Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչ հարցեր են քննարկել Հանրային խորհրդի անդամները Սերժ Սարգսյանի հետ

Հուլիս 25,2014 17:09

Ձեզ ենք ներկայացնում ս.թ. հուլիսի 24-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ Հանրային խորհրդի հանդիպմանը քննարկված հարցերը:

1. Արտագաղթի իրական չափերը, պատճառներն ու հետևանքները:

ՀԽ մտահոգված է արտագաղթի չափերով (բնակչության բնական աճը գերազանցող), որը հարվածում է երկրի անվտանգությանը, իսկ անընդհատ շարունակվելու դեպքում` հարցականի տակ կարող է դնել հայկական պետության հետագա գոյությունը:

Արտագաղթի պատճառները և՛ իրական են, և՛ հոգեբանական:
Դրանք են`
• աշխատատեղերի ոչ բավարար քանակը և եղած աշխատատեղերի մեծ մասի ոչ բավարար վարձատրությունը,
• սեփական բիզնես սկսելու բարդությունները կապված օրենքների անկատարության, հավասար մրցակցային պայմաններ չապահովելու, փոքր շուկայի հետ,
• բարեկեցիկ պայմաններում ապրելու բնական ձգտումը (առկա է նաև տեղեկատվության պակաս արդեն մեկնածների իրական կարգավիճակի մասին),
• անավարտ պատերազմը,
• օրենքի անխուսափելի կիրառման իրական կամ թվացյալ բացակայությունը բոլորի համար անխտիր,
• խուճապային տրամադրություններ սերմանող ներքին և արտաքին քարոզչությունը, որը հանգեցնում է երկրի ապագայի նկատմամբ վստահության բացակայությանը` նպաստելով երկրից արտագաղթելու հոգեբանական վիճակի ձևավորմանը:
2. Եվրասիական Միությանը Հայաստանի անդամակցության հետ կապված հարցը:
ՀԽ համամիտ է Հայաստանի ԵՏՄ-ին անդամակցության անհրաժեշտության հետ` ելնելով անվտանգության հարցերից, ինչպես նաև գիտակցելով, որ տնտեսության որոշ ոլորտների համար միջնաժամկետ հեռանկարի տեսանկյունից այդ անդամակցությունը շահավետ է և չունի այլընտրանք:

Քանի որ ԵՏՄ նոր է սկսել ձևավորվել, ուստի Հայաստանի անդամակցության որոշումը.
• հնարավորություն է տալիս մասնակցել ԵՏՄ ստեղծման գործընթացներին,
• Հայաստանին կենսական նշանակություն է հաղորդում ներկայումս սկիզբ առած նոր, բազմաբևեռ աշխարհակարգի ձևավորման պայմաններում ավելի խորը և լայնածավալ ներգրավվածությունը ինտեգրացիոն գործընթացներին:

Ինչպես պետությունների ամեն մի դաշինքում (առավել ևս սկզբնական շրջանում), այս դեպքերում էլ տվյալ պետությունների շահերի միջև գոյություն ունեն բնական հակասություններ: Հետևաբար`
• ԵՏՄ հնարավորությունները լավագույնս օգտագործելու նպատակով անհրաժեշտ է ակտիվ լինել նրա կառույցների ստեղծման աշխատանքներում, ինչը հնարավորություններ կտա ստեղծելու մեխանիզմներ շահերը ներդաշնակելու ու հակասությունները մեղմելու համար,
• Դաշինքի բոլոր անդամ երկրների հետ հարկավոր է ակտիվորեն խորացնել նաև երկկողմ հարաբերությունները,
• Պետք է մեծացնել ՀԿ-ների, ինչպես նաև հասարակության տարբեր շերտերի դերը ԵՏՄ ինտեգրացիոն գործընթացներում, օգտագործել ՀԽ դերակատարումը:
• ՀԽ կողմնակից է ավելի համակարգված ձևով զուգահեռ իրականացնել մերձեցում արևմտյան կառույցների, առաջին հերթին Եվրամիության հետ` խորացնելով Հայաստանում դրանից բխող բարեփոխումները բոլոր այն դեպքերում, որոնք չեն հակասում ԵՏՄ-ի անդամակցության գործընթացին:

ՀԽ առաջարկում է մշակել ՀՀ արտաքին քաղաքականության նոր հայեցակարգ, որը հիմնված կլինի ազգային ինքնության առանձնահատկությունների վրա և կօգտագործի “Small Smart State” մոտեցման տարրերը:

3. Սահմանամեձ գոտու ամրապնդումն ու անվտանգության ապահովումը:

