Լրահոս
Օրվա լրահոսը

Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագծի հանրային քննարկմանը հիմնականում պետական ծառայության աշխատակիցներն էին ներկա. (Տեսանյութ)

Հուլիս 25,2014 17:27

Այսօր Սյունիքի մարզպետարանում կայացած սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագծի հանրային քննարկմանը ներկա էին հիմնականում մարզպետարանի աշխատակիցներ, մարզի տարբեր համայնքների ղեկավարներ, համայնքապետարանի աշխատողներ, իսկ հասարակ քաղաքացիների ներկայությունը նկատելի չէր դահլիճում:

ՀՀ նախագահին կից սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամներ Գեորգի Կուտոյանը և Վարդան Պողոսյանն անդրադարձան սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի առավել կարեւոր հատվածներին:

Georgi KutoyanՊարոն Կուտոյանը խոսեց սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտության հարցի, հայեցակարգի մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքների, դատական իշխանության եւ սոցիալական պետության հիմնախնդիրների մասին: Նրա խոսքով` այսօր անհրաժեշտություն կա ուժեղացնելու մարդու իրավունքների եւ ազատությունների սահմանադրական պաշտպանությունը: «Սոցիալական պետության մասով սահմանադրական բարեփոխումները կամրագրեն ծերերի, գործազուրկների, հաշմանդամների եւ այլ կարիքավորների սոցիալական վիճակը բարելավելու սահմանադրական հիմքերը», – նշեց պարոն Կուտոյանը:

Իսկ Վարդան Պողոսյանն անդրադառնալով կառավարման, ընտրական համակարգերին, հանրաքվեի եւ տեղական ինքնակառավարման հիմնախնդիրներին` նշեց, որ այսօր շատերը չեն ցանկանում տեսնել այն օբյեկտիվ իրականությունը եւ դրանից բխող փոփոխությունների պահանջը, որն իսկապես առկա է երկրում:

«Սխալ է այն տարածված կարծիքը, որ սահմանադրական հանձնաժողովը պառլամենտական կառավարման համակարգին անցում կատարելու որոշում ունի արդեն: Նման որոշում սահմանադրական հանձնաժողովը չունի, վերջնական որոշումը չկա դեռ: Սահմանադրական հանձնաժողովի նախընտրությունը կամրագրենք մինչեւ հոկտեմբերի 15-ը, քանի որ հոկտեմբերի 15-ը սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը նախագահին ներկայացնելու վերջնաժամկետն է: Մենք հայեցակարգում նշել ենք, որ անհրաժեշտ է վերկուսակցական նախագահ, որը վեր է կանգնած քաղաքական բախումներից եւ հետեւում է երկրի մայր օրենքի պահպանմանը: Հետեւաբար, պառլամենտական համակարգում մենք ունենում ենք բավականին շատ առավելություններ, որոնք գերակշռում են այն առավելություններին, որոնք կան կիսանախագահական կառավարման համակարգում», -ասաց պարոն Պողոսյանը եւ մանրամասն խոսեց նախագահական, կիսանախագահական եւ խորհրդարանական կառավարման համակարգի դրական եւ բացասական կողմերի մասին:

Հանրային քննարկման ժամանակ կարծիք հնչեց, որ որքան էլ փոփոխություններ կատարվեն եւ որքան էլ կատարյալ լինեն այդ նորմերը, ներկայումս ժողովուրդը կատարյալ երկրում չի ապրում: Եվ այսօր ավելի շատ կարիք կա կատարյալ նորմեր ձեւավորելու փոխարեն` առաջին հերթին համապատասխան մշակույթ ձեւավորել հանրության շրջանում:

«Կառավարման համակարգի, մարդու իրավունքների եւ շահերի պաշտպանության հետ կապված` մենք ունենք բազմաթիվ հարցեր, որոնք այսօրվա եւ նախկին սահմանադրությամբ ամրագրված են եղել, բայց չեն գործել, խախտվել են բազմաթիվ մարդկանց իրավունքները, մենք այս սահմանադրական բարեփոխումների արդյունքում կունենա՞նք այնպիսի սահմանադրություն, որ կբացառի ընդհանրապես, ցանկացած իրավունքի խախտում», – մասնագետներին դիմելով` հարցրեց Սյունիքի մարզպետարանի իրավաբանական բաժնի պետ, իրավաբան Կառլեն Կոզմանովը:

Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանն էլ նշեց, որ Սահմանադրությունը եւս օրգանիզմ է եւ պարբերաբար փոփոխության կարիք ունի: Նա նաեւ դրական գնահատեց բարեփոխումների հայեցակարգի վերաբերյալ նման ձեւաչափով հանդիպումները:

 

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031