Լրահոս
Օրվա լրահոսը

Շարմազանով. «Լեւոն Տեր-Պետրոսյանն ամեն ինչ անում է, որ մոռանանք, որ ինքը նախագահ է եղել»

Հուլիս 24,2014 23:19

Այսօր` հուլիսի 24-ին, ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպման ընթացքում Էդուարդ Շարմազանովը պատասխանեց նրանց հետաքրքրող մի շարք հարցերի: Հարցին, թե Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանի վերլուծությունը, թե Ադրբեջանը չպետք է անդամակցի Եվրասիական տնտեսական միությանը չի եւ Արտաշես Գեղամյանի Բաքվում կատարած հայտարարությունը իրարամե՞րժ չեն, պարոն Շարմազանովը պատասխանեց, որ համարում է իրարամերժ գնահատականներ չեն հնչել: Նա կարծում է, որ Բաքվում նման հայտարարություն անելը բխում է Հայաստանի շահերից.

«Խնդիրը ոչ թե եղել է ու կա Ադրբեջանի անդամակցումը Մաքսային կամ Եվրասիական միության, այլ խնդիրը Լեռնային Ղարաբաղի` Մաքսային միության անդամակցումն է, որն ըստ պարոն Գեղամյանի` որպես անկախ, ինքնիշխան երկիր, կարող է անդամակցել Մաքսային միության: Եվ միայն այդ դեպքում Ադրբեջանն էլ կարող է անդամակցել, եւ ըստ պարոն Գեղամյանի` շատ ավելի լավ է բանակցել` լինելով միեւնույն միությունում, քան լինել տարբեր դաշտերում»:

Էկոնոմիկայի նախարարն Կարեն Ճշմարիտյանն այսօր հայտարարել էր, որ հայկական կողմը Եվրասիական տնտեսական միության հետ համաձայնեցրել է շուրջ 800 անուն ապրանք: Հարցին, թե արդյոք դա դիտվո՞ւմ է որպես գլխավոր խոչընդոտ եւ դա նշանակո՞ւմ է, ինչպես Լեւոն Տեր-Պետրոսյանն էր արտահայտել, անշրջելի է այդ միությանն անդամակցումը, Էդուարդ Շարմազանովը պատասխանեց, որ համարում է` հաջող չէր առաջին նախագահի մեջբերումը.

«Առաջին նախագահը վերջին իր հարցազրույցներում ամեն ինչ անում է, որ մենք մոռանանք, որ ինքն եղել է Հայաստանի Հանրապետության նախագահ, եւ այնքան է իր քաղաքական նշաձողն իջեցրել, որ մեկ-մեկ լավ է, որ հիշեցնեք, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը եղել է նախագահ, այլ ոչ թե այլ քաղաքական ուժի կամ մի խումբ մարդկանց փաստաբան կամ «թասիբի գցող»»:

Էդուարդ Շարմազանովը համարում է, որ պարոն Ճշմարիտյանը` որպես Էկոնոմիկայի նախարար, ավելի լավ է տիրապետում այս խնդրին: Նա հիշեցրեց, որ նախկինում իրենք ներկայացրել են մի քանի տեխնիկական խնդիրներ, որոնք որեւէ կապ չունեն ո’չ սահմանների հարցի հետ, ո’չ էլ Ղարաբաղի հիմնահարցի հետ.

«Մաքսային միությանն անդամակցումը բխում է մեր պետության շահերից եւ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգությունը մեզ համար գերակա խնդիր է: Հայաստանի Հանրապետությունը` որպես Լեռնային Ղարաբաղի Հանրապետության եւ ժողովրդի անվտանգության երաշխավոր ամեն ինչ անելու է, որպեսզի խաղաղ բանակցություններն ավարտվեն Լեռնային Ղարաբաղի դե յուրե ճանաչմամբ»:

 

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Անահիտ (ԵՊՀ ) says:

    Դեղնակտուց և թոթովախոս նորելուկները թող լայն բացեն աչքերն ու ականջները`թե արդյոք այսօր այս շնչահեղձ երկրուն կա նախագահ…???

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031