Դիպուկահարների կրակոցները սահմանի վրա, դիվերսիոն խմբերի ներթափանցումը մեր սահման ցույց են տալիս, որ անհրաժեշտություն կա ոչ միայն սահմանը ամրացնել ժամանակակից տեխնիկական միջոցներով, այլ նաեւ պետք է արձանագրել, որ առանց սահմանամերձ գոտու բնակչության ներգրավման, հնարավոր չէ ապահովել սահմանի պատշաճ պաշտպանությունը:

Առաջանում է երկու կարեւոր խնդիր.
• Սահմանամերձ գոտու բնակիչներից կամավորական սկզբունքով կազմել զինված ստորաբաժանումներ, որոնք անհրաժեշտության դեպքում կարող են օժանդակել սահմանապահ զինվորական ստորաբաժանումներին, ապահովել բնակչության անվտանգությունը:
• Ստեղծել բարենպաստ պայմաններ, որպեսզի սահմանամերձ գոտուց կանխվի արտագաղթը: Դրան պետք է նպաստեն այն լրացուցիչ արտոնությունները, որոնք պետք է տրվեն այդ գոտու բնակիչներին:

Արտոնությունները պետք է լինեն ոչ միայն սոցիալական (առողջապահություն. կրթություն, թոշակներ), այլեւ արտոնություններ, որոնք կնպաստեն սեփական աշխատանքով բարիքներ ստեղծելուն, զարգանալուն եւ այդ հողի վրա ապրելուն (հարկերի նվազում` ընդհուպ վերացում, չնչին տոկոսադրույքներով վարկավորման ֆոնդերի ստեղծում, գյուղատնտեսության պետական կամ փոքր գումարներով ապահովագրություն և այլ):
Վերջին տարիներին առանձին որոշումներով սահմանամերձ գոտու բնակչության նկատմամբ կիրառվել են որոշ արտոնություններ: 2013թ. Կառավարությունը հաստատել է մի ծրագիր, որով սահմանամերձ վտանգավոր գոտու համայնքների բնակիչները ազատվեցին հողի հարկից, իսկ ոռոգման ջրի դիմաց վճարում են 50%-ի չափով: Մասնակի ծրագրեր են իրականացվում տարբեր նախարարությունների կողմից:
Առանձին շատ կարևոր որոշումներ էլ դադարել են գործելուց: 2001թ. Կառավարության N773 որոշմամբ հաստատվել է պաշտպանված դպրոցների ցանկ, որոնք ֆինանսավորվել են` անկախ երեխաների թվաքանակից: Այդ որոշումը ուժը կորցրած է ճանաչվել 01.01.2007թ., որի արդյունքում սահմանամերձ գոտու շատ դպրոցների աշակերտների թվի սակավության պատճառով ֆինանսավորումը կատարվում է ավելի պակաս, քան փաստացի կազմում են անհրաժեշտ ծախսերը:

Անհրաժեշտ է, որպեսզի կառավարությունը մշակի համապատասխան ծրագիր, որն ընդգրկի բոլոր բնագավառները, և որ ամենակարևորն է` սահմանամերձ գոտու բնակիչները զգան դրա արդյունավետությունը, ինչը կնպաստի բնակիչների սահմանամերձ գոտում ամրապնդմանը:

4. Անկախության տարիներին հանքերն օգտագործման իրավունքով տալու և դրանց շահավետության մասին հարցը:

Ընդերքի ոչ ռացիոնալ օգտագործման էքստենսիվ զարգացումը զգալի վնաս է հասցնում էկոհամակարգերին և ազգաբնակչության առողջությանը, իսկ արդյունահանված հումքը դուրս է բերվում երկրից` մինիմալ տնտեսական օգուտ տալով երկրին, իսկ առաջացած թափոնների համար համապատասխան վճարներ նախատեսված չեն:

Ստեղծված իրավիճակը զգալի հարված է հասցնում նաև տնտեսության մյուս ճյուղերին` հատկապես գյուղատնտեսությանը և տուրիզմին, ակտիվանում են սողանքները` վնաս հասցնելով կոմունիկացիաներին և բնակավայրերին:

Մի շարք մետաղական հանքեր առանց բիզնես պլանների, առանց համապատասխան ֆինանսական միջոցների ապահովման տրվել են օգտագործման ՀՀ քաղաքացիներին: Հաշվի առնելով ՀՀ Սահմանադրության Հոդված 10-ի դրույթները` հարկավոր է հատուկ ուսումնասիրել այդ հանքերի` պետական շահերից բխող օգտագործումը և դրանց շահագործման նպատակահարմարությունը, քննել որոշ հանքերի վերավաճառքի արդյունքում արդեն ստացված կամ ապագայում ստացվելիք չարդարացված գերշահույթները:

Անհրաժեշտ է վերանայել օրենքով նախատեսված բնապահպանական վճարները, ինչպես նաև մշակել այլ վարչաիրավական և տնտեսական մեխանիզմներ, որոնք կխթանեն.

