Լրահոս
Օրվա լրահոսը

«Քաղաքական գործիչներին խորհուրդ կտայի հաճախ ներկա գտնվել դասական համերգների»

Հուլիս 25,2014 14:10

Խաչատրյանական տրիոյի թավջութակահար Կարեն Քոչարյանը՝
«բարության» չափաբաժնի մասին

Երեւանում հունիսի 4-ին մեկնարկած, ավելի քան մեկ ամիս տեւած Հենրի եւ Գերոնտի Թալալյան եղբայրների անունը կրող ալտի ու թավջութակի ավանդաբար անցկացվող միջազգային փառատոնի (գեղարվեստական ղեկավար՝ թավջութակահար, Երեւանի կոնսերվատորիայի դոցենտ Արամ Թալալյան) դրական արձագանքները դեռեւս չեն լռում: «Առավոտը», շփվելով արտերկրյա ու հայաստանցի մասնակիցների, հանդիսատեսի եւ մասնագետների հետ, արձանագրեց մի կարեւոր փաստ. 5-րդ անգամ անցկացվող այս փառատոնն ինքնադրսեւորման հնարավորություն է ընձեռել շնորհալի երիտասարդ կատարողներին, նպաստել հայկական ժամանակակից կամերային երաժշտության քարոզչությանը եւ ընդլայնել ստեղծագործական շփման դաշտը, ստեղծելով յուրօրինակ վարպետության դասեր մեր եւ դրսի երաժիշտների միջեւ: Օրինակ, ռուս ճանաչված ալտահար Մաքսիմ Նովիկովը առաջին անգամ համագործակցեց Արամ Խաչատրյանի անվան դաշնամուրային տրիոյի հետ, որը փառատոնային օրերին մեկ երեկո ընդարձակ ծրագրով ելույթ է ունեցել: Ալտահարի մենահամերգի ավարտին նրան միացած խաչատրյանական տրիոն (դաշնակահար՝ Արմինե Գրիգորյան, ջութակահար՝ Կարեն Շահգալդյան, թավջութակահար՝ Կարեն Քոչարյան) հնչեցրեց Պավել Կարմանովի «Cambridge Music»-ը՝ գրված դաշնամուրային կվարտետի համար: Իսկ կայացած փառատոնի ամենամեծ ձեռքբերումը, միանշանակ, մեզանում եւս մեկ անգամ կամերային երաժշտության հանդեպ ինչպես երաժիշտների, այնպես էլ հանդիսատեսի շրջանում հետաքրքրության խթանումն էր:

Մեզ հետ զրույցում Խաչատրյանի անվան դաշնամուրային տրիոյի թավջութակահար Կարեն Քոչարյանը (լուսանկարում) հայտնեց, թե տրիոյի երաժիշտները գալիք ուսումնական տարվանից կդասավանդեն կոնսերվատորիայում, որ տրիոյի երաժիշտները դրա համար ունեն շուրջ 7 տարվա փորձառություն: Մանրամասնելով՝ ասաց. «Հայաստանյան երաժշտական կրթօջախներում մենք հաճախ ենք հանդես գալիս վարպետության դասերով, ավելին՝ այդ գործընթացում մեր մարտավարությունը տվել է իր ցանկալի արդյունքները: Իսկ դասավանդելով կոնսերվատորիայի կամերային երաժշտության ամբիոնում, կձգտենք, որ մեր դասարանի ուսանողները հնարավորինս ավելի շատ ուսումնասիրեն երաժշտական կամերային գրականություն եւ տարվա ընթացքում գոնե 1-2 համերգով ներկայանան ունկնդրին»:

Թավջութակահարի հավաստմամբ՝ ցանկացած երաժիշտ-մենակատար, որը չունի կամերային կազմի անսամբլներում նվագելու փորձ եւ համապատասխան գիտելիքներ, բարձրարվեստ մենակատար չի կարող լինել: «Կամերային անսամբլում ստեղծագործելը երաժշտին դարձնում է ավելի ուշադիր, հանդուրժող, զիջող, այն պարզ պատճառով, որ դու մենակ չես եւ միանձնյա որոշումներ չես կարող կայացնել…»,- հավաստիացրեց մեր զրուցակիցը: Նաեւ պատասխանելով այդ մասին մեր հարցին, հավելեց. «Առհասարակ, քաղաքական գործիչներին խորհուրդ կտայի հաճախ ներկա գտնվել դասական երաժշտության համերգների, նույնիսկ եթե նրանց համար դժվարամարս է այդ երաժշտությունը: Յուրաքանչյուր դասական երկ իր մեջ պարունակում է բարություն, հետեւաբար ունկնդիրն էլ, անկախ պատրաստվածության աստիճանից, ստանում է բարության իր չափաբաժինը»:

Կարեն Քոչարյանն ընդունում է դասական արվեստի երաժիշտների համագործակցությունը շոու-բիզնեսի ներկայացուցիչների հետ, ինչը վաղուց ընդունված է աշխարհում, որն արտահայտվում է, ասենք, լավագույն նվագախմբերի, ռոք կամ փոփ աստղերի համագործակցությամբ: Այսուհանդերձ, մեր զրուցակիցը գտնում է, որ նման համագործակցությունը պետք է լինի չափի մեջ: «Շուրջ կես դար առաջ իրական աստղեր էին, օրինակ, ջութակահարներ Եհուդի Մենուհինը, Դավիդ Օյստրախը, թավջութակահար Մստիսլավ Ռոստրոպովիչը, դիրիժոր Հերբերտ Ֆոն Կարայանը… Հիմա ժամանակները փոխվել են, եւ մարդիկ ձգտում են լսել դյուրամարս ստեղծագործություններ, իսկ մեր օրերում աստղեր են ոչ թե դասական արվեստի, այլ շոու-բիզնեսի ներկայացուցիչները: Իրականությունը սա է, որից փախչել չենք կարող եւ չենք էլ կարող կանխատեսել, թե, ասենք, կես դար հետո կփոխվի՞ այս իրավիճակը: Մեր տրիոյի մոտ էլ կա մտահղացում համագործակցելու հայաստանյան շոու-բիզնեսի ներկայացուցիչների հետ»,- հայտնեց թավջութակահարը: Ինչ վերաբերում է իր՝ իբրեւ մենակատարի գործունեությանը (իբրեւ մենակատար հազվադեպ ենք հանդիպում), Կարեն Քոչարյանը բացատրեց զուտ ժամանակի սղությամբ: Նա նշեց, որ զբաղվածությունը մեծ է ոչ միայն տրիոյում, այլեւ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբում, ինչպես նաեւ հաճախակի են համերգային ուղեւորությունները:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
24.07.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031