լրատվամիջոցներից մեկում  կարդացել է, որ Կարո Կարապետյանը Վալերի Հովհաննիսյանի մասին ասել է. «Վալերին ռազբոյ է արել Ռուսաստանում, մտել մի տուն եւ տան անդամներին խեղդել, մորթել ու երկու անգամ էլ նստել է սպանություն եւ սպանության փորձ կատարելու համար»: Տիկին Հովհաննիսյանի խոսքերով` «Հո էդպես հեշտ չէ մարդուն նարկաման «սարքել», թող փորձաքննություն անեն, 2 անգամ ռազբո՞յ ա արել ու դատվե՞լ, եթե նման բան կա, թող ոստիկանությունից պարզեն: Իրենց տան բարքերը իմ տղային թող չվերագրի»:

Լիա Հովհաննիսյանը պնդում է, որ իր որդուն սպառնում եւ ճնշում են գործադրում, որպեսզի դեպքի հետ կապված ամբողջ մեղքն իր վրա վերցնի: Թե կոնկրետ ինչպե՞ս են սպառնում, մեր այս հարցին, տիկին Հովհաննիսյանն ասաց.«Սկզբում ավելի շատ էին ճնշում, սպառնում, հետո որ աղմուկ բարձրացավ, մի քիչ հանգստացան: Ասում էին` պիտի «վիզ առնես», ասես`ես եմ հրահրել, քաշել եմ, զարկել եմ, իբր առաջինն իմ տղան է հրահրել: Տղես նույնիսկ տեղյակ չի եղել կրակոցներից, վեճից: Էդ Գոռն եկել է ու մեքենայի մեջ կրակել տղուս վրա: Բառացի իրենց խոսքեր եմ կրկնում, ասում էին` քո տղեն սաղ իր վրա պիտի վերցնի, Նեսոն (Ներսես Մելքոնյան, որը եւս կալանավորված է Ն.Բ.) պըտի վկա դուրս գա, քո տղեն պիտի նստի, Գոռն էլ պիտի ազատվի, ինքնապաշտպանություն պիտի ձեւակերպենք: Սա է եւ  վերջ: Ես Յուվեցի Կարոն եմ: Հիվանդանոցում էլ համ Մոսոյի, համ Կարոյի կողմը մեզ սպառնում էին»:

Տիկին Հովհաննիսյանը վստահեցրեց, որ մինչեւ Եվրոդատարան պայքարելու է. «Իմ տղան տուժող է, ինչո՞ւ են նրան ձերբակալել, ինչի՞ համար, ո՞ւմ փոխարեն: Էդ «ոչ ու փուչ» Նեսոյի հետեւից էր գնացելՎերնիսաժ, իրա համար մեքենայի մեջ խոլոք նստած է եղել. սխալ տեղ էր կանգնեցրել մեքենան. թող ոստիկանություն կանչեին, թող ոստիկանությունը գար տաներ պլաշադկա ավտոն, ոչ թե էդ Գոռը գար ավտոյի դուռը բացեր ու տղուս վրա կրակեր»: Տիկինը նաեւ դժգոհեց, որ իր որդուն պատգարակով, որովայինց պարկ կախած` հիվանդանոցից տարել են դատարան. «Սա ինչ տեսակի արդարադատություն է: Բա կարելի՞ է մարդուն էդ վիճակում տանել դատարան ու 4 ժամ պահել դատարանում»: Ներկայումս Վալերի Հովհաննիսյանը «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում է գտնվում:

Այսօր առավոտյան Լիա Հովհաննիսյանը կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա էր անում. մեր այն հարցին, որեւէ պաշտոնատար անձ կառավարությունից արձագանքե՞լ է նրա բողոքին, տիկինն ասաց. «Արդարադատության նախարարին տեսա: Ես իրան դիմում-բողոք եմ ուղարկել, ինքն ասել է` չի ստացել, բայց ո՞նց կարա ստացած չլինի, հոգ ճամփին չկորավ նամակը»:

Հիշեցնենք, որ Վերնիսաժի մոտ մայիսի 17-ին կրակոցներից տուժել է 5 անձ, ըստ ոստիկանության պաշտոնական հաղորդագրության` ոստիկանության Երեւան քաղաքի վարչության եւ Կենտրոնականի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական եւ քննչական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հանցագործությունը կատարել է 1985թ. ծնված Գոռ Առաքելյանը, որը ներկայացրել է հրազեն հանդիսացող «Մակարով» ատրճանակի տիպի, 1 չլիցքավորված փամփշտատուփով, առանց գործարանային համարի ատրճանակ: Գոռ Առաքելյանի նկատմամբ մայիսին երկամսյա կալանք է կիրառվել:

 

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031