• արդյունաhանված հումքի համալիր օգտագործումը և դրա մշակման աստիճանի բարձրացումը հնարավորին չափով վերջնական արտադրանք ստանալու նպատակով,
• պոչամբարների օգտագործումը որպես հումքի տեխնոգեն սկզբնաղբյուր,
• օգտագործած հանքերի տարածքներում ռեկուլտիվացիոն աշխատանքների իրականացումը:

Նպատակահարմար է նաև վերանայել նոր տրված արտոնագրերի պայմանները` ապահովելով այդ հանքերի շահագործումը փակ եղանակով, ինչպես նաև մտցնել հարկ արտադրված թափոնների համար:

5. Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հարցը:

Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը հարվածում է հասարակության, սոցիալապես անապահով շերտին, իսկ տեղական արտադրությունը դարձնում էլ ավելի անմրցունակ:
ՀԽ քննարկումների ընթացքում ձևավորվել է այն համոզմունքը, որ էներգետիկ հզորությունների գործող համակարգը ոչ բավարար չափով է արդյունավետ, վերահսկելի ու թափանցիկ: Վերը նշվածի հետևանքով առաջացած թերություններն ու սխալները հանգեցրել են էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման անհրաժեշտությանը: Միևնույն ժամանակ, առաջացած խնդիրները հնարավոր կլիներ լուծել այլ ճանապարհով:
ՀԽ առաջարկում է ՀՀ Նախագահի գլխավորությամբ և Հանրային խորհրդի, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության, ՀՀ կառավարության, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի, մասնագետների մասնակցությամբ հրավիրել խորհրդակցություն` քննարկելու էներգետիկայի զարգացման հեռանկարները և սակագների ձևավորման հարցերը:

6. Կուտակային կենսաթոշակների համակարգի ազդեցությունը ուսուցիչների, առողջապահության համակարգում աշխատողների, ինչպես նաև մի շարք այլ բյուջետային աշխատողների սոցիալական վիճակի վրա:

Համոզված լինելով Հայաստանում կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման անհրաժեշտության հարցում` Հանրային խորհուրդը 2013թ. վերջին ներկայացրել էր իր առաջարկությունները վերը նշված համակարգի վերաբերյալ: ՀԽ համոզմամբ այդ առաջարկությունները պետք է նպաստեին հասարակության դժգոհության մեղմացմանը և բարձրացնեին այդ համակարգի կիրառման նկատմամբ վստահությունը: Այդ առաջարկությունների մի մասը հաշվի առնվեց օրենքի նոր տարբերակում, ընդ որում` դրա Սահմանադրությանը համապատասխանելու հարցը ՀԽ կողմից չի քննարկվում:
Սակայն հասարակության ամենախոցելի շերտը` կրթության, գիտության, մշակույթի և առողջապահության համակարգում աշխատողները, ինչպես նաև մի շարք բյուջետային աշխատողներ մնում են սոցիալապես անմխիթար վիճակում, քանի որ վերջիններիս աշխատավարձերի չնչին բարձրացումը չի փակում սննդի գների բարձրացումը, կոմունալ ծախսերի ավելացումը և դրան ավելացած կուտակայինի 5%-ը:
Տվյալ օրենքի շրջանակներից դուրս հարկավոր է ձեռնարկել լրացուցիչ միջոցառումներ` այդ շերտի վրա առաջացող սոցիալական բեռը մեղմելու ուղղությամբ:

7. ՀՀ Սահմանադրության բարեփոխումների հետ կապված հարցը:

Հանրային խորհուրդն իր լիագումար նիստում ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահի մասնակցությամբ քննարկել է ՀՀ Սահմանադրության մեջ բարեփոխումների նախագիծը, ներկայացրել որոշակի առաջարկություններ, որոնց մի մասն ընդունվել է նախագծի հեղինակների կողմից:

ՀԽ համաձայն է այն գաղափարի հետ, որ ժամանակ առ ժամանակ անհրաժեշտություն է առաջանում սահմանադրության մեջ իրականացնել փոփոխություններ, և այդ տեսանկյունից` ՀՀ Սահմանադրությունը նույնպես հարկավոր է բարեփոխել` մասնավորապես կապված իրավունքի գերակայության, մարդու և քաղաքացու իրավունքների ու ազատությունների ապահովման հետ:

Մեր կարծիքով, Սահմանադրական բարեփոխումների առաջարկվող նախագծի դրույթը, երբ ՀՀ Նախագահը ընտրվում է ՀՀ ԱԺ-ի կողմից, «հեղափոխական» փոփոխություն է: Այդ հարցը վիճելի է և պահանջում է լուրջ հիմնավորում:

ՀԽ կարևորում է նաև հիմնավոր պատճառաբանությունների և հիմնավորումների ներկայացումը ՀՀ Սահմանադրության մեջ դատական համակարգը եռաստիճանից երկաստիճան դարձնելու վերաբերյալ (կլուծի՞ դա առաջ եկած խնդիրները;

Սահմանադրական դատարանը մասամբ վերցնելու՞ է իր վրա վճռաբեկ դատարանի դերը), ինչպես նաև տարածքային կառավարման և համայնքային ինքնակառավարման նոր սկզբունքների կիրառման վերաբերյալ (մասնավորապես, նախատեսվու՞մ է, արդյոք, մարզպետների ընտրությունների անցկացում ուղղակի եղանակով` ժողովրդի կողմից):

Անհրաժեշտություն կա նաև քննարկել ՀՀ Սահմանադրության փոփոխությունների մեջ Հանրային խորհրդի սահմանումը ներառելու հարցը` առավել ևս, որ դա համահունչ է ժամանակակից աշխարհում առկա գործընթացներին, երբ հասարակության ակտիվությունը քաղաքական դաշտից տեղափոխվում է հանրային դաշտ:

Արձագանքելով հասարակության լայն շերտերի պահանջներին` Հանրային խորհուրդը քննարկումներ է անցկացրել “կարմիր գծերի” օգտագործման վերաբերյալ: Քննարկման խնդիրները հետևյալն էին.

• այս ոլորտում պետական և մասնավոր հատվածների մասնակցության անհեթեթ և անհասկանալի համամասնությունը,
• տեխնիկական սպասարկման տարրական պահանջների բացակայությունը;
• քաղաքացիների անձնական հաշիվների վրա ոչ համաչափ կալանք դնելը:
Գոհունակությամբ պետք է նշենք, որ բարձրացված հարցերը մտել են լուծման փուլ և Հանրային խորհուրդը ուշադրությամբ հետևելու է խնդրի հանգուցալուծման ընթացքին (անհասկանալի է մնում այն, թե ինչո՞ւ չէր կարելի ի սկզբանե կիրառել համաշխարհային պրակտիկայում ընդունված և գործող չափանիշները):
Հանրային խորհրդի հետ համաձայնեցված հարցերի ցուցակի հետ մեկտեղ, ՀԽ երեք անդամներ սեփական նախաձեռնությամբ ցանկություն են հայտնել բարձրացնել հետևյալ հարցերը.

1. ՀԽ անդամ, ՀԽ կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության ու սպորտի հարցերի հանձնաժողովի նախագահ Արտուշ Ղուկասյան

Հայոց Արևելքի (Հյուսիսարևելյան Հայաստան և Արևմտյան Մերձկասպյան տարածք) մշակութային ժառանգության համակարգված հավաքագրման, ուսումնասիրման և պատշաճ ներկայացման համար (վիրտուալ թանգարանի ստեղծում):

2. ՀԽ անդամ, ՀԽ քաղաքացիական հասարակության կայացման հարցերի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Հովհաննիսյան:

Դատական համակարգի գործունեության մեջ տեղ գտած թերությունների, հանրային կարծիքում բացասական արձագանքների, ինչպես նաև պետական հաստատությունների գործառույթներում խոչընդոտների առաջացման վերաբերյալ (կոնկրետ դեպքի օրինակով. Դատական գործ` ՎԴ/2951/05/13):

3. ՀԽ անդամ, ՀԽ տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի հանձնաժողովի նախագահ Կորյուն Առաքելյան:

Շնորհալի պատանիներին ու աղջիկներին աջակցելու մշակույթի հիմնադրամ ստեղծելու մասին:

ՀԽ անդամները ՀՀ Նախագահի հետ քննարկել են նաև Հանրային խորհրդի ապագա գործունեության և կատարվելիք փոփոխությունների հետ կապված հարցերը:
ՀՀ Հանրային խորհրդի մամուլի պատասխանատու
Անի Գասպարյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031